Showing posts with label Garnik Galstian. Show all posts
Showing posts with label Garnik Galstian. Show all posts

Monday, September 06, 2010

Գառնիկ Գալստեան։Ձօն

1.
Պատկերացնո՞ւմ էք, թէ ի՛նչ կը լինէր,
Թէ մարդ չլինէր այս տիեզերքում…
Ո՞ւմ համար Աստուած երգն իր յօրինէր
Հիւսուած աստղերի յանգով զրնգուն։

Լուսայգն ո՞ւմ համար քաղցր շեփորէր,
Ո՞ւմ հոգին լցնէր երազով տաքուկ.
Ո՞ւմ սրտում բանար խինդի խորաններ՝
Լոյսի սրնգի մեղեդին մաքուր…

Այդ ո՞վ անձրեւի ռիթմին կատաղի
Հրճուանքից հարբած ծառի պէս տրուէր,
Եւ ծիածանի ամեն մի տողի
Թարմութիւնից ո՞ւմ շունչը կտրուէր…

Ջրվէժի երգն ո՞ւմ լցնէր ափէափ,
Ծովի օրօրերգն ո՞վ լսէր անքուն,
Դիւթուէր իրիկուայ տաղի խորութեամբ,
Անրջէր ձիւնի շրշուն նուագուն։

Էլ ո՞ւմ աստղային համր խմբերգի
Մեղեդու փայլով հրճուէր ու թափծէր,
Եւ տիեզերքի համանուագին
Իր ապշած սրտի զարկով ձայնակցէր…



ԼԻՐ ԱՐՔԱՅ

Saturday, September 04, 2010

Գառնիկ Գալստեան։ Հօրս տապանագիրը

Թէ քերթութեան սէրն աշխարհում մեռնի՝
Այստեղից պիտի յարութիւն առնի…

2006

Friday, September 03, 2010

Գառնիկ Գալստեան։ Հրաժեշտ

Քո վերջին իղձն էր, որ հնչի
Սրարիդ հանց հոգեհանգիտ
«Տաղ անձնական»-ը Չարենցի։

Ցանկացար, որ դագաղո՛ւմ իսկ
Որպէս աղօթք խնկուի վրադ
Քերթութեան շո՜ւնչը անարատ…

Հաղորդութի՜ւն առած այսպէս,
Դու աշխարհին
Շշնջացիր քո «աստղային
Երազների ճանապարհով…»։

Հա՛յր, քերթութեան դաս տուիր մեզ
Նոյնիսկ… մահո՜վ։

2006

Thursday, September 02, 2010

Գառնիկ Գալստեան։ Հոլիվուդի գերեզմանոցում

Հայ շիրիմներ են մինչեւ հեռաստան,
Ամեն մէկի տակ՝ մի ափ Հայաստան։
Հայերէն տառեր՝ քարերին ամեն,
Արցունքնե՜րն ասես Մաշտոցի լինեն…

Եւ աղօթերգը հայ քահանայի
Կարծես ողբում է ճամբին ամայի,
Որ շիրմատո՛ւնն իսկ օտար ոստանում
Մեր կորուստներո՜վ է հարստանում…

2006

Wednesday, September 01, 2010

Գառնիկ Գալստեան։ Հոլիվուդեան հարսանիք

Հայ աղջիկը հարս է գնում օտարին,
Բայց… պսակւում էր հայ եկեղեցում.
Եւ հարսանեկան ճոխ սեղաններին
Հայոց կոնեակը լալի՞ս էր լռին,
Թէ՜ լացակումաց ժպտա՞լ էր փորձում…

Հայկական երգը կոտրուած թեւով
Սրահում շրջող հաւքի նման էր,
Հազիւ էր քայլում հայ պարը թեւող,
Տարակուսելով՝ արբելո՞ւ, թէ ոչ
Ծաղրի համար են իրեն բեմ հանել…

Կոտրուած սիրտը՝ ժպտուն աչքերում,
Խեղճ հարսնամայրն էր մոլորուած պարում,
Անտարբեր՝ շուրջը ծաղի՞կ է, թէ՞ ձիւն…
Եւ կոչնականներն էին լուռ խորհում՝
Զաւե՞շտ է սա մի, թէ՞ ողբերգութիւն…

2003

Sunday, May 17, 2009

Գառնիկ Գալստեան (Անվերնագիր)

Click hear for the audio clip of an untitled poem read by Lola Koundakjian.

Ի՜նչ լաւ է զգալ, որ մէկը կայ՝
Քեզ հետ խնդացող, քեզ հետ յուզուող,
Որ լռութիւնդ խորունկ զգայ,
Որի հետ խօսես ուրի՜շ լեզուով…

Լեզու, որ գրւում աչքի հրո՜վ,
Խօսում է սրտի զարկո՛վ անհուն,
Որ գիտեն հաւքե՛րն իսկ համբուրուող,
Բայց որ մի լեզուի չի՜ թարգմանւում…

2002

Sunday, May 10, 2009

Գառնիկ Գալստեան: Գարնանաշունչ

Click hear for the audio clip A Breath of Spring read by Lola Koundakjian.

Կանգնենք գարնան հրաշքի դէմ՝ ակնդէտ,
Ու մենք լռենք, երբ որ խօսում է Աստուած,
Միայն արեամբ հաղորդակցուենք միմեանց հետ,
Մեր ձեռքերը՝ ճիւղեր, իրար պատուաստուած…

Միայն դիտենք՝ ի՜նչ հորիզոն է հիւսւում
Երկրի, երկնի միացումից սիրահեծ,
Եւ ծիածան-մանուկն ինչպէ՛ս է ծնւում,
Երբ մարո՜ւմ են արեւ, անձրեւ իրար մէջ…

2001

Thursday, May 07, 2009

Գառնիկ Գալստեան: Ժամադրութիւն


Գառնիկ Գալստեան, Ժամադրութիւն Աշխարհի Հետ
An Appointment with the World
Collection of poems by Garnik Galstian
Published by Tekeyan Cultural Association
2007 Los Angeles


GARNIK GALSTIAN, an Armenian poet, has been writing since his childhood days in Yerevan, Armenia. Upon graduation from the Yerevan State Univesity, Galstian has published many articles and essays on Armenian Literature of the 20th century while working at the Institute of Literature of the Armenian Academy of Sciences. His works have been published in numerous newspapers and magazines in Armenia and in the United States. Ever since his move to Los Angeles in 1979, he has taught at Armenian schools and at American Armenian International College of La Verne. His works include a study of Barouyr Sevag's literature, a collection of poems, "Jhamatrutiun Ashkharhi Het," as well as a textbook on the Armenian language.

Sunday, May 03, 2009

Գառնիկ Գալստեան։ Մեր հանդիպած ծառուղում

Click hear for the audio clip Our meeting place read by Lola Koundakjian.


Նորից գարուն է եկել
Մեր հանդիպած ծառուղում.
Վարդը սիրուց բռնկել,
Շուշանը ձիւն է մաղում։

Բալենին հարս է կրկին։
Հարբած բախտով իր պայծառ.
Աչքը նրա ծաղկունքին՝
Կողքին մեռնում է մի ծառ…

Օդում երգն է կարկաչում
Թռչունների սիրավառ.
Ձագը կորցրած մի թռչուն
Թփում ճչում է շուար…

Բոյրի, թոյրի խելայեղ
Տօ՜ն է շուրջս, անտառում.
Ձորակի մէջ, ինչ-որ տեղ
Ծածուկ լալիս է առուն…

2004