Showing posts with label Artem Haroutiunian. Show all posts
Showing posts with label Artem Haroutiunian. Show all posts

Sunday, December 13, 2015

ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ։ ԵՍ ԴԵՌ ՉԵՄ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՐԿԻՐՍ

ԵՍ ԴԵՌ ՉԵՄ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՐԿԻՐՍ

Ես դեռ չեմ վերադարձել երկիրս, թափառում եմ արյանս բաց երակներով։

Շուշի քաղաք, մրաքարեր,
այսօր թռչունը կբարձրանա ավերակների վրայից,
նա կվերապրի սկիզբը հրդեհի,
նա չի տեսնի ոչինչ
ավերակներից, օշինդրից բացի,
նա կթևածի կորուստների մեջ բարձր երկնքի։

Մի երեխա նայեց հրդեհի խորքից,
ձուլվելով մոր քնքշանքին,
մենակ, պատառոտված քամու մեջ,
ես ազատ էի մեռնելու համար։
Տեսնում եմ հիմա Արցախի խաչված թթենին,
գամված ափերից հոսում է ավիշը
սիրո – եղբայրության
և ձուլվում հազարավոր տերևների խշշոցին։
Աստվածային բարձրախոսը մեր ծիծաղը
փոխում է հեկեկոցի։

Ես դեռ չեմ վերադարձել երկիրս,
թափառում եմ արյանս բաց երակներով,
տեսնում հրդեհը հինավուրց հողի։

Ես դեռ չեմ վերադարձել,
եթե վերադառնամ` չեմ գտնի ինքս ինձ,
կտեսնեմ լռությունը սփռված Երկրի,
դռան ծանր փականքը գրանիտե,
թթենիների մետաքսը կանաչ,
որով հողը գործում է ծիսական իր հագուստը
և չունի փույթը ապրողի։

Շուշի քաղաքի ավերակների միջից
անթարթ նայող եղեռնի ծաղիկ,
սրբիր արցունքդ հույսի,
անմահության փշուրը համտեսելով։

Ես դեռ վերադառնում եմ Արցախ երկիրս,
թափառում արյանս բաց երակներով,
տեսնում հրդեհը հինավուրց հողի,
կտրուկ ճիչը արթնացող քաղաքների,
և թանձր սկիզբը միայնակ բաղեղի,
որ ստվեր է դառնում օրեցօր
և ծածկում սկիզբ ու ավարտ։


ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՆԱՄԱԿ ՆՈՅԻՆ


I'M STILL RETURNING

I.

Shushi City, ash-stones.

Today the bird flies
over the ruins,
it forgets the start of the holocaust,
it recalls nothing but the wormwood;
alone, shredded in the wind,
I was free to die.
A lone night drew a new sun and life.
A child watched from the window
melding into the mother's gaze.
I beseech you
my dear friends,
roots of plans and dying trees,
turn at last into my dwelling place.

II.

Now that years have passed,
I can say --
Blessed be the one, in hospital, in stadium,
in the orgies of private fantasy,
Blessed be the one living in shadows,
and the core of the blinding light,
The one with sunken hips and mighty loins,
whose grave has the measurements 
of the universe,
Blessed, with and without tears in the eyes;
the divine loudspeaker turns our laughs 
to sobs.

III.

I have yet to return to my land;
if I return 
I will not find me.
I shall see the silence over the country spread,
the heavy granite padlock of the door,
the green silk of the mulberry trees,
with which the land weaves its
ceremonial garb,
without the cares of those who live.
I'm still returning to my land;
Wandering with open arteries
I see the burning of the ancient soil,
the sharp cry of cities awakening,
and the dense beginnings of abandoned ivy,
turning to shadow from day to day,
covering the beginning as well as the end.
Tasting the crumbs of immortality,
I wipe away tears of hope.

Today the bird flies
over the ruins of Shushi,
no longer alone in the shredding wind.
I was free to die.

Translated by Tatul Sonentz.








Thursday, December 06, 2012

ԳԻՐՔ ՄԸ ՀԵՂԻՆԱԿ ՄԸ` Արտեմ Հարությունեան ու «Նամակ Նոյին»


ԵՍ ԴԵՌ ՉԵՄ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՐԿԻՐՍ

Ես դեռ չեմ վերադարձել երկիրս, 
թափառում եմ արյանս բաց երակներով։
Շուշի քաղաք, մրաքարեր,
այսօր թռչունը կբարձրանա ավերակների վրայից,
նա կվերապրի սկիզբը հրդեհի,
նա չի տեսնի ոչինչ
ավերակներից, օշինդրից բացի,
նա կթևածի կորուստների մեջ բարձր երկնքի։
Մի երեխա նայեց հրդեհի խորքից,
ձուլվելով մոր քնքշանքին,
մենակ, պատառոտված քամու մեջ,
ես ազատ էի մեռնելու համար։
Տեսնում եմ հիմա Արցախի խաչված թթենին,
գամված ափերից հոսում է ավիշը
սիրո – եղբայրության
և ձուլվում հազարավոր տերևների խշշոցին։
Աստվածային բարձրախոսը մեր ծիծաղը
փոխում է հեկեկոցի։

