Րաֆֆի։ Ձա՛յն տուր, Ո՛վ Ծովակ…
Ձա՛յն տուր, ով ծովակ, ինչո՞ւ լռում ես.
Ողբակից լինել չկամի՞ս դժբախտիս։
Շարժեցէ՛ք, զեփիւռք, ալիքը վէտ-վէտ.
Խառնէք արտասուքս այս ջրերիս հետ։
Հայաստանի մէջ անցքերին վկայ,
Սկզբից մինչ այժմ, խնդրեմ, ինձ ասա՛.
Մի՞թէ միշտ այսպէս կը մնայ Հայաստան՝
Փշալից անապատ, երբեմն բուրաստան։
Մի՞թէ միշտ այդպէս ազգը խղճալի,
Կը լինի ծառայ օտար իշխանի,
Մի՞թէ Աստուծոյ աթոռի մօտին
Անարժան է հայն եւ հայի որդին։
Արդեօք գալո՞ւ է մի օր, ժամանակ,
Տեսնել Մասիսի գլխին մի դրօշակ,
Եւ ամէն կողմից պանդուխտ հայազգիք
Դիմել դէպ իւրեանց սիրուն հայրենիք։
Դժուար այդ. միայն, տեսուչըդ վերին,
Կենդանացրո՛ւ հայութեան հոգին,
Ծագի՛ր նոցա դու քո լոյս գիտութեան,
Որով իբր էակ նոքա բանական,
Կը ճանչեն մարդուս կեանքի խորհուրդը,
Կը լինին գործովք տիրոջ փառաբան։