Showing posts with label Herand Markarian. Show all posts
Showing posts with label Herand Markarian. Show all posts

Tuesday, July 28, 2026

ՀՐԱՆԴ Մ․ ՄԱՐԳԱՐԵԱՆ: ԽՈՐԱՆ․․․

 Ամէն արարած իր խորանն ունի․․․ 

Իսկ խորանը այդ 
          ո՛չ մայր տաճար է, 
          ո՛չ հուրի մեհեան, 
          ո՛չ սինիկոկ է, 
          եւ ոչ ալ մզկիթ, 
          կամ աղօթարան․․․ 
Հոն չկայ սկիհ, բագին, խնկաման…

Մարդ արարածը 
          այնտեղ չի՛ ծխեր խունկ բուրումնաւէտ։ 
Չի՛ վառեր կերոն 
          կամ հուր բագինի, 
Ո՛չ ալ կ՛աղօթէ սուրբերուն դաջուած…

Այդ խորանը վեհ մթութեամբ օծուած 
          սրբագոյն վայրն է իր ներքին ձայնին։ 
Միայն մէ՛կ հոգու համար է հիւսուած։ 
Իսկ ստեղծողը գլխագիր «Է»ն է 
          մարդուն մէջ բազմած․․․ 
Դո՛ւն ես՝ թէ՛ տէրը, թէ՛ ստեղծողը խորանին այդ սուրբ։ 
Դո՛ւն ես զայն կեանքի լուռ կանչին կոչած։ 
Դո՛ւն ես կեա՛նք տուած։ 
Լռութեանդ մէջ, 
          փակ կոպերուդ տակ պահուած գաղտնիքդ է, 
          տենչերդ հիւսուած, իղձերդ սրբացած․․․ 
Քո՛ւկդ է միայն․․․ 
Դուն ես օրհներգուն եւ երկրպագուն։ 
Ե՛ւ տէրը խոնարհ, ե՛ւ կենակիցը։

Ամէն մարդ, այո՛, իր խորանն ունի, 
          ի՛ր աշխարհն ունի 
          ․․․ գաղտնի աշխարհէն:

Խորանդ նրբին, հետդ ծնած է, 
          հետդ պիտ՛ մարի 
          առանց թմբուկի կամ զիլ շեփորի, 
          աշխարհէն հեռու, 
          մարդոցմէ հեռու. 
          միայն եսի՛դ հետ 
          լուռ ու մենակեաց․․․

խորանդ, քո՛ւկԴ է։ 
Ո՛չ ոք զայն տեսաւ 
          եւ քեզ հասկցաւ․․․ 
Ո’չ ոք զայն պիտի տեսնէ, 
          եւ քեզ․․․ հասկնայ․․․ 
Ան քու պարզ, խոնարհ լուռ անձութիւնդ* է 
          սուրբ Դունութիւնդ*, 
          այնպէս՝ 
          ինչպէս 
          Դ Ո՛Ւ Ն․․․ 
Ամէն մարդ, այո՛, 
          իր խոնարհ ու մութ 
          ինքնամփոփ եսի 
          սրբութեան սրբոց, 
          սուրբ խորան ունի․․․ 
Այդ խորանը սուրբ 
          ապաստարանն է՝ 
          անձոյթիդ* խոհուն, 
          խոհոյթիդ* վսեմ, 
          մարդոյթիդ* կանչին։ 
Ան՝ անձութեանդ* սրբութիւնն սրբոց 
          վառ տիեզերքն է։ 
Եւ այդ սրբութեան, 
          այդ մութ աշխարհի աստուածութեանը, 
          ԴՈ՜ՒՆ ես 
          Ե՛Ւ ՏԷՐԸ ԽՈՆԱՐՀ, 
          Ե՛Ւ ԵՐԿՐՊԱԳՈՒՆ, 
          Ե՛Ւ ԱՐԱՐԻ՛ՉԸ, 
          Ե՛Ւ՝ ԱՐԱՐԱ՛ԾԸ․․․ 
Ամէն արարած ՝ 
          իր անձէն ձուլուած, 
          ինքնութեան կանչի 
          ԱՆՁՈՅԹԻ* ԽՈՐԱՆ մ՛ունի խորհուրդի՝ 
          սրբագոյն մենաստանը իր իսկ գոյութեան, 
          որուն դռները փակ են, կղպուած բոլորին համար․․․ 
Այդ խորանը սուրբ ամբարտակ է կուռ 
          աշխարհի բոլո՛ր 
          հոսանքներուն դէմ․․․

