Showing posts with label Vahan Teryan. Show all posts
Showing posts with label Vahan Teryan. Show all posts

Wednesday, July 26, 2023

Վահան Տերյան: Իմ խաղաղ երեկոն է հիմա

Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…

Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ։



My Serene Evenfall by Vahan Teryan

It is my serene evenfall now,
Crepuscular, both sad and tender.
My heart will never forget you,
My pure, first dream.

Years, years will flow by,
All dreams will die –
I will preserve your image perfectly
In uncertain and bewildering days.

Suffering and brokenness and sorrow –
I have yet to see many dark days,
Let your name be a lighthouse for me
Against deceptive life and bitter death.


Translated by Luiza Ghazaryan

Tuesday, July 05, 2016

Վահան Տէրեան։ Թողէք…

Իմ գերեզմանին դուք չըմօտենաք,
Հարկաւոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Յանկարծ կը զարթնի ջերմ լալու փափաք,
Սիրտըս չի գտնի ոչ մի արտասուք։

Իմ գերեզմանը թող լինի հեռւում,
Ուր մահացել են շըշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռուի անանց լըռութիւն,
Թող ինձ չըյիշեն, թող ինձ մոռանան։

Իմ գերեզմանին դուք չըմօտենաք,
Թողէք, որ հանգչի իմ սիրտը յոգնած,
Թողէք, որ լինեմ հեռաւոր, մենակ,
Չըզգամ, որ կայ սէր, ե՛ւ ցընորք, ե՛ւ լա՛ց...

1904

Monday, July 04, 2016

Վահան Տէրեան։ Հրաժեշտի Խօսքերից


Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սըգաւոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ յավէտ.
Իմ ուղին միշտ մըթին, մենաւոր,
Կը գընամ իմ դժկամ ցավի հետ։

Իմ ճամբան անվախճան մի գիշեր,
Ինձ շոյող ո՛չ մի շող չի ժպտայ.
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ յիշեր,
Ինձ այդպէս, քըրոջ պէս մի՛ գըթա...

Յուսաբեկ, մութ ու մէգ թող լինի,
Իմ վերև թող արև չըխնդայ.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պէս մի՛ գըթա...

1905


Friday, April 11, 2014

Վահան Տէրեան։ Արեւածագ


Ես կանգնած եմ վայրի ժայռի կատարին, 
Բա՜րձր, բա՜րձր,— հեռաւոր ու մենաւոր. 
Այնտեղ, ցածում, դեռ նիրհում են դաշտ ու ձոր, 
Դեռ խաւար է այնտեղ՝ դաժան ու լռին։ 

Սակայն շուտով կատարներից հեռանիստ 
Արևն այնտեղ հուր կը թափէ և ոսկի, 
Եւ կը ցնծան դաշտերը՝ լուռ ու հանգիստ, 
Երկիրն անհուն կարօտ կեանքի և խօսքի։ 

Եւ դու կ՛երգես, զարթնած աշխարհ, իմ առաջ, 
Կ՛արձագանքես իմ ողջոյնին սիրառատ, 
Կը լսեմ ես դարձեալ աղմուկ ու շառաչ,
Ու կը սիրեմ հեքիաթային առօրեադ։ 

Լռութիւն է, մութ է այնտեղ, սակայն իմ 
Սրտում արդէն արշալոյս է՝ յարութի՜ւն.— 
Ողջո՜յն ձեզ մութ ուղիներում երկրային, 
Ւմ եղբայրնե՛ր, հեռուներում և բանտում... 

1912

Thursday, May 30, 2013

ՎԱՀԱՆ ՏԷՐԵԱՆ: Անդարձութիւն


Մենք բաժանուած ենք: Օրերի փոշին
Դեռ չի աղօտել քո դէմքը գունատ.
Բայց ես օտար եմ արդէն այն յուշին,
Ուր վեհ էր երազն ու բախտը ժլատ:

Սառն աչքերով եմ նայում ես հեռւում
Մեռած օրերիս ցնորքին հիմա.-
Ուրիշից լսած մի երգ է թւում,
Ու թէ՛ քաղցր է, բայց իմը չէ նա:

Մենք մնաս բարով չասինք իրարու,-
Ի՞նչ կարիք ի զուր տանջուել ու տանջել:
Մեզ կեանքը նետեց միմեանցից հեռու,
Եւ մենք չուզեցինք մէկմէկու կանչել:

Տարիներն անցան, եւ հին օրերին
Նայում եմ ահա անտարբեր սրտով,
Եւ որպէս գերին հլու իր բեռին,
Տանում եմ կեանքի օրերն անվըրդով:

Էլ ոչ մի կանչի ես ձայն չեմ տալիս
Ու եթէ յանկարծ խօսքերըդ հնչեն,
Եթէ տեսնեմ քեզ վերադառնալիս,-
Քեզ ինչպէ՞ս կանչեմ.- ես այն չե՛մ, այն չե՛մ:

(1911)

Friday, November 23, 2012

Jirayr Shahrimanyan - Five Songs after Vahan Teryan (2009)

The Armenian Poetry Project is proud to present five poems by Vahan Teryan set to

music by composer Jirayr Shahrimanyan who is a resident of Yerevan. 

