ԳԱԼՈՒՍՏ ԽԱՆԵՆՑ: Նիւ Եորք
Լոյսն արեւի չի մօտեցում…
Մի ուրիշ լոյս՝ պաղ ու գունատ
Դեգերում է պատերն ի վեր։
Ես ընկել եմ գորշ քարերի գիրկը մռայլ
Ու սեւ մարդկանց բռունցների միջով շտապ
Վազվզում եմ աղմուկների անբոյր ծովում։
Հիմա այստեղ -
Բալլերի հին պողոտայում
Վաթսուն հազար գինեմոլներ
Մայթերից մայթ
Թափառում եմ շուքերի պէս
Մի դառը կում, բերանաչաթ վիսկու համար։
Մինչ՝ հինգերորդ պողոտայի պատի կրծքից
Խաւաքարտէ, ճարպակալած մի ճենթլման
Պարզում է ինձ ձրի վիսկի…
Մէկ ուրիշը
Քսաներորդ պատուհանից ձեռքը հանած
Շոկոլատի հատիկներ թափում գլխիս։
Մարդիկ բոլոր վազում են միշտ,
Որպէսզի շուտ իրար հասնեն.
Բայց կարծես նրանք անվերջ հեռանում են
Իրար սրտից
Եւ իրարու չեն գտանում։
Այս շէնքերը բարձր ու գոռոզ
Ու անգամ ես՝ օտարական,
Բարձրանում ենք, բարձրանում ենք,
Կործանումի անմխիթար լարուածութեամբ։
Նիւ Եորք 22.4.1976