Showing posts with label Haig Ohanian. Show all posts
Showing posts with label Haig Ohanian. Show all posts

Wednesday, November 11, 2009

Հայկ Օհանեան։ Առաւօտ

Բացւել է իմ դէմ մի նոր առաւօտ,
Հրաշք է դարձել աշխարհը համակ.
Ժպտում է հեռուն ոսկի արեւոտ,
Ու թափ են առել երգերս յստակ։

Խօսում է մեղմիկ առաւօտն ինձ հետ,
Հէքեաթ է պատմում քրոջ պէս քնքուշ.
Տխուր յուշերս մոռցել եմ անհետ,
Մոռցել եմ եւ մութ եւ ամպ ու մշուշ։

Սիրտս մանկան պէս խայտում է ազատ,
Յորդել է նորից ոյժ, եռանդ ու սէր.
Որհնում եմ անվերջ կեանքս հարազատ,
Կեանքս լուսաշող, անվիշտ, սիրաջեր։

Ծփում է հեռուն լոյսերի մի ծով,
Ու երփնագեղ է հորիզոնն այսօր.
Արբել է հոգիս մի զով համբոյրով,
Դիւթւած արեւի շողերով բոսոր։

Ու լուսածածան առաւօտն անհուն,
Բացել է իմ դէմ ճամբաները նոր…
Սիրում եմ բոլոր գոյները ժպտուն,
Ողջոյնս նետում մարդկանց հեռաւոր։


ԱՐԴԻ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ (Ժողովածու), Բ. Հատոր, Արտասահմանի Գրողներ, ՀԱՅ ԳՐԱԳԷՏՆԵՐՈՒ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ Մատենաշար 12, Փարիզ 1941