Tatevik Movsesyan - soprano
Jirayr Shahrimanyan - piano
English translation by 

1 Խաղաղ գիշերով դու կգաս ինձ մոտ
Click to hear the audio: 

Խաղաղ գիշերով դու կըզաս ինձ մոտ,

Քնքուշ ձեռներըդ ես կրհամբուրեմ ,
Կըցրեմ կյանքի հուշերը ցավոտ
Ու հեքիաթային լույսեր կվառեմ...
Երկար մազերդ կարձակես ազատ,
Հիվանդ գլուխըդ կըդնես կրծքիս
Կըլինես քնքո՜ւշ, մոտի՜կ, հարազատ,—
Անուշ խոսքերով կըդյութես հոգիս...
Պայծառ աշխարհում կըլինենք մենակ,
Ցավ կյանքի մեռնող լույսերից խաբված,
Կերազենք անհուշ, անվերջ ու անհագ,—
Հեքիաթ աշխարհում առհավետ կապված...
1906-1907 
«Մթնշաղի անուրջներ»


2 Անջատման երգ

Click to hear the audio: 


Դու անհոգ նայեցիր իմ վրա 

Ու անցար քո խաղով կանացի.
Ես քեզնից դաոնացած հեռացա,
Ես քեզնից հեռացա ու լացի...
Ւմ հոգին ծովերում անծանոթ —
Մենավոր ու մոլոր մի նավակ,
Մատնեցի փոթորկին աղմկոտ,
Հուսաբեկ, թողած ղեկ ու թիակ...
Ինձ հեռվից լույս փարոս չի կանչում,
Չի ժպտում ինձ խաղաղ հանգրվան.
Միայն հողմն է տխուր շառաչում,
Անթափանց մեգ-մշուշ է միայն...



1905
«Մթնշաղի անուրջներ»



3 Հնչում է անվերջ աշնան թախիծով

Click to hear the audio: 


Հնչում է անվերջ աշնան թախիծով
Դաշնամուրն այնտեղ, պատի հետևում.
Հարազատ է ինձ այդ երգը հեծող —
Իմ անանց ցավով մեկն էլ է ցավում։
Աշնան տխրահեծ անձրևի նըման,
Անձրևի նըման լալիս են անվերջ
Այն հնչյունները մեղմ ու միաձայն՝
Պատի հետևում և իմ հոգու մեջ...

«Գիշեր և հուշեր»
1908-1911



4 Մարդոց ժխորը թողնեմ հեռանամ

Click to hear the audio: 


Մարդոց ժխորը թողնեմ հեռանամ,
Լիք-լցված սրտով նստեմ միայնակ,
Գրկեմ վարդերըս դալուկ, դժգունակ,—
Մեռնող վարդերըս փայփայեմ ու լամ։
Այս ցուրտ հյուսիսի թախծալի աշնան
Անձրևոտ օրվա մութ երկնքի տակ,
Ամայի դաշտում նստեմ միայնակ,—
Մեռնող հուշերըս փայփայեմ ու լամ...
Անծիր աշխարհի դժկամ ու դաժան
Ուղիների մեջ իմ սերը կորած
Էլ չըորոնեմ։ Մթնում մոլորված՝
Դառը խոհերըս գրկեմ, հեկեկամ,
Անվե՛րջ հեկեկամ...

«Գիշեր և հուշեր»
1908-1911


5 Հեռու երկրի լուսե հովտում
Click to hear the audio: 

Հեռու երկրի լուսե հովտում
Օրերն ուրիշ երգ են հյուսում.
Կյանքից հոգնած սիրտս տրտում
Այն երկիրն է միշտ երազում:
Խաղաղությունն այն հեռանիստ,
Ուր մի ուրիշ արևի փայլ
Ծավալում է անանց հանգիստ
Եվ խնդություն մի անայլայլ,
Մի խնդություն մաքուր և խոր,
Ե՛վ անեզերք և՛ անվախճան,
Ուր քո սիրտը որբ ու մոլոր
Գրկում է մի ոսկե շրջան:

1908
 «Մթնշաղի անուրջներ»
1903-1908

Վահան Տէրեան. Vahan Teryan. 

