Showing posts with label Tatul Hourian. Show all posts
Showing posts with label Tatul Hourian. Show all posts

Saturday, June 13, 2009

Թաթուլ Հուրեան։ Աստղը

Գիշեր. ահա աստղերն են
Երկնակամարում։
Գիշեր. ահա աստղերն են
Վառւում ու մարում։

Երկինքը ջինջ է, կապոյտ։
Փռուած գորգի պէս,
Հովը տալիս է համբոյր,
Ում որ հանդիպէ։

Ես նայում եմ երկնքին,
Երկրակամարին.
- Ո՞ւր ես, տատի՜կ ին անգին,
Իմ հե՜զ, իմ բարի՜…

Երբ ծնուեցի մեր գիւղում,
Մեր հին խրճիթում,
Տատս ալիւր էր մաղում,
Ու մեղմ աղօթում։

Երբ ծնուեցի, նա ասաց
Ձայնով դողդոջուն…
Երկինքն ամպոտ էր ու թաց,
Եւ շունն էր հաչում…

- Ոչ մի աստըղ չի շողում,
Երկինքը մութ է,
Աստղ չունես, ջան բալէս,
Աստուած անգութ է…

Այսպէս եկայ ես աշխարհ
Մեր հին տնակում
Ու մեծացայ ինչպէս ծառ
Երկնքի տակ լուրթ…

Հօրըս հետ հանդ գնացի
Մերկ ու ոտաբաց,
Երկնքի տակ քնեցի
Աստղերով հարբած։

Ինչպէս քամուց քշուած ամպ
Տարիներն անցան,
Ու ես հասայ խնդութեամբ
Օրերին պայծառ…

Friday, June 05, 2009

Թաթուլ Հուրեան։ Երկունքը

Ծովն էր աղմկում անսանձ, խօլաբար,
Կայծակն իր թրով ամպերն է կիսում,
Իսկ ես ծովափին լուռ ու գլխաբաց
Կանգնել, փոթորի՜կ, քո ձայնն եմ լսում։

Ես սիրահար եմ մանկութ օրերից
Հողմի, փոթորկի ու խենթ տարերքի.
Երբ մայրս մի օր աշխարհ բերեց ինձ, -
Փոթորիկ պայթեց մեր խուլ տանիքին։

Կայծակը խփեց մեր բարտի ծառին,
Լեզուներ ելան երկնային բոցի,
Արիւն էր, հրդեհ այդ խաւար տարին, -
Ես դրանից էլ «Հուրեան» ծնուեցի։


Tatul Hourian (1912-1942)