Showing posts with label Ashod Krashi. Show all posts
Showing posts with label Ashod Krashi. Show all posts

Tuesday, June 01, 2010

Centennial of Ashod Krashi

... Ես այսօր մեռայ հին անտառում,
Շուքերի ներքոյ կաղնենու հին,
Ինձ վրայ լացին բարակ առուն
Եւ բարակ խոտը ցօղն աչերին:
Ծառերը իրենց կանաչ ուսին
Աճիւնս առան, գետափ տարան,
Թաղեցին ինչպէս գունատ լուսին
Եւ հող ցանեցին հողիս վրայ:
Եկան հաւքերը արշալոյսին,
Երգեցին մի երգ այնպէ՜ս նրբին,
Բացուեց դռնակը իմ շիրիմի,
Եւ ես յարութիւն առայ կրկին:


Աշոտ Գրաշի (1910-1973)

Monday, May 10, 2010

Աշոտ Գրաշի։ ԲԱՐԻ ԱՐԱԳԻԼ

Ես ոչ անտուն եմ, ոչ էլ տարագիր,
Ունեմ հանգրուան, 
Ունեմ օթևան
Ազատ Հայրենիք, երջանիկ երկիր,

Բարով, արագիլ, բախտի արագիլ,
Արագիլ գարնան, 

Արագիլ ամրան,
Իմ տան մօտ ապրիր, բարի արագիլ,
Բոյն հիւսիր ծառին,
Բարտու կատարին։

Իմ մանուկների աստղերն են ցոլում
Լոյսով անթառամ,
Շողերով վառման,
Վշտերս դառան,ծաղիկներ փայլուն

Արագիլ, ինձ հետ գովերգիր
Եայլա ու վրան,
Հանդեր հոտեւան,
Արտեր, այգիներ, մանուշակ երկինք։

Բարով, արագիլ, բախտի արագիլ,
Արագիլ գարնան, 
Արագիլ ամրան,
Իմ տան մօտ ապրիր, բարի արագիլ,
Բոյն հիւսիր ծառին,
Բարտու կատարին։


Monday, June 22, 2009

Աշոտ Գրաշի։ [Եւ երբ գնում եմ ես օտարութիւն]

…Եւ երբ գնում եմ ես օտարութիւն,
Քնքշօրէն գրկած տանում եմ ինձ հետ,
Ձե՛զ, իմ հայրենի ա՜րտ ու արահե՜տ,
Եւ քե՜զ, կիրճերում հառաչող իմ գե՜տ։

Եւ երբ գնում եմ ես օտարութիւն,
Տանում եմ ինձ հետ՝ իմ թախծոտ սրտում,
Քե՜զ, մով մարգերում կորած մանկութի՜ւն,
Ձե՜զ, լեռնե՜ր քնած երկնի կապոյտում։

Եւ երբ գնում եմ ես օտարութիւն,
Մայրիկիս մի բուռ արցունքն եմ տանում,
Օտար ցրտի դէմ՝՝ մեր արեւն անհուն,
Երկրիս անունը՝ անմար մի անուն։

Wednesday, June 17, 2009

Աշոտ Գրաշի։ Իմ դարի որհներգը

Բարի լոյս բոլոր ժողովուրդներին
Եւ բարի գիշեր,
Բարի լոյս նրանց բիւր որդիներին
Եւ բարի գիշեր։

Բարի լոյս նրանց խաղաղ սրտերին
Եւ բարի գիշեր,
Բարի լոյս նրանց բարի մտքերին
Եւ բարի գիշեր։

Բարի լոյս նրանց ցանած արտերին
Եւ բարի գիշեր,
Բարի լոյս նրանց հնձած արտերին
Եւ բարի գիշեր։

Բարի լոյս նրանց երկրին
Եւ բարի գիշեր,
Բարի լոյս նրանց երկնին
Եւ բարի գիշեր։

Saturday, June 06, 2009

Աշոտ Գրաշի։ Հայաստան աշխարհ

Հայաստան աշխարհ դու մեր կարօտն ես, նոր կեանքով անմար,
Քո ճամփան հնում արնոտ ու քարոտ էր, դու ծաղկիր հիմա:
Ուր լինենք, յաւէտ մեր լոյս փարոսը, տունն է հայրենի,
Մաշտոցի հզօր լեզուն վառ յոյսն է ամէն մի հայի:

Փառքդ թռչում է, երգդ կանչում է, հողդ դարձրել ես ծով գանձ,
Սիրտդ կայտառ է, միտքդ պայծառ է, ազգ իմ փառապանծ:

Բարձրացնենք սիրով մեր սուրբ գաւաթը յանուն հայութեան,
Թող անմար պահի նա իր հաւատը հուր ու յավիտեան:
Ուր լինենք, յաւէտ մեր լոյս փարոսը, տունն է հայրենի,
Մաշտոցի հզօր լեզուն վառ յոյսն է ամէն մի հայի:

Փառքդ թռչում է, երգդ կանչում է, հողդ դարձրել ես ծով գանձ,
Սիրտդ կայտառ է, միտքդ պայծառ է, ազգ իմ փառապանծ: