Սերս լույս է, գույն չունի,
Սերս օր է, ձև չունի,
Սերս սիրուդ խմորումն է ,
Անսահման է, չափ չունի,
Արևածիր քո հոգին է,
Կշիռ անգամ սերս չունի,
Սերս ձեռքիդ նուրբ հպումն է,
Չունի հստակ հատկանիշ,
Սերս` միակ, անօրինակ,
Բացառում է հոմանիշ,
Սերս կարգի անկարգություն
Ու սահմանման հակասում է,
Հոգեպարար քո ձայնն է այն,
Որ անզորիս հակասում է,
Սերս լույսն է քո աչքերի,
Մայրամուտն ու այգաբացն է,
Մեր երկուսի պարզ բարդության
Հորինվածքն է,
Բարդ պարզության խիտ մանվածքն է,,.
Սերս` անզոր քո ջերմ գրկում,
Սիրուս թևով քեզ եմ գրկում
Ու հասկանում, որ աշխարհում
Գեթ ինձ համար ակնհայտը,
Ճիշտն ու լավը, բարին
Եվ կյանքում անհայտը
Քո անկշիռ ու անտեսակ
Հանելուկով վարակվելն է,
Անձև, անչափ, անօրինակ
Սիրուդ բուռն ելևէջով
Գայթակղվել- համակվելն է:
Ճիշտն ու բարին այս աշխարհում,
Բնակվում են քո աչքերում,
Եվ հոսում են ավիշիդ հետ,
Սիրտդ դարձնում ինձ առհավետ
Ձև ու չափի անհայտություն,
Տիեզերքի նոր հայտնություն:
Հիմա կասես` մի բուռ սիրտս` ի˜նչ տիեզերք,
Դա էլ պիտի պատասխանեմ.
Այն ինձ համար անչափելի օազիս է,
Եվ մեծ սիրո լայնատարած
Զմրուխտ եզերք:
Արուսյակ Օհանյան