Showing posts with label Arusyak Ohanyan. Show all posts
Showing posts with label Arusyak Ohanyan. Show all posts

Saturday, October 10, 2015

ԱՐՈՒՍՅԱԿ ՕՀԱՆՅԱՆ։ ԵՌՄԱՆ ՎԱԽ

Փոքրացել է
ճաշի կաթսան մեր տան,
ու ապրում եմ մանուկներիս՝
հորս ու մորս հետ,
որոնց բնից ճյուղատարած
շիվ առ շիվ, թոռ առ թոռ՝
կարոտը խուլ
երկրից երկիր
արձագանքող
սիրտը նրանց
քրքրել ու քարտեզել է:
Փոքրացել է 
ճաշի կաթսան մեր տան,
հստակում է զարկերը իր
լռության մեջ
ծերացած, հին ժամացույցը,
ճաշն եփելիս էլ շտապելու
ոչինչ չկա,
ոչ էլ՝ շուտ է:
Լռությունը այնքան բութ է,
կար ժամանակ՝
երազանք էր
պատերից ներս
երեկոյան մենությունը,
որ խռովքս փռեմ թղթին:
Հիմա տանը
նույն աղմկող լռությունն է,
ու… չի գրվում:
Փոքրացել է
ճաշի կաթսան մեր տան,
մեծ է միայն երանելի երկվորումս, 
որ մեր տանը
թե՛ ծնող եմ, թե՛ երեխա:
Երեք օր է իմ ապակուն
զարկվում է նույն թռչունը՝
երկու լուրը ստացա արդեն,
երրորդ լուրը ուշանում է,
վախենում եմ՝
ծերանում են մանուկներն իմ,
ծերանում են,
կաթսայի մեջ
շահասպրամը դեռ բուրում է...


ԱՐՈւՍՅԱԿ

Tuesday, January 10, 2012

ԱՐՈՒՍՅԱԿ ՕՀԱՆՅԱՆ։ ՀԵՏԱՄԱՆՈՐՅԱ

Եվ... ավարտվեց.
Գավաթները, որ զնգոցով
Հախճապակյա կենացների
Բաքոսային օրհնության մեջ
Սեղաններին տոն էին
Ու գոռ Ամանոր,
Հանդարտորեն սուրբ
Ձեռքերում տիկինների
Գնում են, որ դասավորվեն
Իրենց տեղում:


Իսկ նոր տարին հին տարին է,
Ինքը` կյանքը,
Սանրվածքն է փոխում մի քիչ,
Գրպաններում լցնում առատ
Սուրբ ծննդյան փլավ-չամիչ
Եվ գալիս է զարմացնելու…


Չէ՜, ես բնավ չեմ ուրանում,
Կյանքն է այսպես
Ծափ-խնդությամբ հատնո՜ւմ, գնո՜ւմ`
Թողնելով մեզ միայն ներկան
Ու մարդկային հոգիների
Պարարտ հողը,
Որ բարության բարկ արևի
Հուռթի շողը
Սրտից սրտեր ճամփա բացի:

08.01.12
ԱՐՈՒՍՅԱԿ ՕՀԱՆՅԱՆ

Friday, February 25, 2011

ԱՐՈՒՍՅԱԿ ՕՀԱՆՅԱՆ: ՁՈՆ ԽԵԼԱՀԵՂՈՒԹՅԱՆ


Արեգակները շառաչում են վար,
Խորտակում իրենց նոր անուջներում,
Մի քիչ ցնորվա՜ծ, մի քիչ խելագա՜ր`
Լույսի հատակից կարոտ են հանում:

Արեգակները ընկնում են ներքև,
Դառնում քնարներ սիրո հարության,
Խառնելով իրենց ցնորքին թեթև`
Ի լույս դողերի սրտիս տխրության:

Արեգակները երգ են պարտության,
Իսկ սերն առավել պարտվել է սիրում,
Արեգակները ապրել չեն սիրում
Հաղթանակներում փառասիրության:

Արեգակները շառաչում են վար,
Այրվող ձյուները անբառ կլանում,
Սերը խառնելով խնդության երգին`
Կարոտի թևով առավոտ բերում:

Դե’, պայթի’ր, սի՜րտ իմ քո խոսքով բոսոր,
Լուծվի’ր, խառնվի’ր արեգակներին
Ու շառաչի’ր վար պարտվողի նման,
Հաղթել տրված չէ խելահեղներին:

19.10.10

Thursday, February 24, 2011

ԱՐՈՒՍՅԱԿ ՕՀԱՆՅԱՆ:ԵՍ ԱՅՆՏԵՂ ՉԿԱՄ


Ես փակված տուփի բացված այն փեղկն եմ,
Որ մութ այդ տուփին լույսի պարանով
Իջեցնում է վար կապույտները վառ
Ցերեկ-Աշխարհի:
Եվ այդ հարահոս իրականության
Տրոփն ինձ համար խո~ւլ, անիրակա~ն,
Աշխարհ-պարոնի հոգնությունն է միշտ`
Բայց սա ինձ համար:

Երբ չէի ելել ես էլ դեռ երեկ
Փակված մթության տարածումներից,
Միայնության խուփ վարկածով փակված`
Չերազեցի ճառագում վերից:
Եվ հիմա ինչո՞ւ ճոպան եմ դարձել
Մթում ապրողին վեր խոյանալու:

Շողերն անցյալի հորիզոնական,
Լուռ ու անաղմուկ, ինձնից անհաղորդ,
Թողնված հեռու որոնում են դեռ
Ինձ միայնության անճիգ երազում`
Իսկ ես... Էլ չկամ:
29.08.10

Wednesday, February 23, 2011

ԱՐՈՒՍՅԱԿ ՕՀԱՆՅԱՆ: ԱՐԵՎԻ ԱՓԻ ԱՂՋԻԿԸ


Արևի ափին նա զույգ ձեռքերով
Ծովեր նկարեց:
Շողի թելերով երիզեց այնտեղ
Կապույտ ավազի ճերմակ աչքերի
Արտասուքը պաղ:
Հավերժ խելագար` Արևի նման,
Բոբիկ ոտքերով հպվեց ավազին,
Ձեռքերը անլուռ ջրվեժներ դարձան,
Վարսերը փռեց լույսի երեսին,
Որ իբրև դառնան հավերժակամար,
Սիրո ծիածան...
Որքան հեռացավ ինքը իրենից,
Այնքան Արևը երեսը թեքեց,
Արևի ափից նա նույն ձեռքերով
Երազանքերի կապոցը անձայն
Իջեցրեց կապույտ, խռով ջրերի
Գիրկն անվերադարձ:
Հետո նկարած ծովերից ելավ,
Ու դեմքը նետեց նրանց հայելուն,
Իսկ նրանք արդեն երազանքներից
Իրենց գոհացումն էին զվարթ վայելում:
Նայեց Արևին` ո՛չ վերջին անգամ,
Արևը նրան մի նոր դեմք տվեց,
Շրջվեց, հեռացավ` կարոտը թողած
Արևի պապա~կ, անծո~վ աչքերում,
Որպես հավատի ու հավերժության
Ինքնագիր... Անդարձ:
22.06.10

Wednesday, June 16, 2010

ԱՐՈՒՍԻԱԿ ՕՀԱՆՅԱՆԻ ՆՈՐ ԳԻՐՔԸ

Հեղինակի երկրորդ ժողովածուն է, որտեղ զետեղված են 2003-2009 թթ. գրված բանաստեղծություններ: 










Գրքույկն ունի բանաստեղծությունների յոթ շարք, որոնք էլ խորհրդանշում են հեղինակի խոհերի գույները` Երգեհոնաձայն այս պատեհության ազդարարումը նախերգանքային, Ինչ բերեմ ինձ հետ քեզ մայրամուտից, Թափառող Արև` գիժ, ոտաբոբիկ, խառնելով իրեն ծովին, ավազին, սեր է նկարում ծովի երեսին, Ես սիրում եմ կարոտներս ու ապրելու սպասումս, Թարթող լապտերի գլխիկոր հևքից դանդաղ ճոճվում է իմ ասելիքի չասելքիը լուռ, Կարոտ է հագել առավոտը այս` շուշանվել օդում ասես նորահարս, Մայրամուտներին լույս աղաչեցի անթարգման մտքիս թափառումներով



Գլխավոր խմբագիրն է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի Պետական Համալսարանի գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը: 

Tuesday, March 16, 2010

ԱՐՈՒՍՅԱԿ ՕՀԱՆՅԱՆ: ՁԵՌՔԵՐԻՍ ԵՐԳԸ


 Ձեռքերս այսօր երգել ուզեցին
Եկեղեցու սուրբ լռության ներքո,
Ձեռքերս այսօր աղերս պարզեցին`
Կրկին խնդրելով ներել մի մարդու,
Որը հենց ինքս եմ...Ու պիտի ասեմ`
Իմ անմեղությամբ ե՛ս եմ մեղավոր,
Տե՛ր, անմեղիս երգը քի՛չ էլ լսիր,
Որ մնաս էլի իմ` պատժվածիս
Ամենակարող ու լուռ դատավոր:

2.04.04

Thursday, August 06, 2009

ԱՐՈՒՍՅԱԿ ՕՀԱՆՅԱՆ: Ի*ՆՉ ԱՆՓՈՒԹՈՒԹՅՈՒՆ…

Երեքով էինք` ես էի ու դու,
Եվ սերը անդեմ` սուրբ երորդություն,
Ի՜նչ անփութություն տեսնես պատահեց,
Որ եռյակը այս հանկարծ տրոհվեց,
Ու չորսը դարձանք, բայց` երկու-երկու,
Ես` իմ սիրո հետ, քո սիրո հետ` դու,
Ու երկու-երկու այս տրոհման մեջ
Կոպիտ, ահարկու, չենք դավաճանվել
Ոչ ես, ոչ էլ դու, ոչ սերը անդեմ.
Սո*ւրբ երորդություն, անհեթեթության
Տագնապը մի օր հատու մկրատով
Մի չմտածված, կտրուկ շարժումով
Հատեց եռանկյան սիրո անկյունից,
Սերն ավելացավ ու դարձավ երկու…
Բայց թե ո*ւմ ենք պետք, մենք` երկու-երկու,
Ինքս` առանց քեզ, քո սիրո հետ` դու,
Չգիտեմ ինչպես, չգիտեմ որտեղ,
Ապրում ես զատված եռանկյունուց դուրս,
Ես` ես էլ ի8նչ, խռիվ խոհերիս ընթացքից էլ դուրս,
Ուզում եմ նորից անկյունն ագուցել
Եվ այն երկու սերն անկյունահատված
Հենց այն նույն կետում բերել ու կցել
Իրար, ուր մենք երեքով էինք`
Սերը մեր անդեմ, ես էի ու դու,
Սո*ւրբ երորդություն, ի′նչ անփութություն…

Tuesday, August 04, 2009

ԱՐՈՒՍՅԱԿ ՕՀԱՆՅԱՆ: ՍԿԻԶԲ

Աղջամուղջը ահա ձուլվեց
Անվերջ քաղցած երազներիս,
Որ ապաստան դեռ չեն գտնում,
Այդ պատառով երազելիս
Ես գծուծ եմ գուցե դարձել,
Չերազել դեռ չեմ կարող.
Մարդի′կ, եկեք, երազ վարձեք`
Դրա դիմաց ինձ խոսք տալով,
Ոչ կիսկատար ամեն երազ
Կհասցնեք իր ավարտին,
Այդժամ աշխարհն երազահյուս
Կվերածվի մի դրախտի:


ԱՐՈՒՍՅԱԿ ՕՀԱՆՅԱՆ

Tuesday, September 30, 2008

ԱՐՈՒՍՅԱԿ ՕՀԱՆՅԱՆ: Քաղաքը իմն է, քաղաքը` քոնը

Քաղաքը իմն է, քաղաքը` քոնը,
Եվ այս լապտերի գլխիկոր հևքից
Մայթերին խոսուն ցնցուղվում է լուռ
Իմ ասելիքի համր չասելիքը,
Իմ չասելիքի ասելիքը կուռ,
Քաղաքը իմն է, քաղաքը` քոնը,
Ոտնաթաթերով մայթերի ափից
Ուզում եմ կորզել
Մտապատումիս ճանապարհը ծուռ,
Մենապատումի իմ այս հայտնության
Վայելքը այսօր` իմ տարեդարձին,
Հուշեց, որ մի օր
Ապրած իմ կյանքի ետնամուտքերում
Կռիվ են տալիս չհասկացված
Կերպարները իմ,
Կռիվ են տալիս այս լուսե ժամին,
Ուր ես խաղաղված մենապատումիս
Իմ այս սպասումից շշնջում եմ լուռ.
Քաղաքը իմն է, քաղաքը` քոնը,
Ու հիմա ինքս` ես եմ հասկանում,
Որ այս լապտերի գլխիկոր հևքից
Լուռ ցնցուղվում է իմ ասելիքի համր չասելիքը,
Որ էլ երբևէ ձայն չի դառնալու,
Ոչ էլ մեղեդի. ու թող քաղաքի գիշերը թերթի
Այս աննշանակ տարեդարձը իմ…
Քաղաքը իմն է, քաղաքը քոնը:

2008 թ. ք. Երևան

Tuesday, September 23, 2008

ԱՐՈՒՍՅԱԿ ՕՀԱՆՅԱՆ : Համբույր

Վերջին շողը մայրամուտի
Հորիզոնի շուրթին դողաց,
Ու համբույրով իր բեկորվեց,
Ամպ ու գույներ մի կողմ թողած:

Ու համբույրից այդ ի՞նչ ծնվեց,
Շողը ինչու համբույր դողաց,
Ծերուկ գիշերն ելավ ոտի
Ճրագ լուսին ձեռքում պահած:

2004 թ. ք. Երևան

Thursday, September 18, 2008

ԱՐՈՒՍՅԱԿ ՕՀԱՆՅԱՆ: Խտացում

Կապույտ հյուսքը երեկոյի,
Իջավ խռիվ իմ խոհերին,
Ու աշխարհում այս մարդեղեն
Փնտրում եմ լար մի երկնեղեն,
Որ իջեցնեմ ու հյուսեմ ինձ,
Մթան կապույտ թանձրացումին,
Մի մեղեդի` դյութող, անբիծ,
Տիրի ինձ և հիացումիս,
Որ կոչվում է բնության ձայն,
Արարչի երգ, ծնծղա լուսին,
Գիշերվա մեղք…
Հե՛յ, աստղաթափ ու աստղաձայն
Հազար լարեր, հեռու դարեր,
Փնտրում եմ լար մի երկնեղեն,
Որ միացնեմ իմ խոհերին,
Բայց շարունակ մնամ այսպես
Պարզ, մարդեղեն ու երկրեղեն…

2007 թ ք.Երևան

Sunday, September 14, 2008

ԱՐՈՒՍՅԱԿ ՕՀԱՆՅԱՆ: Ես պարզապես սուրճ եմ խմում…

Ես պարզապես սուրճ եմ խմում,
Ու կարոտս անդավաճան,
Սև վայելքի մրուրի մեջ
Չի գտնում դեռ դառը վախճան:
Ես պարզապես սուրճ եմ խմում,
Ու չկաս դու, չկա մոխիր ծխախոտի,
Երբ նրա հետ սերն էր ծխում,
Ծխում էր դեռ և չէր մարում,
Մինչ կարոտս ելավ ոտի,
Որ իմ սուրճի ումպերի մեջ
Աննյութեղեն ու պարունակ,
Անմահական սիրո թուրմով ինձ կախոտի
Իմ հուշերի անձավներում,
Ուր պարզապես սուրճ եմ խմում,
Ուր չկաս դու, ու չեն մարում,
Ծխախոտիդ ծուխը և ես,
Ու անցյալի քառատրոփ խորշակներում
Անունն եմ քո ճչում ասես.
Սուրճ եմ խմում ես պարզապես…

2008 թ. ք.Երևան

Monday, May 12, 2008

Արուսյակ Օհանյան:ՄԻՇՏ

Ես ուզում եմ սիրել քեզ միշտ,
Ձմռան ցրտին, ամռան տապին,
Սիրել հավերժ, սերս խառնել
Աշնանաթոր տերևաթափին,
Ուզում եմ քեզ սիրել այնպես,
Որ ձյուները մերկ սարերի
Արև առնեն, ու մաքրատես
Առուն էլի լուռ երակվի,
Ուզում եմ քեզ այնպես սիրել,
Որ զարթոնքը գարնանաբեր
Հյուսի սիրո նոր հորովել,
Ու աշունը այն ձյունաբեր
Չհիշի, որ ձմեռն է ճամփա ընկել,
Ու խաշամը իր ձեռքերի
Այնպե˜ս թեժ է հոգեվարքել,
Որ ճյուղերը մերկ ծառերի
Գարունով է հանկարծ ներկել:


Արուսյակ Օհանյան

Wednesday, April 30, 2008

Արուսյակ Օհանյան:ԼՈՒՅՍ Է ՍԵՐՍ

Սերս լույս է, գույն չունի,
Սերս օր է, ձև չունի,
Սերս սիրուդ խմորումն է ,
Անսահման է, չափ չունի,
Արևածիր քո հոգին է,
Կշիռ անգամ սերս չունի,
Սերս ձեռքիդ նուրբ հպումն է,
Չունի հստակ հատկանիշ,
Սերս` միակ, անօրինակ,
Բացառում է հոմանիշ,
Սերս կարգի անկարգություն
Ու սահմանման հակասում է,
Հոգեպարար քո ձայնն է այն,
Որ անզորիս հակասում է,
Սերս լույսն է քո աչքերի,
Մայրամուտն ու այգաբացն է,
Մեր երկուսի պարզ բարդության
Հորինվածքն է,
Բարդ պարզության խիտ մանվածքն է,,.
Սերս` անզոր քո ջերմ գրկում,
Սիրուս թևով քեզ եմ գրկում
Ու հասկանում, որ աշխարհում
Գեթ ինձ համար ակնհայտը,
Ճիշտն ու լավը, բարին
Եվ կյանքում անհայտը
Քո անկշիռ ու անտեսակ
Հանելուկով վարակվելն է,
Անձև, անչափ, անօրինակ
Սիրուդ բուռն ելևէջով
Գայթակղվել- համակվելն է:
Ճիշտն ու բարին այս աշխարհում,
Բնակվում են քո աչքերում,
Եվ հոսում են ավիշիդ հետ,
Սիրտդ դարձնում ինձ առհավետ
Ձև ու չափի անհայտություն,
Տիեզերքի նոր հայտնություն:
Հիմա կասես` մի բուռ սիրտս` ի˜նչ տիեզերք,
Դա էլ պիտի պատասխանեմ.
Այն ինձ համար անչափելի օազիս է,
Եվ մեծ սիրո լայնատարած
Զմրուխտ եզերք:


Արուսյակ Օհանյան

Saturday, December 29, 2007

Arusyak Ohanyan: Անհրաժեշտություն

Click to hear
Անհրաժեշտություն read by Narine Karamyan.

Ինչեր որ ասես մենք չենք հորինել
Անսանձ, կիսասուտ այս մեծ աշխարհում`
Ձեվ ու բանաձեվ, չափ ու կանոններ,
Օ~, աստվածաշնչյան հինգ զույգ պատգամներ,
Տեղյա՞կ եք արդյոք, ստում ենք այնքան,
Որ երազներում, հոգնաբեկ, անմեղ ու անսուտ քնում
Մեր խիղճը արդեն քսանմեկ դար է, ինչ էլ չի քնում:
Ինչե~ր, որ ասես մենք չենք հորինել`
Ստի տիրույթում ճիշտը որոնել,
Ձեվ ու բանաձեվ, չափ ու կանոններ,
Օ~, աստվածաշնչյան ազնիվ պատգամներ,
Կուզեի շարվեք երկնի գմբեթում,
Ու հենց երկնքից, լուռ ու աստղատառ,
Բոլորիս հոգին մաքրելու համար
Մի աստվածամաղ, հեզ անձրեվ տեղար:

07.02.07

Copyright Arusyak Ohanyan

Friday, October 12, 2007

Արուսյակ Օհանյան: ՍԻՐՈ ՍԱՆԴՈՒՂՔՈՎ

Երեկ` ես տխուր, երեկ` ես մենակ,
Աշունը առած խեղճ ոտքերիս տակ`
Տուն եմ դառնում լուռ, հոգնաբեկ, տրտում,
Եվ մարում էր հիվանդ հոգիս քո կարոտում:
Երեկվա տխուր երկրապտույտում,
Ես չտեսա քեզ. երկնի կապույտում,
Աստղերը, թվաց` մեկ օր համրացան,
Ու լունախաղը ասես վերջացավ:
Ո՞ւր էիր երեկ. երկրապտույտում
Օրս ապրեցի դարից էլ երկար,
Ես քեզ չտեսա, դու երեկ չեկար:
Այսօր կողքիս ես. գնում ենք մոլոր,
Երկուսով կազմած մի փոքրիկ բոլոր`
Ու մեր այսօրվա երկրապտույտում,
Այն նույն աստղերը երկինի կապույտում,
Լուսնի հետ արդեն դրկից, հարևան,
Խոսքները արած բյուրավոր բերան,
Մաղում են բարձրից բամբասանքն իրենց,
Մինչդեռ լուսինը ծուլաբար քնեց,
Ու երազ տեսավ. իբրև դու և ես,
Երկար փողոցում, բոլորին ի տես,
Երկնաբարձ, անխախտ սիրո սանդուղքով
Բարձրանում ենք վեր և բոլորվում ենք
Նոր լուսաբացի մանուկ արևում,
Ուր աստղերն արդեն էլ չեն երևում…

29.09.07թ

Երբ կողքիս չես, համրանում եմ,
Տխրության մեջ ամրանում եմ
Ու կարկամում ժպիտիս մեջ:
Երբ կողիքս չես, ես տրտում եմ,
Անձայն, ունայն որոնում եմ
Աչքերը քո լույս ու անշեջ:
Երբ կոքիս չես, դատարկվում եմ,
Մութը հոգիս ծվատում է,
Փոթորիկ եմ ու լաց եմ սին:
Երբ կողքիս չես, ես մարում եմ,
Ծխում, խնկում, մոխրանում եմ,
Ձուլվում իմ քույր վերջալույսին:
Երբ կողքիս չես, ես սիրում եմ,
Ու կարոտում դալկանում եմ,
Ու կարոտո՛ւմ, դալկանո՛ւմ եմ,
Սե' ր իմ, արի' ու տիրի
Վախվորած իմ հուզումներին:

1.10.07թ

Արուսյակ Օհանյան

Copyright Arusyak Ohanyan. Used here by kind permission of the author.

