ԱՒԻԿ ԴԵԻՐՄԵՆՋԵԱՆ: Գարունը կը գայ…
Գարուն է գալիս, ամպերն են ցրւում,
Սառոյցը հալւում, օրերն են ծաղկում,
Սակայն ես ունեմ վիշտ ու հառաչանք,
Իմ նախնիների յուշերով արթուն։
Ծխում է խունկը՝ անբոց կրակւում,
Վճիտ արցունքով, աչքերս են լցւում,
Յուզմունք ծովացած, ցաւ ու ափսոսանք,
Այսօր իմ սրտում, խինդն է ցամաքում։
Իմ նախնիների տառապած հոգում,
Փլուած վանքերի անհուն ողբի տակ,
Ապրում է լոյսը, յոյսը հեռաւոր,
Անվախճանութեան անքուն թեւերով։
Դեռ ունեմ երկար ճամբայ անցնելու,
Անարդարութեան արահետներով,
Ճշտմարիտ երթով ու հաւատքով,
Իմ սուրբ պապերի արեան կանչերով։
Գարունը կը գայ, արեւ ծաղկունքով,
Իմ երազների գերող նազանքով,
Ինչպէս երկնքում սաւառնող արծիւ,
Կը ճախրեմ մեր հին լեռների միջով։
Աւիկ Դեիրմենջեան
Բոստոն
No comments:
Post a Comment