Showing posts with label Khatchig Tashdentz. Show all posts
Showing posts with label Khatchig Tashdentz. Show all posts

Thursday, August 14, 2008

ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ։ Յարդը գնում է…

Նստած էի ես մի օր մեր շեմին,
Քեռիս ցորեն էր էրնում մեր կալում.
Սարից փըչում էր աշնան զով քամին,
Քամին քըշում էր ու յարդը տանում։

- Քեռի՛, - ասացի, - էդ ի՞նչ ես անում,
Մեր ամբողջ յարդը տըւեցիր քամուն։
- Բան չկայ, բալի՛կ, ի՞նչ ես վըշտանում,
Յարդը գնում է, ցորենն է մընում։

Ամէն բանի մէջ եւ ամէն ժամին
Քամին էրնում է ու յարդը տանում,
Մեզ էլ էրնում է աշխարհի քամին,
Յարդը գընում է, ցորենն է մընում։

Մենք ողջ աշխարհն ենք էրնում լոյսից լոյս,
Յարդ ու ցորենը տալիս ենք քամուն,
Ու ես յիշում են խօսքերը քեռուս.
«Յարդը գընում է, ցորենն է մընում»։

Էրնում եմ ես էլ երգերս հիմի,
Իմ ամբողջ կալը բռնել եմ քամուն,
Ինչ որ չի մընայ, կը տանի քամին.
Յարդը գընում է, ցորենն է մընում։


ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ
1909-1974