Ես դեռ չեմ վերադարձել երկիրս,
թափառում եմ արյանս բաց երակներով,
տեսնում հրդեհը հինավուրց հողի։

Ես դեռ չեմ վերադարձել,
եթե վերադառնամ` չեմ գտնի ինքս ինձ,
կտեսնեմ լռությունը սփռված Երկրի,
դռան ծանր փականքը գրանիտե,
թթենիների մետաքսը կանաչ,
որով հողը գործում է ծիսական իր հագուստը
և չունի փույթը ապրողի։

Շուշի քաղաքի ավերակների միջից
անթարթ նայող եղեռնի ծաղիկ,
սրբիր արցունքդ հույսի,
անմահության փշուրը համտեսելով։
Ես դեռ վերադառնում եմ Արցախ երկիրս,
թափառում արյանս բաց երակներով,
տեսնում հրդեհը հինավուրց հողի,
կտրուկ ճիչը արթնացող քաղաքների,
և թանձր սկիզբը միայնակ բաղեղի,
որ ստվեր է դառնում օրեցօր
և ծածկում սկիզբ ու ավարտ։







Tuesday, June 16, 2009

Արտեմ Հարությունյան (7)

Այսքան կուսակցություն ունեցող երկիրը,
պարզ է, մի օր հասնելու էր քավարան,
ուր սողացող բույսերը խրատ են կարդալու,
կանաչ ձեռքեր են հողից բարձրանալու,
որ ջնջեն ամոթը կեղծիքի,
սրբեն թռիչքը նախանձի, փոշու, ատելության,
և շոշափուկներն ամեն անցողիկի,
որով մենք հավերժն ենք կառուցում։
Իմ ջանքը չի վնասում ոչ մեկին,
Մերկ ներկայությունն է արևի
(հոգնած պատերի վրա քաղաքի)
ապացուցում այս ամենը,
իմ զգույշ բարեկամ։
Ես կո'չ եմ անում
միանանք Տագնապի կուսակցությանը.
նրա արյան մեջ
հոսում է օքսիդացած աղը զայրացած մոլիբդենի,
պղնձի, և մաքուր թռիչքը եթերացող աղավնու։

Monday, June 15, 2009

Արտեմ Հարությունյան (6)

Իսկ «Հջշ»֊ն («հարուստ ջիպածինների շարժում»)
միավորվել է կապիտալ ունեցող
«Ազնիվ ֆինանսական հզոր մաֆիա» կուսակցության հետ,
որի զավակները հարգելի պատճառներով միշտ
բացակայում են Հայաստանից,
Առանձնատներ են առնում Ֆլորիդայում կամ Լոս Անջելեսում.
նրանք լուսաբացին «օֆշոր» երազներ են տեսնում
Հայաստանի մասին և շտապում բանկ՝
«Ուեստերն Յունիոն», նաղդ փողը հաշվելու...
«Քարակոփ գլուխների միությունը» միավորվել է
«Անօգնական մարդկանց
միայն ֆրանսիական օծանելիք» միության հետ։
Ցուցակը վերջանում է հանկարծ կրակոցով, ու
ընկնող ծանր մարմինը, պարզվում է,
կուսակցություն չունի,
և իսկույն հանձնվեց կյանքը դարանակալող հողի
մաքրամաքուր կուսակցության ընդերքին,
ավելի ճշգրիտ «Աևահող կուսակցության»
(ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում Ձեզ) խոր փոսին։

Friday, May 29, 2009

Արտեմ Հարությունյան (5)

Հիմա բոլորն են ստեղծում Ազնիվ կուսակցություն,
վատագույն դեպքում Բարի Մինիստրություն։
«Ազգային դաշինք» կուսակցությունը խռնվել է
«Անցյալի դաշնության» հետ,
«Կատաղի կույսերի» «Շամիրամ» միությունը
միացել է «Կաթնամթերքի կայսրության»
և «Ներքին գործերի անբասիրության» միությունների հետ,
«Կույրերի միությունը»՝ «Տեսնողների հավկուրության»։
«Նոր ուղի» կուսակցությունը գլորվել ընկել է
«Հին ճառերի ջրաշխարհ»կուսակցության գիրկը
և ջրի տակ, հանկարծ կապվել
«Անցած-գնացած պարտիական շերեփուկների»
կուսակցության հետ և անգամ ջրասուզված,
քաղաքական պղպջակներ է
բաց թողնում, հուսալով գրավել ուշադրություն...
ԲՇԳ-ի խումբը միացել է «Անօթևանների կայտառ միության» հետ,
«Գերհզոր տենորների միությունը»՝
«Ձայնալար չունեցողների թշվառության» հետ,
«Գաղտնի թշվառների» հարուստ և հարգված միությունը՝
«Կեղծամի ակտիվ քաղաքականության» խմբին,
որ քաղաքացիներին ձրի բաժանում է շինծու գանգուրներ,
և դարն անցած ինդուլգենցիայի (սեփականաշնորհման)
հաստ կտրոններ, որով կարող ենք մուտք գործել
մեղսագործին սպասող քահանա֊քննիչի խոստովանախուց։
«Քաղաքացիական անհնազանդության» խումբը ձուլվել է
Լոս Անջելես ստրկության մեկնող էմիգրանտների վհատ խմբին։

Thursday, May 21, 2009

Արտեմ Հարությունյան (4)

Քաղաքական «Պորտապար պարողների» միությունը
«Անպորտալար կուսակցության» հետ է կցվել,
կոչում է ժողովրդին վայելեք կյանքը հիմնովին։
«Լիաբերան դեմոկրատները» «Անլիբերալ կոմունիստների»
կուսակցության ստնտու ձեռքն է համբուրում մութ միջանցքում
ինչ-որ սիմպոզիում, ուր ներկաներին սվինի ուղեկցությամբ են ներս բերում...
«Արժանապատիվ ապագա» կուսակցությունը միացել է
«Գաղտնի մեծապատիվ հարուստ մուրացկանների» միության հետ,
սա էլ իր հերթին խաղեր է խաղում
«Անարժանապատիվ անցյալ» կուսակցության խեղճերի հետ նրանց
համակենտրոնացման ճամբարում,
ուր արևի շողը մգլոտած է հանց քաղաքական առաջարկ...
Դառը ժամանակներ,
գաղտնի ու անտես փշալարի դեմ-դիմաց։

Հիմա ավելի շատ քաղաքական կուսակցություն կա,
քան բրդաթել։

«Հորինած երկիրը» գաղտնի հանդիպում է
«Անօրեն բարգավաճող մաֆիաների երկիր»
կուսակցության հետ,
նրանց համատեղ բանկետը ցույց տվեց
մերձեցման առողջ նշաններ,
և նոր բանկային կուսակցություն
«Խաբենք հիվանդ ժողովրդի ավանդատուներին» նշանաբանով։
Բանկետի վերջում սեղանի տապակած հավերը տուն տարան։
«Հայոց համազգային շարժումը» միավորվել է
«Միության և սովի» կուսակցության հետ,
միասին սովորեցնում են քաղաքացիներին,
կարդալ-հասկանալ ասես սուրբ տեքստ՝
քաղցը համատարած
(դա արժանիք է՝ ըստ նրանց)։

Իսկ այս կուսակցությունը կույր ձագի պես
չի տեսնում իր ապագան,
ուղեկցող շուն է պահում քաղաքական իր ճամբարում,
կերակրում նրան աղքատին հատկացված նպաստից,
նույն աղքատին խոստանալով առատ ապագա։
Այս մեկը նայում է միայն ներքև:

Wednesday, May 20, 2009

Արտեմ Հարությունյան (3)

Աշնան թաղապետական ժողովը
քշում է թուղթ դարձած տերևը նոր համագումար,
Անցած տարվա ընկած մարմինը
ելնում է գերեզմանից, ուղղվում,
դառնում նորելուկ ուրվական,
խոսում է իր մաղձը հողից էլ դառը,
պահանջում նրան սպասող
«Սևահողի խավար» կուսակցությունից
ամեն ինչում լինել իրատես
և արմատներին ձեռք չտալ...

Tuesday, May 19, 2009

Արտեմ Հարությունյան (2)

Հիմա կուսակցություն է ստեղծում ամեն ոք,
Ով ծնվելուց հետո կարճ ուղի է անցել
(մտոք, մարմնով, հոգով)
Ով ունի դաչա, ԲՄՎ, տնամերձ,
Բանկային կասկածելի հաշիվ,
Մի քանի լքված երեխա, փոքր-մեծ քրեական զանցանք,
Նաև պուտանկաներ, որոնց առջև, անկողնում,
մերկ մարմնի մոտիկությունից անկեղծանալով,
կիսում են իրենց քաղաքական տխեղծ ըղձանքը,
որի հիմքում նվաճենք քաղաքական իշխանությունը,
և հետո «թարմացնենք «մերսեդեսների» սեփական պարկը»:

Սրանք անգետ են կուսակցությունից,
չգիտեն ուր է տանում ծրագիրը մգլոտած,
գուցե ե՞տ, կառափնարան,
ուր միշտ դահիճ կա վառ ծպտյալ,
և ժողովուրդ հացի-մտրակի կրքից կքված,
բայց թամաշայի համար կազմ-պատրաստ։

Saturday, May 16, 2009

Արտեմ Հարությունյան

1
Հարգելի քաղաքացի, արու երկրի զավակ,
Ստեղծենք Տագնապի կուսակցություն,
որ հետո երկիրը չդառնա քաղաքական քարվանսարա։
Բայց դա հետո...
երբ սողոսկի օրը
ասես ներկած օձ
դեպի պայթյունը զայրույթի,
որ կքշի ամեն վարկած,
դեպի զիբիլի ամանը ճաքած,
հերվա ձյան պես սև, որդո'տած...