Showing posts with label Natella Lalabekyan. Show all posts
Showing posts with label Natella Lalabekyan. Show all posts

Tuesday, July 27, 2010

ՆԱԹԵԼԼԱ ԼԱԼԱԲԵԿՅԱՆ։ ԲԱԺԱՆՈՒՄ

Հեռանում են սիրելիներն, ահա, դարձյալ
Եվ տանում են իղձեր անսուտ կամ թվացյալ,
Շուրջս՝ մշուշ կարոտների եւ անձկության,
Ես դառնացած՝ այդ օրերն եմ հիշում անցյալ:
Ի՞նչը մնաց, ի՞նչը մեռավ հոգու խորքում:
Հիշողությունն իմ ընկրկեց հոգնության դեմ:
Նվիրվեցի՝ առանց դույզն-ինչ փառքի հույսի:
Հրաբորբոք լավան ինձնով ես մարեցի,
Նվիրվեցի անմնացորդ եւ աննկուն
Եվ հագեցրի ծարավն ամեն հանդիպածի:
Նորից սուզվեմ ամայության խավարն անտակ,
Գուցե հառնեմ եւ՛ մեղավոր, եւ՛ գեղեցիկ:
Եվ հավաքեմ բեկորներս մեկիկ-մեկիկ,
Վերածնեմ փշրած շղթան օղակ-օղակ:

Monday, July 26, 2010

ՆԱԹԵԼԼԱ ԼԱԼԱԲԵԿՅԱՆ։ [Բախտս սփռված]

Բախտս սփռված ու
ցանուցիր է՝
Իբրեւ մոլորյալն
իմ մոլորակի,
Քարի պես ծանր բանաստեղծությամբ,
Առանց ինտերնետ կպչուն ոստայնի:
Եվ ցավ է համակ դարն այս անհավատ,
Թեթեւ Էրոսի դարն այս թանձրախիտ:
Ես վստահում եմ բառը լոկ գրչին,
Չեմ չափում հույզը մեգաբայթերով:
Կենդանի բառը նշանակում է
Ավարտել եւ կամ սկսել նորից:
Ողջ կյանքում գրված սիրո նամակն իմ
Գրվել է բախտիս ձեռագրով խրթին.
Իմ թեւավորը կփրկի՞ նրան՝
Անցնելով աշխարհն ու կյանքը անցյալ,
Ծրարի վրա կնիքը վարձն է՝
Այն անդառնալի քարերի դիմաց: