Showing posts with label Khachik Dashtents. Show all posts
Showing posts with label Khachik Dashtents. Show all posts

Thursday, February 25, 2010

Խաչիկ Դաշտենց: ՄԵՂԱ

Ես այն եմ, ինչպես եղա.
Սասունցի մի որբ տղա.
Արածիս համար կյանքում
Չասացի երբեք` մեղա:

Պաշտոնին, փառքին, գովքին
Անհաղորդ, հեռու եղա.
Չարածիս համար կյանքում
Չասացի երբեք` մեղա:

Իմ սրտի հևքն ու երգը
Իմ երկրի համար եղավ.
Չարեցի մի բան կյանքում,
Որ գոռամ` մեղա, մեղա:

Պալատի երգիչ չեղա,
Միշտ հողին մոտիկ եղա.
Սիրեցի միայն նրանց,
Ով բռնեց փոցխ ու եղան:

Բայց վերուստ տրված բախտիս
Տարաժամ շուտ ձյուն տեղաց.
Ես կանաչ հովտում կորած
Զեփյուռի նման եղա:

Հին կյանքը փուշ ու սեզ էր,
Իմ ապրած օրը կես էր.
Ոչ պարտք մնաց, ոչ՝ մեղա,
Իմ ամպն ու շողքը էս էր:

Խինդս դուրս, ցավս ներս էր,
Երգածս սրտիս պես էր.
Փակված է ամեն հաշիվ,
Ինչ որ եղա` էս էր:

1970


Խաչիկ Դաշտենց (1910-1974)