ՎԱՀԱՆ ԶԱՆՈՅԵԱՆ։ ՁՄՐԱՆ ԳԻՇԵՐ ՄԵՐ ՍԱՐԵՐՈՒՄ
Դու յիշո՞ւմ ես
կախարդական ու կախարդո՜ւած գիշերը մեր
ձիւն էր գալիս մեր սարերում -
չկա՜ր ճնշում, չէինք շտապում
եւ յիշո՞ւմ ես, իմ սիրելի
ձիւն էր գալիս մեր սրտերում
մաքուր, յստակ, թարմ ու անբիծ -
օրհնութի՛ւն էր մեր լեռներում
Մենք, մանկացած`
յանձնուեցինք այդ գիշերուայ կախարդանքին
ու վերացած մենք մեր սիրով
սուզուեցինք խորն այդ օրհնանքին
ու քայլեցինք
զուարթ, անհո՜գ
մեր դաշտերում ձիւնապսակ
Ըմբոշխնեցինք առանձնութիւնն
ու լռութիւնը բացարձակ
Անցանք միջով
խոշոր, դանդաղ ու փայլփլուն փաթիլների
Կարծես միջով մի շղարշեայ
անծայրածիր վարագոյրի
քայլերդ անճի՜գ
քեզ պէս թեթեւ
լի խաղերով ու ծիծաղով
գիշերն ամբողջ արբեցած էր
քո վարակիչ, անհուն խինդով
Բայց, այդ գիշեր
դու չիմացար
ապրումներիս հեւքը ահեղ
դու չիմացար
որ ինձ համար
ոդիսակա՜ն էր աւարտել
ա՛յդ իսկ գիշեր, ա՛յդ սարերում
մարմնով էի հասել այնտեղ
ուր անցեալում եղել էի լոկ իմ հոգով
լոկ մտքերով, երազանքով
Դու չիմացար
ոնց այդ գիշեր
յուզումներով գերբեռնուած`
հոգիս դողո՜ւմ էր անընդհատ -
բայց ո՛չ ցրտից, ո՛չ էլ ձիւնից
այլ վերջապէս
տուն ժամանած
ուղեւորի խնդութիւնից
հասել էի այդ դիւթանքին
ու վերջապէս քո գգուանքի՛ն
Ոչ, չիմացար թէ այդ պահը
ինչ մեծ ու խոր իմաստ ունէր
լոկ յիշում ես
ի՜նչ հրայրքով
սիրեցի քեզ ես այդ գիշեր…