Tuesday, May 15, 2012

Վահան Տէրեէան: ՑՆՈՐՔ

Նա ունէր խորունկ երկնագոյն աչքեր
Քնքոյշ ու տրտում, որպէս իրիկուն.
Նա մի անծանօթ երկրի աղջիկ էր ,
Որ աղօթքի պէս ապրեց իմ հոգում:

Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,
Որպէս լուսնեակի ժպիտը տխուր.
Նա չունէր խոցող թովչանքը կնոջ.-
Նա մօնենում էր որպէս քաղցր քոյր...

Իմ յուշերի մէջ ամենից պայծառ,
Իմ լքուած սրտի մաքուր հանգրուան
Քո՜յր իմ , դու չկաս , քո՜յր իմ , դու մեռար,
Ու քեզ հետ հոգուս լոյսերը մեռան...

1904

Thursday, March 22, 2012

Վահան Տէրեան։ Վիհի եզերքին

Ունկնդիր եղա հողմի խենթ երգին,
— Անամոք ցավի սրտմաշո՜ւկ նվագ.
Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
— Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ...
Անվերջ մի ցավ է իմ սիրտը ճնշում,
— Ես մոռացել եմ արեւի ուղին.
Անուրջ օրերի լույսը չեմ հիշում,
— Ինձ ո՞վ է մատնել այս մառախուղին...
Ունկնդիր եղա հողմի խենթ երգին.
— Ես էլ եմ ուզում հեկեկալ անհագ.
Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
— Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ...

1904

Thursday, June 17, 2010

Վահան Տէրեան: [Լուսաբացին նա բարձրացաւ կախաղան]


Լուսաբացին նա բարձրացաւ կախաղան
(Արևածա'գ, օ~ , արշալոյս արիւնոտ)։
Կանգնած էին զինուորներն ու քահանան,
Գունատ ու լուռ կանգնած էին նրա մօտ,..



Ծեր քահանան ո՜չ մի աղօթք չէր յիշում
(Սիրտը նրան շշնջում էր՝ անիծի՜ր),
Լուսածագի ծիրանավառ մշուշում
Ցայտում էին ճաճանչները ցան ու ցիր...



Մռայլ սպան լուռ շրջում էր աջ ու ձախ
(Արդեոք յիշե՞ց նա իր մօրը հեռաւոր),
Գունատւում էր սև գիշերը և ուրախ
Արեգակն էր ոսկեզօծում սար ու ձոր...



Լուսաբացին նա բարձրացավ կախաղան
(Արևածա՛գ, օ՛, արշալոյս արիւնոտ),
Կանգնած էին զինուորներն ու քահանան,
Գունատ ու լուռ կանգնած էին նրա մոտ...

Sunday, February 14, 2010

Վահան Տէրեան։ Մթնշաղ

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամէն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամէն ինչ, խորհրդաւոր ու խոհուն,
Ցընորում է կապոյտ մութի աշխարհում…
Չըկայ ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դէմք սիրտ մաշող.-
Հիւանդ սիրտըդ չի տրտնջում, չի ցավում,
Որպէս երազ մոռացումի անձաւում.
Եւ թւում է, որ անեզր է ամէն ինչ -
Որ ողջ կեա՜նքդ է մի անսահման քաղցր նինջ…

Saturday, January 02, 2010

Վահան Տէրեան: Մշուշի միջից

Մշուշի միջից, - տեսի՜լ դիւթական,-
Բացւում է կրկին Նայիրին տրտում.
Ո՞ր երկրի սրտում թախիծ կայ այնքան,
Եւ այնքա՜ն ներում - ո՞ր երկրի սրտում…
Ո՞րտեղ են քարերն այնպէս վերամբարձ
Ձեռների նըման պարզուած երկընքին,
Ո՞րտեղ է աղօթքն այնպէս վեհ ու պարզ
Եւ զոհաբերումն այնպէս խնդագին…
Ո՞րտեղ է խոցում այնպէս չա՜ր ու խոր
Սի՛րտը մարդկային դաշոյնը քինոտ.
Ո՞րտեղ է հոգին այնպէս վիրավոր,
Եւ անպարտ երկիրն այնպէ՜ս արիւնոտ…


Vahan Derian (1885-1920)

Friday, November 21, 2008

Վահան Տէրեան: ՄԻ՞ԹԵ ՎԵՐՋԻՆ ՊՈԵՏՆ ԵՄ ԵՍ

Մի՞թէ վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի.
Մա՞հն է արդեօք, թէ նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նայիրի:

Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսե՜ղ, քեզ եմ երազում,
Եւ հնչում է, որպէս աղօթք
Արքայական քո լեզուն:

Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եւ խոցում է — այրում.
Արդեօք բոցէ վարդե՞րդ են վառ.
Թե՞ վերքերն իմ հրահրուն:

Ահով ահա կանչում եմ քեզ,
Ցոլա, ցնորք Նայիրի.-
Մի՞թէ վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի ...


