Showing posts with label Arusyak Ohanyan. Show all posts
Showing posts with label Arusyak Ohanyan. Show all posts

Monday, May 12, 2008

Արուսյակ Օհանյան:ՄԻՇՏ

Ես ուզում եմ սիրել քեզ միշտ,
Ձմռան ցրտին, ամռան տապին,
Սիրել հավերժ, սերս խառնել
Աշնանաթոր տերևաթափին,
Ուզում եմ քեզ սիրել այնպես,
Որ ձյուները մերկ սարերի
Արև առնեն, ու մաքրատես
Առուն էլի լուռ երակվի,
Ուզում եմ քեզ այնպես սիրել,
Որ զարթոնքը գարնանաբեր
Հյուսի սիրո նոր հորովել,
Ու աշունը այն ձյունաբեր
Չհիշի, որ ձմեռն է ճամփա ընկել,
Ու խաշամը իր ձեռքերի
Այնպե˜ս թեժ է հոգեվարքել,
Որ ճյուղերը մերկ ծառերի
Գարունով է հանկարծ ներկել:


Արուսյակ Օհանյան

Wednesday, April 30, 2008

Արուսյակ Օհանյան:ԼՈՒՅՍ Է ՍԵՐՍ

Սերս լույս է, գույն չունի,
Սերս օր է, ձև չունի,
Սերս սիրուդ խմորումն է ,
Անսահման է, չափ չունի,
Արևածիր քո հոգին է,
Կշիռ անգամ սերս չունի,
Սերս ձեռքիդ նուրբ հպումն է,
Չունի հստակ հատկանիշ,
Սերս` միակ, անօրինակ,
Բացառում է հոմանիշ,
Սերս կարգի անկարգություն
Ու սահմանման հակասում է,
Հոգեպարար քո ձայնն է այն,
Որ անզորիս հակասում է,
Սերս լույսն է քո աչքերի,
Մայրամուտն ու այգաբացն է,
Մեր երկուսի պարզ բարդության
Հորինվածքն է,
Բարդ պարզության խիտ մանվածքն է,,.
Սերս` անզոր քո ջերմ գրկում,
Սիրուս թևով քեզ եմ գրկում
Ու հասկանում, որ աշխարհում
Գեթ ինձ համար ակնհայտը,
Ճիշտն ու լավը, բարին
Եվ կյանքում անհայտը
Քո անկշիռ ու անտեսակ
Հանելուկով վարակվելն է,
Անձև, անչափ, անօրինակ
Սիրուդ բուռն ելևէջով
Գայթակղվել- համակվելն է:
Ճիշտն ու բարին այս աշխարհում,
Բնակվում են քո աչքերում,
Եվ հոսում են ավիշիդ հետ,
Սիրտդ դարձնում ինձ առհավետ
Ձև ու չափի անհայտություն,
Տիեզերքի նոր հայտնություն:
Հիմա կասես` մի բուռ սիրտս` ի˜նչ տիեզերք,
Դա էլ պիտի պատասխանեմ.
Այն ինձ համար անչափելի օազիս է,
Եվ մեծ սիրո լայնատարած
Զմրուխտ եզերք:


Արուսյակ Օհանյան

Saturday, December 29, 2007

Arusyak Ohanyan: Անհրաժեշտություն

Click to hear
Անհրաժեշտություն read by Narine Karamyan.

Ինչեր որ ասես մենք չենք հորինել
Անսանձ, կիսասուտ այս մեծ աշխարհում`
Ձեվ ու բանաձեվ, չափ ու կանոններ,
Օ~, աստվածաշնչյան հինգ զույգ պատգամներ,
Տեղյա՞կ եք արդյոք, ստում ենք այնքան,
Որ երազներում, հոգնաբեկ, անմեղ ու անսուտ քնում
Մեր խիղճը արդեն քսանմեկ դար է, ինչ էլ չի քնում:
Ինչե~ր, որ ասես մենք չենք հորինել`
Ստի տիրույթում ճիշտը որոնել,
Ձեվ ու բանաձեվ, չափ ու կանոններ,
Օ~, աստվածաշնչյան ազնիվ պատգամներ,
Կուզեի շարվեք երկնի գմբեթում,
Ու հենց երկնքից, լուռ ու աստղատառ,
Բոլորիս հոգին մաքրելու համար
Մի աստվածամաղ, հեզ անձրեվ տեղար:

