Sunday, January 18, 2026

Հովհաննես Թումանյան: ՔԱՋ ԿԻՎԻՎԸ

Ճախիններում, գետին մոտիկ,
Գեղափետուր ու խատուտիկ,
Բարձրասըրունք, ցըցունազարդ
Ո՞վ է ճեմում սեգ ու հպարտ, -
Կի՜-վի՛վ, Կի՜-վի՛վ...

Գեղափետուր ու խատուտիկ
Քաջ Կիվիվն է գետին մոտիկ,
Իր զինվորներն արթուն չորս դին–
Ուրուրն ու բուն, բազեն ու ցին։

Ուրուրն ու բուն, բազեն ու ցին
Լագլագի դեմ արշավեցին։
Թևին արավ Լագլագն ահից.
«Ամա՛ն, ասավ, մի՜ դիպչեք ինձ,
Ինձ ու մանրիկ իմ ձագերին.
Ճահճի միջին, առվի եզրին
Մի հատ ոտիս կանգնած էսպես՝
Քաջ Կիվիվի ջըրվորն եմ ես» ։

Ուրուրն ու բուն, բազեն ու ցին
Ագռավի դեմ արշավեցին։
Թևին արավ Ագռավն ահից.
«Ամա՛ն, ասավ, մի՜ դիպչեք ինձ,
Ինձ ու մանրին իմ ձագերին.
Ծառի ծերին, սարին, քարին -
Սևեր հագած ծընած օրես
Քաջ Կիվիվի երեցն եմ ես» ։


Ուրուրն ու բուն, բազեն ու ցին
Սագի վըրա արշավեցին։
Թևին արավ Սագը ահից.
«Ամա՛ն, ասավ, մի՜ դիպչեք ինձ,
Ինձ ու մանրիկ իմ ձագերին.
Տիղմի միջին ու մարգերին
Օրոր-շորոր, խոնարհ ու հեզ,
Քաջ Կիվիվի տընտեսն եմ ես» ։

Ուրուրն ու բուն, բազեն ու ցին
Կըռունկի դեմ արշավեցին.
Թևին արավ Կըռունկն ահից.
«Ամա՛ն, ասավ, մի՜ դիպչեք ինձ,
Ինձ ու մանրիկ իմ ձագերին.
Ամեն աշխարհ, որ աշխարհին
Գարունը գա՝ բանա հանդես -
Քաջ Կիվիվի աշուղն եմ ես» ։

Friday, January 09, 2026

ԻԳՆԱ ՍԱՐԸԱՍԼԱՆ: ՈՐԲ ՕՐԵՐ ԲՈՐԲ ՏՈՂԵՐ

Ռ. Հատտէճեանի կարօտով



Քանի կաղանդ ապրեցանք
Քանի կաղանդ - դառն ու ոգեւոր

«Առաստաղ»ին տակ
Կամ «Առաստաղին Միւս Կողմը»
Մոմերու նման պլպլացող յոյսերով
Լուսազարդեցինք պճնուած տօնածառը

Եղեւինին ճիւղերուն կախեցինք
Մեր անաւարտ զրոյցները
Քու լուսայորդ տաղանդդ - ձիրքերդ ու «Վաստակ»դ
Քու յաւերժական լաւատեսութիւնդ
Հազարումէկ խոչընդոտը յաղթահարող կորովդ
«Օրագրիդ Տասնըհինգ Էջեր»ուն քով ամանորեայ «Հաշուեփակ»դ
Բազմագոյն «Յուշատետր»երդ
Միշտ անթերին պահանջող բծախնդրութիւնդ
Եւ քու յուզիչ բացակայութիւնդ

Վերջապէս
Անդրադարձանք թէ ամանորը «Բառասխալ» մըն էր
«Մարդոց Մեծութեան եւ Խեղճութեան Մասին»

Տասնեակներով կաղանդի քերթուածներուս մէջ
Այս առաջինն է որ
Դուն պիտի չկարենաս կարդալ
Որբ օրերու այս բորբ տողերը
Մինչ ես անճար
Ի զուր պիտի սպասեմ քու տպաւորութեանդ

Անվերադարձ օրերը որքան առանձին են հիմա
Եւ Թարապիոյ ծովափը որքան ամայի


ԻԳՆԱ ՍԱՐԸԱՍԼԱՆ
Դեկտեմբեր 2025