Tuesday, January 31, 2012

Զահրատ։ Բանալիին ծակէն

Կղպանքին մէջ

Բանալին կը դառնայ ետ
Լեզուակ մը կը շարժի դէպի ներս
Ու դուռ մը կը բացուի
դէպի կեանք

Յետոյ կը կղպուի դուռը մեր վրայ
- Բանալին կը դառնայ առաջ
Լեզուակը դէպի դուրս -
Ու փակ դրան ետեւ
Կը մնայ հաճոյքը ապրելու

Այն ատեն մենք
Կը դառնանք ետ
Ու բանալին ծակէն
Կը դիտենք մենք զմեզ

THROUGH THE KEYHOLE

Inside the lock
The key turns back
A tumbler moves inward
And a door opens
on life

Then the door is locked on us
- The key turns forward
The tumbler outward –
And the joy of life is left

Behind the closed door
Then all of us
Turn back
And watch ourselves
Through the keyhole

ZAHRAD
Translated by Tatul Sonentz

Monday, January 30, 2012

ՓԱՆՈՍ ՃԵՐԱՆԵԱՆ: [Աշնան]

Աշնան
երեկոյ,
Ուռիներէն
տերեւ-տերեւ կը կաթկթին,
լիալուսնի
արցունքները
ոսկեգոյն...

2011

F A L L

Dusk
in autumn --
one leaf after another
full moon’s golden tears
sprinkle down
the willow
trees…

Panos Jeranian
2011
Translated by
Tatul Sonentz

Friday, January 13, 2012

Գէորգ Էմին։ Ա՜Խ, ԱՅՍ ՄԱՍԻ՛ՍԸ

Ա՜խ, այս Մասիսը...

Որից փափկո՜ւմ են սրտերը բոլոր,
Երբ ինքը... քա՛ր է.

Որ ջերմացնո՜ւմ է սրտերը մոլոր,
Երբ ինքը... սա՛ռն է.

Որ աշխարհներից հեռավոր-հեռու,
Բոլոր հայերին այստե՜ղ է բերում,
Երբ ինքն... այստե՜ղ չէ...

Միաբանության քարո՜զ է կարդում
Աշխարհում ցրված հայերին անտուն
Երբ որ... կիսվա՜ծ է.

Որ, մեծ սիրո պես,
Ոչ հեռանո՛ւմ է,
Ոչ էլ գալի՜ս է...

Ախ, այս Մասիսը:

Գէորգ Էմին, Ա՜Խ, ԱՅՍ ՄԱՍԻ՛ՍԸ, Սովետական Գրող, Երեվան, 1980

Tuesday, January 10, 2012

ԱՐՈՒՍՅԱԿ ՕՀԱՆՅԱՆ։ ՀԵՏԱՄԱՆՈՐՅԱ

Եվ... ավարտվեց.
Գավաթները, որ զնգոցով
Հախճապակյա կենացների
Բաքոսային օրհնության մեջ
Սեղաններին տոն էին
Ու գոռ Ամանոր,
Հանդարտորեն սուրբ
Ձեռքերում տիկինների
Գնում են, որ դասավորվեն
Իրենց տեղում:


Իսկ նոր տարին հին տարին է,
Ինքը` կյանքը,
Սանրվածքն է փոխում մի քիչ,
Գրպաններում լցնում առատ
Սուրբ ծննդյան փլավ-չամիչ
Եվ գալիս է զարմացնելու…


Չէ՜, ես բնավ չեմ ուրանում,
Կյանքն է այսպես
Ծափ-խնդությամբ հատնո՜ւմ, գնո՜ւմ`
Թողնելով մեզ միայն ներկան
Ու մարդկային հոգիների
Պարարտ հողը,
Որ բարության բարկ արևի
Հուռթի շողը
Սրտից սրտեր ճամփա բացի:

08.01.12
ԱՐՈՒՍՅԱԿ ՕՀԱՆՅԱՆ