Ոնոփրիոս Անոփեան: Բուքը
Ո՜վ է այնտեղ, դուրսը ոռնում, երգ է երգում ու լալիս,
Երգ է երգում երկար ու ձիգ եւ սանձարձակ ման գալիս.
Գիտեմ, գիտեմ, այն խելայեղ բուքն է հանդէս կատարում,
Դեւերի հետ պար է գալիս լայնածաւալ դաշտերում։
Հէ՜յ բուք, փչի՛ր, շնչի՛ր ուժգին, սփռիր ճերմակ, հաստ սաւան
Ու նրանով ծածկիր համակ անտառ ե՛ւ դաշտ ե՛ւ աւան.
Որքան կ՚ուզի շունչդ սաստիկ եւ ահաւոր թող լինի,
Մենք չե՛նք սարսի, մենք տուն ունենք, մենք հաց ունենք եւ գինի։
Մենք նորաշէն մի տուն ունենք Արարատի փէշերին,
Տաք է այնտեղ, լոյս է այնտեղ այս ցուրտ ձմեռ գիշերին,
Աշխատանքի տունն է նա մեր, ազատութեան օրօրան,
Չար ոսոխից սուր ու բահով կը պաշտպանենք մենք նրան։
Այնտեղ կ՚ապրենք ուրախ սրտով, միշտ ժպտերես, անխռով,
Դու չես քանդի, ձիւնամրրիկ, մեր տունն ամուռ պատերով։
Փչի՛ր, շնչի՛ր ուժգին, ծածկիր սար, ձոր ու կածան,
Արարատի փէշերին տակ մենք տուն ունենք անկործան։