07.02.07

Copyright Arusyak Ohanyan

Friday, October 12, 2007

Արուսյակ Օհանյան: ՍԻՐՈ ՍԱՆԴՈՒՂՔՈՎ

Երեկ` ես տխուր, երեկ` ես մենակ,
Աշունը առած խեղճ ոտքերիս տակ`
Տուն եմ դառնում լուռ, հոգնաբեկ, տրտում,
Եվ մարում էր հիվանդ հոգիս քո կարոտում:
Երեկվա տխուր երկրապտույտում,
Ես չտեսա քեզ. երկնի կապույտում,
Աստղերը, թվաց` մեկ օր համրացան,
Ու լունախաղը ասես վերջացավ:
Ո՞ւր էիր երեկ. երկրապտույտում
Օրս ապրեցի դարից էլ երկար,
Ես քեզ չտեսա, դու երեկ չեկար:
Այսօր կողքիս ես. գնում ենք մոլոր,
Երկուսով կազմած մի փոքրիկ բոլոր`
Ու մեր այսօրվա երկրապտույտում,
Այն նույն աստղերը երկինի կապույտում,
Լուսնի հետ արդեն դրկից, հարևան,
Խոսքները արած բյուրավոր բերան,
Մաղում են բարձրից բամբասանքն իրենց,
Մինչդեռ լուսինը ծուլաբար քնեց,
Ու երազ տեսավ. իբրև դու և ես,
Երկար փողոցում, բոլորին ի տես,
Երկնաբարձ, անխախտ սիրո սանդուղքով
Բարձրանում ենք վեր և բոլորվում ենք
Նոր լուսաբացի մանուկ արևում,
Ուր աստղերն արդեն էլ չեն երևում…

29.09.07թ

Երբ կողքիս չես, համրանում եմ,
Տխրության մեջ ամրանում եմ
Ու կարկամում ժպիտիս մեջ:
Երբ կողիքս չես, ես տրտում եմ,
Անձայն, ունայն որոնում եմ
Աչքերը քո լույս ու անշեջ:
Երբ կոքիս չես, դատարկվում եմ,
Մութը հոգիս ծվատում է,
Փոթորիկ եմ ու լաց եմ սին:
Երբ կողքիս չես, ես մարում եմ,
Ծխում, խնկում, մոխրանում եմ,
Ձուլվում իմ քույր վերջալույսին:
Երբ կողքիս չես, ես սիրում եմ,
Ու կարոտում դալկանում եմ,
Ու կարոտո՛ւմ, դալկանո՛ւմ եմ,
Սե' ր իմ, արի' ու տիրի
Վախվորած իմ հուզումներին:

1.10.07թ

Արուսյակ Օհանյան

Copyright Arusyak Ohanyan. Used here by kind permission of the author.

Monday, August 06, 2007

Արուսյակ Օհանյան: Հարյուր ու մեկ

Իմ անցյալի կապկպուկից
Այսօր մի խուրձ հետս վերցրի,
Որ ուղարկեմ «Մոռացություն»։
Այն քաղաք չէ, կամ էլ ավան,
Մոլորակ է, հասցե չունի,
Մտացածին անհայտություն
Եվ տարածք է՝ անկշռելի,
Անչափելի, հասանելի, նաև մոտիկ
Տարածություն լոկ ինձ համար։
Այլ կերպ ասեմ.
Հոգուս համար շոր եմ կարել,
Եվ անհարմար ձև ու չափեր,
Հոգեկոշիկ, հոգեկալեր,
Հոգիս սեղմող հազար բաներ
Մեկ կապոցում լուռ լցրեցի
Ու գնացի «Մոռացություն»։
Հոգուս համար կարած շորը
Դեռ չհագած՝ հետս վերցրի,
Որ հարցնեմ.
«Մոռացությո՜ւն», տես սազո՞ւմ են
Հոգուս նորը,
Վառ գույներն ու լուսավորը»։
«Մոռացություն» մոլորակում
Լուռ գիշեր էր։
Քուն էր մտել իմ պես հարյուր
Մարդու հանած հոգիների
Փեշն ու շորը։
Դե, ի՞նչ արած, որտեղ հարյուր,
Այժմ դարձավ հարյուր ու մեկ,
Հասցե ստացավ «Մոռացություն» մոլորակը,
Ես էլ խաղաղ վերադարձա
Իմ ներկայի դուռն ու բակը։

Օգոստոսի 29, 2005թ.

Copyright Arusyak Ohanyan. Used here by kind permission of the author.

Saturday, June 09, 2007

Arusyak Ohanyan/Արուսյակ Օհանյան: Գունապնակից մինչ մտապնակ

Click to hear
Գունապնակից մինչ մտապնակ read by Narine Karamyan.

Արարած բարե 'վ, ես նկարիչ չեմ,
Որ իմ ակամա ձեռքի վարժանքով
Նկարեմ արեվ լալկան մանուկի լացը կտրելու,
Գերելու համար:
Արարած բարե 'վ, նկարիչ չեմ ես,
Ու այժմ չունեմ հին ներկապնակ,
Որ արագորեն սահեցնեմ թղթին կիսադեմը քո ...
Դրա փոխարեն, հատուկ քեզ համար
Մի գաղտնիք բացեմ`
Ես ունեմ մի մեծ, խոր մտապնակ,
Գուներանգի պես մտքերս եմ խառնում,
Հակադրում բարին վատ ու չարի հետ
Ու ամեն ծնվող իմ միտք-երանգներից
Քեզ թողնում բաժին բարի հետագիծ`
Համաձայնվելու, ժխտելու համար:
Եվ դու մանուկ չես,
Քեզ զարմացնելու ոչինչ չունեմ ես,
Պարզապես արի մտապնակիս
Տեղը քեզ ասեմ.
Այն իմ աչքերն են, խորն են ու տխուր,
Երբեմն թաց են, նաեվ ծիծաղկոտ,
Ու հենց թաց ու չոր շաղախումն է, որ
Մտապնակն իմ դարձնում է
Գործածված, բայց նոր ...

04.12.06
Copyright Arusyak Ohanyan

Thursday, March 15, 2007

Arusyak Ohanyan/Արուսյակ Օհանյան: Վերածնունդ /Rebirth

Ձմեռն անցավ, եվ սառնատես ստեվրները հեռանում են հատիկ-հատիկ,
Կրծքիս տակ էլ ծվարել է մի զգացում` քնքուշ, գողտրիկ,
Մոտենում են այն օրերը լուսեօծված, գարնանային,
Երբ ես կրկին կողողվեմ արեվ լույսով նեկտարային:

Ու գարուն է. սառնատես ստվերները հեռանում են հատիկ-հատիկ,
Ձյան հալոցքն էլ կնճռում է փողոց ու բակ, հեռու, մոտիկ,
Հրաշագործ բնությունը ծերությունից վերածնվեց,
Իր հրճվանքի վարարումից ինձ ապրելու հյուլե տվեց:
26.03.03

Copyright Arusyak Ohanyan

Thursday, January 25, 2007

Արուսյակ Օհանյան: Թոնրախաղ

Եկա՞ր, բարև', իմ քաղաքի մայրամուտ,
Լուռ ու հեզիկ, հարսնատես,
Փնտրտուքիդ այս վարանոտ,
Ինձ կարգել եմ քեզ լրտես։


Քո առաջին դող ու շնչից,
Հիմա աստղեր կբույլես,
Կապույտ մթի թթխմորից,
Հրաշք գիշեր կհունցես։


Աչքս՝ աստղիդ, թևերս էլ քեզ գրկաբաց,
Տես, ընդառաջ եմ գալիս,
Զեփյուռածով ծոցիքդ բաց
Հուշերս քեզ եմ տալիս։


Եկա՞ր, բարև', իմ քաղաքի լույս գիշեր,
Կնոջ նման հոգսաշաղախ ու հոգնած,
Բաց ձեռք ու ափդ լավաշե,
Արևահամ կարմիր հացով այգաբաց։
Արուսյակ Օհանյան 26.06.2000



Copyright Arusiak Ohanyan

Used here by kind permission of the author.

Introducing Arusyak Ohanyan/ Արուսյակ Օհանյան




Ծնվել եմ Երևան քաղաքում, 1975 թ–ին։ Միջնակարգ կրթութոյւնը սռացել եմ Մ. Շահինյանի անվան թիվ 170 միջն դպրոցում։

1992–97 թթ սովորել եմ Երևանի պետական տնտեսագիտական Ինստիտուտում՝ ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ։

Բուհն ավարտելուց հետո 1997թ–ից մինչ օրս աշխատում եմ Եվրասիա միջազգային համալսարանում, որպես «Եվրասիա» պարբերականի գլխավոր խմբագիր։

Ստեղծագործել սկսել եմ տաս տարեկանից։ Պատանեկան տարիներից հոդվածներով և բանաստեղծություններով հանդես եմ եկել «Պիոներ կանչ» շաբաթաթերթում, այնուհետև բուհական և հանրապետական թերթերում և ամսագրերում։ Իմ մի շարք բանաստեղծություններ լույս են տեսել «Գարուն», «Տնտեսագետ», «Նոր Ժամանակ» ամսագրերում, «Գրական թերթ» շաբաթաթերթում և այլն։

2005թ–ին մասնակցել եմ մշակույթի նախարարության կողմից նախաձեռնած «Հայաստանն իմ Հայրենիքն է» շարադրության ամենամյա մրցույթին և ստացել պատվոգիր։

Դպրոցական և բուհական բազմաբնույթ միջոցառումների սցենարների հեղինակ եմ։

2003թ–ին «Երազիս Թևերով» ժողովածուի ծնունդն ինձ համար անակնկալ էր։ Տարիներ շարունակ ստեղծագործելով և իմ խոհերը թղթին վստահելով չէի կարծում, որ երբևէ կներկայանամ հանրությանը մի ամփոփ գրքուկով։ «Երազիս թևերով» ժողովածուի շնորհանդեսին ներկա էին հայ մեծանուն բանաստեղծներ, արձակագիրներ և հրապարակախոսներ ՝ Հրաչյա Մաթևոսյան, Հովհաննես Գրգորյան, Իգնատ Մամյան, Ռուզաննա Ասատրյան և այլն, որոնց կարծիքն իմ գրքույկի մասին դրական էր։

Այժմ էլ առանց վերջակետելու շարունակում եմ իմ բնատուր գործունեությունը և աշխատում եմ երկրորդ ժողովածուս ևս մոտ ապագայում հանձնել հայ ազգի դատին։

Ms. Ohanyan's poetry collection is available at
Narek.com