Թաթուլ Հուրեան։ Աստղը
Գիշեր. ահա աստղերն են
Երկնակամարում։
Գիշեր. ահա աստղերն են
Վառւում ու մարում։
Երկինքը ջինջ է, կապոյտ։
Փռուած գորգի պէս,
Հովը տալիս է համբոյր,
Ում որ հանդիպէ։
Ես նայում եմ երկնքին,
Երկրակամարին.
- Ո՞ւր ես, տատի՜կ ին անգին,
Իմ հե՜զ, իմ բարի՜…
Երբ ծնուեցի մեր գիւղում,
Մեր հին խրճիթում,
Տատս ալիւր էր մաղում,
Ու մեղմ աղօթում։
Երբ ծնուեցի, նա ասաց
Ձայնով դողդոջուն…
Երկինքն ամպոտ էր ու թաց,
Եւ շունն էր հաչում…
- Ոչ մի աստըղ չի շողում,
Երկինքը մութ է,
Աստղ չունես, ջան բալէս,
Աստուած անգութ է…
Այսպէս եկայ ես աշխարհ
Մեր հին տնակում
Ու մեծացայ ինչպէս ծառ
Երկնքի տակ լուրթ…
Հօրըս հետ հանդ գնացի
Մերկ ու ոտաբաց,
Երկնքի տակ քնեցի
Աստղերով հարբած։
Ինչպէս քամուց քշուած ամպ
Տարիներն անցան,
Ու ես հասայ խնդութեամբ
Օրերին պայծառ…
No comments:
Post a Comment