Sunday, November 04, 2012

Վահե ԱՐՍԵՆ [Ամենը եղել է մեզ հետ…]

Ամենը եղել է մեզ հետ…


Փարիզը երբեք նոր չի լինում...
(կամ` իմ Փարիզը...)

քամին խաղաթղթերը դուրս հրեց
Էլդորադո հյուրանոցի քնկոտ պատուհանից
ամեն թուղթ, որ թվամարդու խորհրդանիշն էր-
թռչուն դարձավ մինչ ավարտն անկման
եւ վեր սահեց դեպի Արեւ...
կարծես հրվելով նույնանուն փողոցի
դե Դամ բիստրոյի ալ-կարմիր տանիքից,
որի տակից լսվում էր մեր երեկվա անկիրթ քրքիջը...
- դու գրկում ես ինձ հիմա, եւ թիկունքիս
սրբիչիդ խոնավությունն եմ
զգում...

Փարիզը երբեք նոր չի լինում, նա մեր նման է...
այս քաղաքում ամեն ընկնող մարմին– 
դառնում է թռչուն...
հիշում ես թոքաբորբդ վրահաս,
եւ իմ բաճկոնը քո ուսերին,
որ տեղյակ չէր ոչ թոքաբորբից,
ոչ  սիրուց...

Փարիզը նոր չի լինում...
դողէրոցքդ բերել էինք հին քաղաքից,
եւ այստեղ,
անձրեւի տակ թվում էր
պատճառ չկա նույն դողէրոցքն ապրելու համար...
ջուրը չմաքրեց հետքերը մեր
անգամ այստեղ...
մեր Փարիզում, ուր
Հեմինգուեյի մոմե արձանի հետ գարեջրելով`
դու բուժեցիր վերքերը հին, բայց կրկնվող...
եւ մետրոն կրկին քեզ մոտեցավ
որպես մերձավոր անանձնագիր...

Սենայի ափի հնամաշ խճուղին
սովորական էր մեզ թվում,
կարծես ընտրում էինք հարթտակ կոշիկ - 
ոտքին հարմար...
էժան մի բան...
տարակուսանքը հզոր սահման է...
սեւ-սպիտակ ամպերի լույսի ներքո
Էյֆելը չռել էր իր հուժկու ոտքերը,
պատրաստ - տրվելու մեզ
հավերժի մեջ...

Փարիզը երբեք նոր չի լինում...
օդի մեջ ալկոհոլի եւ անհայտ ծաղիկների
հոտերը խառնվել էին իրար,
դիմահար շենքերը սերն էր վարարել,
փաղաքշել ասես տեր որոնող շան...
ես մոռացա վախերն ու ներկան իմ,
այն ամենն, ինչ արյունիցս էր ծնվել
եւ կայուն էր թվում
խոհանոցիս պատի նման...
դե Դամ բիստրոյի թանաքագույն երաժշտության ներքո
քո ջերմությունը բարձրացավ կրկին
մինչեւ երկինք եւ արարում…
եւ մեր լուսավոր համարում պատճառը չգտնելով,
մենք դուրս սահեցինք ինչպես
երկու քամի-հակամարտող
լցվեցինք ցնցելով Տ3 կոչվող մորեխանման գնացքը
եւ սուրացինք դեպի Մոնսուղի պուրակը 
- պատճառներ որոնելու...

մերն է քաղաքն այս արդեն շաա՜ատ վաղուց,
անգամ գիշերն անզոր է հակառակը պնդել...
Փարիզի գիշերային փափկության մեջ
ծղրիդները թմրադեղ են կաթեցնում մեր սրտերի մեջ,
եւ մեր մարմինը թռթռում է նրանց երգի փխրուն ռիթմով...
փողոցային խեղկատակները
հսկիչներն են ծանրացող մթնշաղի,
ոսկեզօծ արձանները թնդանոթներ են ահարկու եւ պրկված,
բզզեզները բոլոր այժմ կպայթեն հրավառությամբ...
միայն մեզ համար...
պայթյունի էպիկենտրոնում ես կկլանեմ
սառնությունն ու վախը շուրթերիդ -
իմ շուրթերով... 

...հինն ու նորը անտեսելով
ծխի քուլան ծածկում էր համայն Եվրոպան,
մեր ինքնաթիռը մինչ ծնկները թաղվել էր
ամենակուլ-արարչագործիք հողի մեջ...
եւ չարախնդում էի ես մտահոգ կնճռախաղիդ ներքո -
նրա մետաղե էությունը...

Փոշամպի մեջ գետաձի էր ուրվագծվում
եւ թեւեր սարքեցինք կողքի քուլաներից`
պատկերն արժանահավատ դարձնելու համար -
փոշին վաղուց աճյուն էր,
կամ աճյունն էր փոշի ձեւանում եւ աղում էր
մեր գլխին կանխորոշումները
ճակատագրի...

անդիմադրելի այս փոշին հնեցնում էր Փարիզը ծիրանի
տակառի նման...
հիշեցի քո ստվերը - մեքենաների կողքին
բազալտե մանրահատակին
ալիքվող...
մտովի թեւիցդ կտրուկ ետ քաշեցի - փրկելով...

սրբիչիդ խոնավությունը մարմին էր դառնում…

Շառլ դը Գոլի օդանավակայանում
հետաձգված էր ամեն ինչ -
բացի սիրուց...
այն հառնեց ինչպես փյունիկ մեզ`
արդեն Պոմպեյի բնակիչներիս համար,
բայց Փարիզը երբեք նոր չի լինում...
նա գրկում է քեզ հին-հարբած ընկերոջ պես,
եւ նրա ախտահանված համբույրն անգամ
հաճելի է դառնում...

պրոտոնների բախումից ոչինչ էլ չեղավ,
ամբողջացանք մենք միայն ցերեկային լույսի երերուն
շարժման մեջ,
մոռանալով էլեկտրական տեսիլքի քաղաքը նոր...
ավտոբուսը կուլ գնաց մեր համբույրի
խեւ անցքին...
մենք նայում էինք հեռացող լույսերի
հյուծվող ջերմությանը,
զարմանում ժամանման ճշգրտության եւ սառնության վրա...
այդ երթուղին մեզ համար չէր...

Նստարանի կողքին ինչ-որ բան շարժվեց, գռմռաց եւ
հասկացա, որ մուրացկանը ազգությունն իր
կորցնում է բնակարանի հետ,
անգամ Փարիզում...
Էլդորադո՜,
իմ Էլդորադո՜,
կարծես ճակատագիրն իմ - Պո եւ հյուրանոց էժանագին...
բոլորին անհայտ…

Փարիզը նոր չի լինում երբեք...
նարնջագույն հեռակապի գովազդի ներքո
(կարծես իմ Երեւանում)
մենք ասես ձուլված էինք երկնաքարից եւ
ստվերները մեր կուլ էին գնում
գրկախառնության այրվող զոդագծին...
եւ որոշեցինք վերջիններից վերջինը լինել...
հանուն սիրո...
դու ինձ համար վերջին պոռնիկն անհույս –
Շանզելիզեի կառամատույցներում,
ես` թագավորական արյունի վերջին,
վերջին արքայազնը հղփակյաց...
բայց սերը այդ ձգվեց դարեր - / - երկաթգծեր եւ անուններ... -
(ախ այս մասին արդեն գրել եմ)

սրբիչիդ խոնավությունը գետինն էր ճանկռոտում…

ամենը եղել էր մեզ հետ...
մեզնից հետո...
չկար ոչինչ մեզ նախորդող,
անգամ Փարիզը...
ցնորքն աճյունածածկ քաղաքների,
հաշվենկատ հեռապտույտը մոլորակների բոլոր,
եւ օդանավակայանը հնադարյան մոխրով ծածկված,
որ երկու օրից կրկին հառնելու էր մեր առաջ…

No comments: