Showing posts with label Avetik Isahakyan. Show all posts
Showing posts with label Avetik Isahakyan. Show all posts

Tuesday, July 22, 2008

Աւետիք Իսահակեան։ կը տեսնեմ ահա

Կը տեսնեմ ահա -- լուռ երեկոյին
Բարակ ծուխ կ՛ելնէ իմ հօր օճախէն.
Եւ ուռիներըս մարմանդ կ՛օրօրուին,
Ծըղրիթը կ՛երգէ անտես խորշերէն…

Մեղմ ճըրագի տակ նըստել է տըխուր,
Ծերունի մայրըս՝ մանկիկըս գըրկին --
Մուշ-մուշ քընել է մանկիկըս՝ անդորր,
Ու աղօթք կ՛անէ մայրիկըս՝ լըռին.

«Ամենէն առաջ թող ինքը հասնի՝
Ամէն հիւանդի, հեռու ճամբորդի.
Ամենէն յետոյ թող ինքը հասնի
Քե՛զ, իմ խեղճ որդի, իմ պանդուխտ որդի»։

Անուշ ծուխ կ՛ելնէ իմ հօր օճախէն,
Մայրըս կ՛աղօթէ՝ մանկիկըս գըրկին.
Ծըղրիթը կ՛երգէ անտես խորշերէն
Եւ ուռիներս մարմանդ՝ կ՛օրօրուին։

Wednesday, February 28, 2007

Ավետիք Իսահակյան: Մեկը չեղավ

Մեկը չեղավ, որ իմանար վշտերս,
Քնքուշ ձեռքով դարման աներ վերքերիս.
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս,
Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս:

Կյանքս կտամ սրտից բխած համբույրին,
Ա՜խ, թէ մեկը ինձ հասկանա՜ր ու սիրե՜ր:
Ի՞նչ կա երկրում և՛ սրբազան, և՛ անգին,
Քան թէ զոհվել, քան թէ լինել անձնվեր:

Բայց ես կյանքում շա՛տ սիրեցի ու լացի, —
Մեկը չեղավ, որ ամոքեր վշտերս,
Սիրող սրտի ծարավ, ծարավ մնացի,
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս...


Ավետիք Իսահակյան
1875-1957