Սեպուհ Պաղտոյեան։ Հայ Մօր Կաթը
Զարմանում ես, թէ այդ ինչո՞ւ,
Ինչո՞վ, ինչպէ՞ս հայ ես զգում,
Ոչ թէ մոնղոլ եւ կամ գնչու՝
Ինքդ քո մէջ ես խարխափում…
Մեծացել ես, հասակ առել,
Ուժեղացել, դարձել արի,
Շատ ես յոգնել ու պայքարել,
Կաթն ես փորձել այլ տեղերի…
Ու յաջողվել է անկասկած,
Յագեցընել ծարաւը քո,
Զգացել ես բայց շատ չանցած,
Թէ նա այն չէ այս երեկոյ…
Հիմա մոլոր շուրջդ նայում,
Ու շուարած հարց ես տալիս,
Կաթը կաթ է, բայց թէ ինչու՞
Սրա համը կեղծ է գալիս…
Չմոռնա՛ս, հայի՛ զաւակ,
Թէ դու հայ մօր կաթն ես ծծել,
Գիշեր ու զօր նա շարունակ
Քեզ համար է կեանք հիւծել։
Մի կաթ, որ մեզ տուեց Շիրազ,
Ու Կոմիտաս, Շիրակացի,
Սիամանթօ, Մաշտոց, Հայկազ,
Թլկատինցի, Նարեկացի…
Ձեռից չեմ տայ ու չեմ թողնի,
Որ դու պղծես կաթն աննման,
Կամ խմացնես օտար հողի.
Կաթիդ մեռնեմ, Մայր Հայաստան։
Սեպուհ Պաղտոյեան, Հրայրք Շաբաթաթերթ, Վիէննա.