ՀՐԱՆԴ Մ․ ՄԱՐԳԱՐԵԱՆ

Գրիգորեան տոմար- Օր՝ 17, Ամիս՝ Յուլիս, Ամ՝ 2026, ժամը՝ 9 ԿԱ։ 
Հայկեան տոմար- Օր՝ Երեզկան, Ամիս՝ Հրոտից, Յամի՝ ՏՇԺԸ, Ժամը՝ Առաւօտն։ 

*Աստղանշուած բառերը («Բառ-Խորհուրդ-Իմաստասիրութիւն» Մարգարեան եռաբեւեռ Բառակազմական Համակարգ)-էս են։ «Անձոյթ»ը, «Անձ» բառին խորհուրդն է, «Խոհոյթ»ը՝ «Խոհ»ին, «Մարդոյթ»ը՝ «Մարդ»ին։ «Անձութիւն»ը «Անձ»ին եւ «Դունութիւն»ը՝ «Դուն» բառերուն իմաստասիրութիւներն են։ Այս բառերը բառարաններուն մէջ մի փնտռէք։



Լոյս տեսած է ՏԱՐԲԵՐԱԿ21 կայքէջին մէջ

Sunday, November 10, 2024

Հրանդ Մ․ Մարգարեան: ԴԻԱԿՍ․․․

Այս առաւօտ,
դիակս գտան`
գլուխս խոնարհած ստեղնաշարին համակարգիչիս։
Հարուածէն՝ ճակտիս արեան հոսք մը մեղմ
տառերուն անզարդ երանգ էր տուած․․․
Արիւնս լերդացած․․․

Դիազննողը ըսաւ վճռօրէն․ «Մահը առտուայ մութին էր եկեր։
Սրտի կաթուած է ․․․»:


Յետոյ նայեցաւ համակարգիչի պաստառին ճերմակ,
Ուր տառ մը մինակ, որբի մը նման․
նստա՞ծ էր, կանգնա՞ծ, թէ լո՜ւռ խոնարհած․․․

Զարմացած հարցուց․ «Այս ի՞նչ է, արդեօք»։
Թոռներս ըսին․֊
«Հայերէն տառ է։ Չորս հազար տարուայ լեզուի մէկ հունչը»։
«Իսկ ի՞նչ տառ է այս», հարցուց ան նորէն։
«Հայերէն ՛ Հո ՛ն է», ըսին թոռներս գլուխնին հակած․․․

«Իր առանձնութեան անհուն պահուն մէջ,
ինչո՞ւ է ընտրած այս տառը ծուռլիկ։
Անուանատա՞ռն է», հարցուց բժիշկը։

֊«Չենք կարծեր», ըսին գլուխնին կախած իմ բալիկները՝ Կամքն ու Երազը։
«Անուանատառ չէ՛»։
Իրար նայեցան, զաաւակներս լուռ,
տխուր, գլխիկոր, ըսին շատ հանդարտ․
֊«Իր ներաշխարհի սրբութիւններու արձագանգներու պսակի զարդն է՝
– ՛ Հո ՛ն Հայաստա՛նն է՝ իր գոյութիւնը։
– Մարտնչող ՛Հ՛ա՛յն է։
– ՛ Հո ՛ ն Հայրենի՛քն է, իր կարմիր ՛Հ՛ո՛ղն է։
– Եւ այս բոլորով ՛ Հո ՛ ն ապրող, շնչող, իր ՛Հ՛այութի՛ւնն է»։
«Մեր հայրը», ըսին․
– ՛Հո ՛ տառով ծնաւ,
– ՛Հո ՛֊ով ապրեցաւ,
– ՛Հո ՛֊ով մահացաւ․․․»

Համակարգիչի պաստառին վրայ
՛ Հո ՛ տառր խոնարհ,
Որ գահակալն է սրբութիւններուն մեր գահնամակին,
Խաչուած, պարտասած, բազմիցս հրկիզուած,
Դարերու փոշին վրայէն նետեց,
Յարատեւութեան խորհուրդը հագաւ
Խոնարհութեան մէջ հպարտ, անկոտրուն,
Լռիկ ժպտեցաւ,
Եւ ձայնով մը մեղմ եւ անլսելի
Ըսաւ պատմութեան ալեկոծ ծովուն․
«Ես պիտի ապրիմ
Դարերու հեւքի յորձանուտին մէջ։
Յաւերժին ձգտող
Նաւարկող, անխոնջ ՛հ՛ոգիներուն մէջ,
՛հ՛ուրի կայծ մ՛ինչպէս,
՛հ՛ուրէն ալ անդին
՛Հ՛աւատքով կ՛ապրիմ»։

***

Իսկ դիակս լուռ
՛հո՛֊ի օծումով
Հանգիստ քնացաւ․․․


Published in Hairenik Weekly