Վահան Տէրեան (1885-1920)

Thursday, September 11, 2008

Վահան Տէրեան։ Շշուկ ու Շրշիւն

Աշնան մշուշում շշուկ ու շրշիւն,
-- Բարտիներն են բաց պատուհանիս տակ --
Դու ես, որ դարձեալ թախիծով յիշում,
Կանչում ես նորից կարօտով յստակ։

Անտես ու յուշիկ իմ շուրջը շնջում
Եւ շշնջում ես, եւ անուշ շրշում,
Պայծառ տրտմութեամբ ինձ ես անրջում
Ու գաղտնի սիրով սիրում ու յիշում։

Ամպերը ճերմակ երամով անցան
Թռչունների պէս, - լուսեղէն երա՜զ, -
Դո՜ւ ես, որ դարձեալ ժպտացիր անձայն
Քո հեռու հեռուից, անյայտ ու անհաս։

Ջրերն են անվերջ միգում հեկեկում,
- Իմ սիրտն է լալիս կարօտով անհուն, -
Թւում է որ դու տխրութեամբ անքուն
Ինձ ես որոնում աղօտ աշխարհում։

Եւ ժպտում ես ինձ, ակնարկում քնքուշ
Ու գաղտնի սիրով սիրում ու յիշում,
Եւ շշնջում ես եւ շրշում անուշ,
Անտես ու յուշիկ իմ շուրջը շրջում։

Monday, March 03, 2008

Վահան Տէրեան: Ի՞նչ մնաց ինձ

Ի՞նչ մնաց ինձ
Ոսկյա մի ցանց,
Ուրիշ ոչինչ:
Մարգարտաշար յուշերի գանձ –
Ուրիշ ոչինչ:

Տրտում գիշեր և մենություն անօգնական,
Սիրտ կեղեքող կարոտ անանց - ուրիշ ոչինչ:

Երազներից իմ հրավառ մնաց փոշի,
Սին անուններ կորած կանանց – ուրիշ ոչինչ:

Ջինջ իմ հոգում մնաց մշուշ ծանր ու մթին,
Եվ իմ հոգում քամու կաղկանձ – ուրիշ ոչինչ:

Պարիր, քամի, այգում այս մերկ ոռնա ու լաց,
Տար, մի թողնի, քամի անսանձ –
Ոչինչ, ոչինչ…

Վահան Տէրեան

Saturday, April 07, 2007

Վահան Տէրեան: [Քո աչքերի դեմ]

Click to hear
Քո աչքերի դեմ read by Tamar Gasparyan-Chester.

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ,
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր:

Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ,
Եվ սիրում եմ քեզ և քեզ չգիտեմ:

Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.
Քո հոգու վրա կա մի վարագույր,
Ո՞վ ես դու, ո՞վ ես - բնավ չգիտեմ…

1904-1905
Վահան Տէրեան

Friday, March 30, 2007

Վահան Տէրեան: Մոռանալ...հեռանալ...

Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չսիրհել, չխորհել, չափսոսալ_
Հեռանա՜լ...
Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,
Գիշերում այս անշող
Արդյոք կա իրիկվա մոռացման,
Մոռացման ոսկե շող...
Մի վայրկյան ամենից հեռանալ,
Ամենին մոռանալ._
խավարում, ցավերում քարանալ
Մեն միայն...
Մռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չսիրհել, չտենչալ, չկանչել,
Հեռանա՜լ...

Վահան Տէրեան

Tuesday, March 06, 2007

Վահան Տէրեան: ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատուող աստղի նըման։

Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։

Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցաւ է անվերջ, մահո՜ւ կսկիծ...

Վահան Տէրեան

Sunday, June 11, 2006

Վահան Տէրեան: ԵՐԿՈՒ ՈՒՐՎԱԿԱՆ

Click to hear the poem You, I read by Narine Karamyan.

ԵՐԿՈՒ ՈՒՐՎԱԿԱՆ
գրեց' Վահան Տէրեան

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք,
- ես ու դու.
Ես էլ դու եմ` ես չըկամ...

Չըկան օրերն ահարկու,
Չըկա ժամ ու ժամանակ,
Ուրվական ենք մենք երկու
Միշտ իրար հետ,միշտ մենակ...

Մոռացել ենք անցյալում
Տրտունջք,թախիծ ու խավար.-
Մի ուրիշ լույս է ցոլում
Մեղմ ու անուշ
մեզ համար...

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյուական,
Մենք մենակ ենք-ես ու դու,
Ես էլ դու եմ` ես չըկամ...

Vahan Teryan 1885-1920