Showing posts with label Vazken Vanadoor. Show all posts
Showing posts with label Vazken Vanadoor. Show all posts

Wednesday, April 09, 2008

Վազգէն Վանատուր: Կենսագրութեան փոխարէն

(Բախտագուշակ - Շան տարի)

Ծննդավայրս Ֆիրտուսու հողն է,
Ուր այգն է չալմա հագել երկնքում,
Ես այնտեղ փայտէ մի ձի եմ թողել,
Եւ մի մանկութիւն՝ միշտ նոյն տարիքում...

Ծնողքս՝ սրբեր... երկնից չեն իջել,
(Օ, գաղթած արեան տարագիր իմ ցեղ)
Մօրս աչքերը՝ դրախտի ջրեր,
Ուր խղճիս մամռոտ սիրտն եմ լուացել...

Սիրում եմ վարդեր ու փշածաղիկ,
(Ծաղկավաճառ է մեծ տատս եղել)
Բոհեմիկ արիւն - մոլագար խաղին
Սիրտս զարդի տեղ գրաւ ել դրել:

Ունեմ ընկերներ՝ հացի եւ երգի,
Որ կարօտների թագ են կտակել
Եւ կորուստների մի հսկայ երկիր,
Ուր փառքիս քամին փշէ պսակն է:

Լալիս եմ թաքուն - մենաւոր ասուպ,
Որ փշրուել է երգի ստուերում,
Չեմ խմում. յաճախ ցաւից եմ հարբում
Ու քնում հոգուս այրուած եդենում...

Կորուսեալ աշուն՝ մարմնի պէս կանանց,
(Մեղք ինձ ու սիրոյ դրախտին աւեր)
Սրբերի թախիծ... երազում յանկարծ
Փորձում եմ իմ հին մեղքերը քաւել...

Երկրի արմատից երգեր եմ քաղել,
(Երգից դուրս կեանքս՝ լուռ ապաշխարանք,)
Ապրել եմ երէկ, կ՛ապրեմ եւ վա՛ղը,
Եւ էլի՛ օրեր, մի խօսքով՝ շա՛ն կեանք...


Վազգէն Վանատուր
Ասպարէզ, 17 Փետրուար 2007