Վահան Տէրեան։ Շշուկ ու Շրշիւն
Աշնան մշուշում շշուկ ու շրշիւն,
-- Բարտիներն են բաց պատուհանիս տակ --
Դու ես, որ դարձեալ թախիծով յիշում,
Կանչում ես նորից կարօտով յստակ։
Անտես ու յուշիկ իմ շուրջը շնջում
Եւ շշնջում ես, եւ անուշ շրշում,
Պայծառ տրտմութեամբ ինձ ես անրջում
Ու գաղտնի սիրով սիրում ու յիշում։
Ամպերը ճերմակ երամով անցան
Թռչունների պէս, - լուսեղէն երա՜զ, -
Դո՜ւ ես, որ դարձեալ ժպտացիր անձայն
Քո հեռու հեռուից, անյայտ ու անհաս։
Ջրերն են անվերջ միգում հեկեկում,
- Իմ սիրտն է լալիս կարօտով անհուն, -
Թւում է որ դու տխրութեամբ անքուն
Ինձ ես որոնում աղօտ աշխարհում։
Եւ ժպտում ես ինձ, ակնարկում քնքուշ
Ու գաղտնի սիրով սիրում ու յիշում,
Եւ շշնջում ես եւ շրշում անուշ,
Անտես ու յուշիկ իմ շուրջը շրջում։
No comments:
Post a Comment