Ես սիրո՜ւմ եմ քո ձեռքերը
Որոնք, արդեն քանի՜ տարի,
Ինձ ամենի'ց ամուր գրկում,
Սակայն երբեք չե'ն... բանտարկում.
Ինձ աշխարհի տե'րը անում,
Սակայն երբեք չեն տիրանում.
Օղակի պես շուրջս պրկվում,
Բայց չե՜ն խեղդում,
այլ` լոկ փրկո՜ւմ,
Ինչպես փրկում են խեղդվողի'ն...
Քո ձեռքե'րը,-
Նո՜ւրբ,
Ասողի՜կ,
ՈՒ երգեցի՜կ,
Որոնց ափում,
Ես` չո՜ր խեցի,
Մարգարի՜տ եմ քիչ-քիչ դառնում...
Ես սիրում եմ քո ձեռքերը...
"Մարգարի'տ եմ քիչ-քիչ դառնում..."-
Իսկ Մարգարիտն այս աշխարհում
Ինչքան էլ թա՜նկ լինի, անգի'ն,
Ինչքան չքնա՜ղ ու եզակի՜,-
Երբեք պիտի չխնայե՜ս
Եվ... միշտ... կրցք'իդ վրա' պահես,-
Թե չէ, քո ջե՜րմ կրծքից հեռու,
(Քո սիրո'ւց ու կրծքից հեռո'ւ),
Իսկույն խամրո՜ւմ է, դալկանո՜ւմ,-
Կրկին դարձած... նույն չոր խեցի՜ն...
Իմ սիրելի՜,
Իմ ասողի՜կ,
Իմ գեղեցի՜կ...
Գէորգ Էմին (1919-1998)
Alternate spelling Kevork Emin
No comments:
Post a Comment