Showing posts with label Sarmen. Show all posts
Showing posts with label Sarmen. Show all posts

Sunday, July 10, 2016

Սարմէն։ Ընկուզենին

Պապս մի օր պարտիզում տնկեց մի նոր ընկուզենի.
-- Ինձնից, --  ասաց, -- էս ծառը ձեզ թող յիշատակ-նուէր լինի…

Նորից գարնան զառ հաւքերն են եկել թառել մեր ծառերին,
Ծիծաղում են աղբիւրները, կանաչել է ընկուզենին։

Պապս վաղու՜ց հող է դարձել, պապ եմ դարձել ինքս հիմի,
Եւ թոռներիս հով է անում մի հինաւո՛ւրց ընկուզենի։


Saturday, July 09, 2016

Սարմէն։ Կտակը

Մահանում Էր բազմավաստակ բանաստեղծը ծերունին, 

Մահճի շուրջը բազմել էին երկրի մարդիկն անուանի,
Լռությունը այնքան խորն էր տիրակալում դահլիճում,
Որ լսւում էր, թէ նորատունկ վարդը ի՛նչպէս է շնչում:
Երկիրն արագ ըսպասում էր բանաստեղծի կտակին,
Բայց նա աչքերը անխօս փակեց ու համրացաւ մեծ հոգին…
Երբ տուն դարձան գերեզմանից, մարդիկ նրա բարձի տակ,
Գտան մի թուղթ՝ վըրան այսպէս ձեռագրուած մի կտակ,

«Երգ սիրեցէք կեանքից, գինուց, ամէն բանից աւելի.
Երգն է միակ բալասանը անդընդախոր ցաւերի.
Երգ հիւսեցէք, առանց երգի՝ վիշտն աշխարհը կ’աւերի»։

Wednesday, June 24, 2009

Սարմէն։ Մեռնող Արփին

Մեռնում է արփին
Մահճում երկնքի,
Բայց ճերմակ ամպին
Մաղում է ոսկի։

Ոսկի է մաղում
Դաշտին, անտառին,
Շողեր է շաղում
Սարին ու քարին։

Ասում է կարծես.
-- Մեռնելիս անգամ,
Աշխարհին թող ես
Վերջին ցոլքըս տամ։

Sunday, April 06, 2008

Սարմեն: ԽՆՋՈՒՅՔԻ ԵՐԳ

Խոսք` Սարմենի, երաժշտ. Կ. Զաքարյանի


Սեղանն է առատ,
Դիմացն` Արարատ,
Հնչում են երգեր
ՈՒրախ ու զվարթ.

Լցրե'ք, ընկերնե'ր,
Բաժակները լի,
Թող հայոց գինին
Մեզ անուշ լինի:

Փարք տանք Մայր Հողին,
Արևի շողին,
Գինի պարգևող
Հայոց խաղողին.

Լցրե'ք, ընկերնե'ր...

Փա'ռք տանք նոր կյանքին,
Հողի մշակին,
Որ միշտ կանաչեն
Մեր դաշտն ու այգին.

Լցրե'ք, ընկերնե'ր...

Գովե'նք դարեդար
Աշխատանքն արդար,
Մեր մեծ աշխարհի
Արևը պայծառ.

Լցրե'ք, ընկերնե'ր...

1945


Սարմեն (Արմենակ Սարգսյան) 1901-1984