Friday, June 07, 2013

ՄԵՏԱՔՍԷ: [Բաժանում կայ, որ արժէ իսկապէս]


Բաժանում կայ, որ արժէ իսկապէս,
Հազար միացում,
Ինչպէս քոնն հիմա, ուր կայ եւ զղջում,
Եւ խղճի մորմոք, եւ արցունք ու ցաւ.
Եւ տարիների կորուստ կայ հարկաւ…
Գնում ես որպէս հեռացող մի վիշտ,
Եւ ոչ թէ պանդուխտ,
Որն ունի միշտ էլ տունդարձի ճամբայ…
Գնում ես որպէս փրկութեան մի ուխտ,
Տանելով քեզ հետ թուլութեանդ ողջ
Կարողութիւնը,
Որ իւրացնել չկարողացայ,
Չկարողացայ տանել կանացի
Ուսերով յոգնած
Տուածդ հարուստ տառապանքների
Գանձերը աղքատ,
Ուր ափսոսանքի մի ոսկի չկայ…
Առ տար, տար քեզ հետ
Քո սիրուց շահած կուտակումներս,
Որ պատկերով լի յոյսեր են փշրած,
Փթթած յոյզեր են` մախաղներով լի
Ու քուրձեր` լցուած հաւատով դատարկ…
Տար քեզ հետ բարձած խեղճ տարիներիս
Վագոնները ձիգ,
Որ բերնեբերան լցուած են ցհագ
Յուսախաբութեամբ…
Ես գիտեմ, որ մեր ճակատագրում
Լաւատեսութեան ոչ մի շոքեքարշ
Չի շարժի տեղից այդ գնացքը բութ,
Քանզի շուռ կը գայ ուժասպառութեան
Երկաթգծերին
Ու կը կործանուի հիասթափութեամբ…
Առ տար, տար քեզ հետ բեռները սիրուդ,
Որ չհանգուցուեն կեանքիս վթարին,
Ու ծանրանալով աճիւնիս հոգուն
Այն աշխարհում սեղմ
Կտրեն շիրիմիս շունչը հողեղէն…
Տար սիրտս, առ տար,
Սէրն ունի հզօր նախազգացում,-
Բաժանումներ կան որ արժեն հազար
Մահ ու միացում…

No comments: