ԱՐՈՒՍՅԱԿ ՕՀԱՆՅԱՆ: Քաղաքը իմն է, քաղաքը` քոնը
Քաղաքը իմն է, քաղաքը` քոնը,
Եվ այս լապտերի գլխիկոր հևքից
Մայթերին խոսուն ցնցուղվում է լուռ
Իմ ասելիքի համր չասելիքը,
Իմ չասելիքի ասելիքը կուռ,
Քաղաքը իմն է, քաղաքը` քոնը,
Ոտնաթաթերով մայթերի ափից
Ուզում եմ կորզել
Մտապատումիս ճանապարհը ծուռ,
Մենապատումի իմ այս հայտնության
Վայելքը այսօր` իմ տարեդարձին,
Հուշեց, որ մի օր
Ապրած իմ կյանքի ետնամուտքերում
Կռիվ են տալիս չհասկացված
Կերպարները իմ,
Կռիվ են տալիս այս լուսե ժամին,
Ուր ես խաղաղված մենապատումիս
Իմ այս սպասումից շշնջում եմ լուռ.
Քաղաքը իմն է, քաղաքը` քոնը,
Ու հիմա ինքս` ես եմ հասկանում,
Որ այս լապտերի գլխիկոր հևքից
Լուռ ցնցուղվում է իմ ասելիքի համր չասելիքը,
Որ էլ երբևէ ձայն չի դառնալու,
Ոչ էլ մեղեդի. ու թող քաղաքի գիշերը թերթի
Այս աննշանակ տարեդարձը իմ…
Քաղաքը իմն է, քաղաքը քոնը:
2008 թ. ք. Երևան
No comments:
Post a Comment