Showing posts with label Eduard Harents. Show all posts
Showing posts with label Eduard Harents. Show all posts

Sunday, May 06, 2012

Էդուարդ Հարենց։ԻՍԻԿԱՎԱ ԹԱՔՈՒԲՈՔՈՒ


Մահվան հեռավոր արվարձաններում
ետընտրական անդորրի
բարձերը միշտ
կարմիր են,
ինչից հրեշտակների քունը տանում է:
Իսկ նրանց նորածին երազների աղմուկից
գրգռվում են օզոնի վերին ենթամաշկերը:
Փրփրադեզ ճերմակը
լցվում է տիեզերքի շնչափողը,
և Աստված մոռանում է հանկարծ
իր աղոթքի 27-րդ հիերոգլիֆը,
որն ընկնում ու գալարվում է
Հավերժության պորտին`
իբրև ականջօղ…

Saturday, May 05, 2012

Գիրք մը, հեղինակ մը։ Էդուարդ Հարենց ու «Լեթարգիական Արթնություն»


Ես սիրում եմ քեզ,
հայրի’կ,
որովհետև
վարդերը բախտիդ մարգագետնի`
ծակծկում են ոտքերս:

Տողերս փշերն ի վար
կարմիր գետեր են,
որոնք ոռոգում են արմատները
սիրուս…

Thursday, January 20, 2011

Էդուարդ Հարենց: [Ես հիմա]

Ես հիմա
Հատ-հատ պոկում եմ լռության թարթիչները
Ու կարկատում աղոթքս,
Որ պատռվել է երանգներից բառի...
Հիմա երանգն ավելին է, քան ձայնը...
Ու ես արդեն
Ոտաբոբիկ եմ մտնում Հույսի եկեղեցին,
Որ քայլերս բախտիս
ձայներ չնկարեն:
Շշուկներից քանի՜ ոտնահետք է ճաքել...
Իսկ իմ ոտնահետքը
իմ աղոթքն է սիրուս,
Որ երբեք չի´ ավարտվում,
Որովհետև չի´ գունավորվում բառով...
Իսկ հիմա
Գլխավոր գույնը այն է,
Որ սերը զգացմունքի բանաստեղծությունն է...
Որ մուսաները կին չե´ն դառնում...


© Eduard Harents, 2011. Reprinted here by kind permission of the author.

Wednesday, January 19, 2011

Էդուարդ Հարենց: Կահիրե

Իսկ դու կին ես, քաղա´ք,-
բուրգե ստինքներով,
Հազարամյակների ողնաշարին թիկնած:

Կորագմբեթ` ինչպես մահմեդական կեսօր,
Չադրայավոր` որպես Իբնա-լ-Կուլսումի ձայն,
Թվարկությունների ջարդված հայելու մեջ, -
Երազում ես` որպես վերջին հիերոգլիֆ:

Դու հմայքներ ունես, քաղա´ք,
արաբական գիշերների նման կլոր,
Թուխ ժպիտներ ունես խալե`
բուրգերի չափ եգիպտացի:

Դու, որ ամեն օրվա երկու երրորդը անց,
Նարգիլեի ծխից բարակ կոկորդիդ մեջ,
Ղուրանի էջերի քանակով ու հերթով`
Օրորոցային երգի պես
Աճեցնում ես Ֆեյրուզ ծաղիկ, -

Դու իրավունք չունե´ս կիսազգեստներ հագած`
Տնից ելնել փողոց, կամ էլ քայլել տան մեջ:
Եվ մանավանդ` պառկե´լ
հարյուրամյակների կողոսկրորի վրա`
Տիեզերքին ի տես:

Դու իրավունք չունե´ս:
Բայց հեչ պետքդ էլ չէ´,
Որ դարերի քամին
Մինի փեշիդ տակից
Սերունդնե՜ր է քամում`
Բյուր խալերից կոնքիդ…

Դու հանգի՜ստ ես այնպես,
Հանդա՜րտ, ինչպես մումիա´ն,
որից երեկոյան
Պիտի արյուն վերցնեն ԴՆԹ-ի համար…

Եվ դեռ չե´ս էլ շիկնում
քո ճերմակ ու կապույտ սրունքների համար:
Սրունքների´դ համար, ուր նստվածք է տալիս
Հավերժության գինին`
օձապարի´ պես
այն`
պապիրուսի աղջկա…



© Eduard Harents, 2011. Reprinted here by kind permission of the author.

Tuesday, January 18, 2011

Էդուարդ Հարենց: Ջուբրան Խալիլ Ջուբրան

Ռոկոկո ոճի
արաբական մի սիրտ
Յուրաքանչյուր օր`
Խելառ աչևի
Ամեն իններորդ ալիքից հետո,
Հսկա Նյու-Յորքի
սրտի զարկերին
Մանրանկարում է
խալեր լիբանանյան…




© Eduard Harents, 2011. Reprinted here by kind permission of the author.

Monday, January 17, 2011

Էդուարդ Հարենց: [Այդ կարմիր օրը]


Այդ կարմիր օրը
Մուսայիս դեռ հեթանոս տատերը,

Դռնփակ գաղտնի քվեարկությամբ,

Որոշել էին,

Որ ինն ամիս անց

Բակունցյան միրհավների երգի ներքո
պիտի լույս տեսնի

Բանաստե´ղծը իրենց թոռան:

Եվ որովհետև աստվածավախ էին,

Ուստի որոշեցին

Դրախտի ծառերից

Ոչ մի ֆիզիկոսի գլխին կաթուկ տված

Վերջին խնձորը–

Խնամքով թաքցնել մորս փեշի տակ…



Ութսունմեկի օգոստոսին–

Հայրս թթի օղի էր քաշում…


© Eduard Harents, 2011. Reprinted here by kind permission of the author.

Sunday, January 16, 2011

Էդուարդ Հարենց: [Բանաստեղծության պատուհանի տակ]


Բանաստեղծության պատուհանի տակ

Ես յուրաքանչյուր
Դարավերջից մինչև դարասկիզբ
Սերենադներ եմ շռայլում հարբած…
Ու մինչդեռ շուրջս
Թաղանթներ ծամող
Ժամանակները պոռնիկ–
Սիրտս գրավելու համար
Մեռնելու չափ չբեր իրենց ներքնազգեստի`
Բնազդները կորցրած
Երանգներն են փոխում,–
Ամենասիրածս գույնը աշխարհում
Բանաստեղծությո´ւնն է…

© Eduard Harents, 2011. Reprinted here by kind permission of the author.

Saturday, January 15, 2011

Էդուարդ Հարենց։ [Վան Գոգն ազատվեց իր ականջից]


Վան Գոգն ազատվեց իր ականջից,
Որովհետև այն իրեն պետք չէր.
Նա արդեն լսել էր Հանճարը:
  Ալ -Մա’արրին իրականում տեսնում էր այնքան,
Որ այլևս
Աչքերն այնքան էլ կարևոր չէին:
  Չարենցը գերեզման չունեցավ,
Քանզի Նա դեռ չի´ էլ մեռել:
  Ես մարդկանց ձախո´վ եմ բարևում,
Որովհետև Աջով արդեն բարևել եմ Աստծուն…