Հայկանուշ Մառք Գիրք մը հեղինակ մը "Կեանքն ու Գործը"
ԾՈՒԼՈՒԹԵԱՆ ՊԱՀԵՐԷՍ
ԾՈՒԼՈՒԹԻՒՆ
Չխլրտի ոչի՛նչ սրահին մէջ։ Եւ ծաղկամանները նիրհեն յոգնած վարդերով : Դաչնամուրին լարերը չտան ո՛չ մէկ երազ, ու չօրօրուի՜ ոչ մէկ իր: Հովը կենայ , եւ, Հովբեկները իյնան ուղիղ ծալքերով ։ Ժամացոյցին թիք թաքն ալ սառի՜։
Չխլրտի ոչի՜նչ սրահին մէջ : Մեղմ բոյրերը մահանան : Ժամանակը չսահի՜ , եւ աչքերը չնայի՜ն : Չխլրտի՜ ոչ մէկ իր : Եւ մրափը ծածանի , դանդա՜ղ, սրտի մը վրայ։
ՕՏԱՐԱՑՈՒՄ
Երա՜զս, երբեﬓ կը տանին քեզ ինձմէ հեռու, տափաստանի մը մշուշին մէջ, սարաւանդի մը արեւին տակ, կամ այլուր:
Կը յածիս ջուրի եզերքներուն վրայ, հրուանդաններու ծայրը, շամբերու ստուերներով վերջացած:
Երա՜զս, ի՜նչքան աղուոր ես ջուրի եզերքներուն վրայ, հրուանդաններու ծայրը, շամբերու
ստուերներով վերջացած:
Բայց և, Երա՜զս, դուն այն ատեն ի՛մս չես...
Լիճ մըգիտեմ ես , տարակայ , մենիկ ու լռին:
Մանուշակները կ'անտառեն անոր եզրերը , եւ իրենց խորհուրդներով կը
մթնցնեն զայն :
Մարդկային աչք մը չի ծակեր բնաւ անոր խորութիւնը , եւ Հովը , այն
կողմերէն անցած ատեն, չի վրդովեր զայն իր լիզումներով։
Այս այն լիճն է , որուն մէջ , մութին, իրենց արցունքներէն շիթ մը ձգելու
կ՛երթան բոլոր սիրտերը որ կը հեծեծեն։