Monday, August 06, 2007

Արուսյակ Օհանյան: Հարյուր ու մեկ

Իմ անցյալի կապկպուկից
Այսօր մի խուրձ հետս վերցրի,
Որ ուղարկեմ «Մոռացություն»։
Այն քաղաք չէ, կամ էլ ավան,
Մոլորակ է, հասցե չունի,
Մտացածին անհայտություն
Եվ տարածք է՝ անկշռելի,
Անչափելի, հասանելի, նաև մոտիկ
Տարածություն լոկ ինձ համար։
Այլ կերպ ասեմ.
Հոգուս համար շոր եմ կարել,
Եվ անհարմար ձև ու չափեր,
Հոգեկոշիկ, հոգեկալեր,
Հոգիս սեղմող հազար բաներ
Մեկ կապոցում լուռ լցրեցի
Ու գնացի «Մոռացություն»։
Հոգուս համար կարած շորը
Դեռ չհագած՝ հետս վերցրի,
Որ հարցնեմ.
«Մոռացությո՜ւն», տես սազո՞ւմ են
Հոգուս նորը,
Վառ գույներն ու լուսավորը»։
«Մոռացություն» մոլորակում
Լուռ գիշեր էր։
Քուն էր մտել իմ պես հարյուր
Մարդու հանած հոգիների
Փեշն ու շորը։
Դե, ի՞նչ արած, որտեղ հարյուր,
Այժմ դարձավ հարյուր ու մեկ,
Հասցե ստացավ «Մոռացություն» մոլորակը,
Ես էլ խաղաղ վերադարձա
Իմ ներկայի դուռն ու բակը։

Օգոստոսի 29, 2005թ.

Copyright Arusyak Ohanyan. Used here by kind permission of the author.

Saturday, June 09, 2007

Արուսյակ Օհանյան: Գունապնակից մինչ մտապնակ

Click to hear
Գունապնակից մինչ մտապնակ read by Narine Karamyan.

Արարած բարե 'վ, ես նկարիչ չեմ,
Որ իմ ակամա ձեռքի վարժանքով
Նկարեմ արեվ լալկան մանուկի լացը կտրելու,
Գերելու համար:
Արարած բարե 'վ, նկարիչ չեմ ես,
Ու այժմ չունեմ հին ներկապնակ,
Որ արագորեն սահեցնեմ թղթին կիսադեմը քո ...
Դրա փոխարեն, հատուկ քեզ համար
Մի գաղտնիք բացեմ`
Ես ունեմ մի մեծ, խոր մտապնակ,
Գուներանգի պես մտքերս եմ խառնում,
Հակադրում բարին վատ ու չարի հետ
Ու ամեն ծնվող իմ միտք-երանգներից
Քեզ թողնում բաժին բարի հետագիծ`
Համաձայնվելու, ժխտելու համար:
Եվ դու մանուկ չես,
Քեզ զարմացնելու ոչինչ չունեմ ես,
Պարզապես արի մտապնակիս
Տեղը քեզ ասեմ.
Այն իմ աչքերն են, խորն են ու տխուր,
Երբեմն թաց են, նաեվ ծիծաղկոտ,
Ու հենց թաց ու չոր շաղախումն է, որ
Մտապնակն իմ դարձնում է
Գործածված, բայց նոր ...

04.12.06
Copyright Arusyak Ohanyan

Thursday, March 15, 2007

Arusyak Ohanyan/Արուսյակ Օհանյան: Վերածնունդ /Rebirth

Ձմեռն անցավ, եվ սառնատես ստեվրները հեռանում են հատիկ-հատիկ,
Կրծքիս տակ էլ ծվարել է մի զգացում` քնքուշ, գողտրիկ,
Մոտենում են այն օրերը լուսեօծված, գարնանային,
Երբ ես կրկին կողողվեմ արեվ լույսով նեկտարային:

Ու գարուն է. սառնատես ստվերները հեռանում են հատիկ-հատիկ,
Ձյան հալոցքն էլ կնճռում է փողոց ու բակ, հեռու, մոտիկ,
Հրաշագործ բնությունը ծերությունից վերածնվեց,
Իր հրճվանքի վարարումից ինձ ապրելու հյուլե տվեց:
26.03.03

Copyright Arusyak Ohanyan