Ալլա Ղազարյան: ՀԱՅԱՍՏԱՆ
Երբ ամպերդ են մագլցում,
Դեպի ժայռերդ մարդե,
Ու արևիդ շողերը
Երկնքի մովն են շոյում,
Խաղաղության մի վայրկյան
Արձանանում է իմ մեջ
Հզոր թևեր է առնում,
Հավերժաստան լռության,
Ու ձուլվում է կամքիդ հետ,
Ապրելու մե'ծ կամքիդ հետ:
Երբ հասկերիդ ջերմ ոսկին
Հայելու մեջ երկնքի
Արտացոլանք է առնում
Ու պատարագիդ ձայնն ահեղ
Դեպի երկինք բարձրանում,
Անտես մի ձեռք երկնքից
Կամրջվում է նրանց հետ,
Օրհնություն է տարածվում
Արշալույսիդ պես խաղաղ:
Երբ հիշում ես ցավդ հին,
Ծուխ է ելնում քարերից,
Բայց ելնում է նաև հույս,
Ելնում ողկույզ խաղողի,
Դառնում գինի սրբազան
Անմահության արբանքով
Օծում գալիքդ, ներկադ,
Ու անցյալդ Հայաստա'ն:
***
Ու իմ սիրո խոստովանությունը լուռ,
Որ անհաղորդ կմնա քո աղմուկներին,
Եթերի նման օդ է բարձրանում
Ու լուսացնցուղ առավոտների հետ,
Մի մարմին դառնում,
Ծավալվում է կույս հեռուների մեջ,
Ու պատարագի աղոթքի նման
Մի սուրբ լեզվակով իջնում է կրկին
Վշտից համրացած իմ շրթունքներին:
Ալլա Վազգենի Ղազարյան
Ծնվել եմ 1986 թ-ի փետրվարին, Լոռու հյուսիսային ծայրամասում` Տաշիրում: Ծնողներս սերում են Արևմտյան Հայաստանի գաղթականներից, ովքեր հայոց կոտորածի երջանիկներից են, ում հաջողվեց փրկվել:
Ինքս 1992-2002 թթ. ուսումնառել եմ Տաշիրի թիվ 2 միջնակարգ դպրոցում, որտեղ էլ անցել են պատանեկան անհոգ տարիներս: Ապա 2002 թ-ին ընդունվել եմ Երևանի Պետական Բժշկական համալսարան, որն ավարտել եմ 2008 թ-ին:
Բուհական տարիներին զուգահեռում եմ ուսումս և նախասիրություններս` գրականություն, բանասիրություն, և առհասարակ այն ամենը, ինչ ուղղված է մարդ ճանաչողությանը:
Հայրենիքն ինձ համար այն հազվադեպ հասկացությունն է, որն անկարող է ամփոփել իրենում ամբողջացված գաղափար, այն հավատքն է իմ, կամքն ու կորովը, ուստի…