Showing posts with label Anahid Barsamyan. Show all posts
Showing posts with label Anahid Barsamyan. Show all posts

Friday, July 16, 2010

Անահիտ Պարսամյան։ [Անցած սերերի փո՛ւշն է երեւի]

Անցած սերերի փո՛ւշն է երեւի,
Երգող վերքերի լո՜ւյսն է երեւի
Ստիպում ապրել...
Չարակամների ցցված ժանիքն է,
Բարեկամների ձեռքն ու բարիքն է
Ստիպում ապրել:
Հեռավոր մանկան քաղցր անո՜ւնն է,
Մոտ դավաճանի թաքնված թույնն է
Ստիպում ապրել:
Հին ու նորի այս զարմանալիքն է,
Նորի մեջ ապրող հնի ալիքն է
Ստիպում ապրել,
Եվ ստիպում է ապրել
Գալի՛քը...

Thursday, July 15, 2010

ԱՆԱՀԻՏ ՊԱՐՍԱՄՅԱՆ։ ՄԱՐԳԱՐԻՏԸ

Եվ օրերիս առջեւ ես ելնում եմ ահա,

Կորա՜ծ մի մարգարիտ՝
դալկափայլով իմ պերճ,
Եվ խաղաղ եմ հիմա,
եւ պայծառ եմ հիմա,
Հիմա դժվար է ինձ խորքից հանել:

Ջրասույզներ ճարպիկ
փորձ արեցին այնքան,
Եկան ու ետ դարձան,
խեցիս ինձ պահպանեց,
Մինչ իր գահին բազմած
սպասո՜ւմ էր արքան,
Սպասում էր՝ մարգարի՜տը հանեն:

Եվ ժամանակն անցավ,
հետո տխրեց արքան,
Մարգարիտը չկար,
սակայն քարեր կային,
Բո՜ւռ-բուռ քարեր կային՝
հակինթ ու ադամանդ,
Շափյուղաներ, տոպազ ու մեղեսիկ:

Առավ քարերն արքան,
նայեց նրանց տխուր,
Իր մարգարիտն ո՞ւր է,
ծերությունն է գալիս,
Իր կրծքի տակ հազար
փակ կարոտ է լալիս,
Իր մարգարիտն ո՞ւր է,
օրն է իրիկնանում:

... Եվ օրերիս առջեւ ես ելնում եմ էլի,
Լռա՜ծ մի մարգարիտ՝
ծովի հեռո՜ւ խորքում,
Իմ սեգ արքան հանգավ՝
անունս իր շուրթին,
Եվ խեցիս ինձ արդեն
գերեզման է դառնում...

Saturday, September 20, 2008

Անահիտ Պարսամեան։ Անի

Click to hear the audio clip Ani read by Lola Koundakjian


Եւ ես չեմ կարող
Քեզ շա՜տ մօտենալ,
Չեմ կարող հպուել
Շնչող քարերիդ,
Չեմ կարող բեկուած ճակատդ շոյել։
Մենք բաժանուած ենք ձորով ու գետով
Ճակատագրի թունաւոր նետով,
Անի,
Չարչարուած քո խոյակներից
Բարձրանում է վեր
Մի ցաւած աղօթք...

Այստեղ քամի եղաւ,
Ուժեղ քամի,
Փոշին նստեց նաեւ
Քո քարերին...

Այստեղ արեւն ելաւ
Շռայլ ու մեծ։
Քո վէրքերը, Անի,
Պատերդ օծեց։

Անի,
Երեկոն է
Իջնում ահա,
Քո ուսերի եւ մեր ցաւի վրայ։



Անահիտ Պարսամեան

Saturday, August 23, 2008

Անահիտ Պարսամեան։ Ծարաւ

Click hear for the audio clip Thirsty read by Lola Koundakjian.


Ես այս հողից ու ջրից եմ,
Մի քիչ ամպ եմ,
Մի քիչ արեւ,
Մի քիչ ծաղիկ,
Մի քիչ էլ քար,
Մի քիչ էլ ջուր,
Մի մեծ ծարաւ,
Մի մեծ ծարաւ…։


Անահիտ Պարսամեան