Sunday, September 20, 2026

Ռուբէն Խաժակ: Թուղթէ Երեւան

Բառերու որսորդներն են դարձեալ,
որոնք ելած են թղթէ կապարճ պարպելու
այն լոյսին վրայ,
որ չեն կրնար հասկնալ։

Կը կարծեն,
թէ դիւրին է բունը խզել իր արմատէն,
թէ կարելի է անցեալը նետել դուրս՝
որպէս փտած քուրջ,
ու կանգնիլ մաքրուած հայելիներու առջեւ՝
անբիծ,
անյիշատակ,
պարապ։

«Վերջինը», կ՚ըսեն.
ջնջել հետքն իսկ,
մինչեւ որ այս երկինքին տակ
մնայ միայն իրենց անշունչ հնազանդութիւնը։
Ու դեղին մաղձը ափերով առած՝
կը շպրտեն վեր,
տիղմ նետելով այն աստղին,
որուն շողէն է գողցուած
իրենց իսկ ճրագը։

Իրենք՝
կը մնան իրենց սալարկուած մակերեսին,
կարծելով թէ փոշին է ամբողջ աշխարհը։

Ու երբ ժամանակի ծանր գլանը անցնի,
հողմերուն պիտի յանձնուի
իրենց աղմուկն ալ,
իրենց փուչ հրամաններն ալ։

Իսկ արմատը՝
պիտի շարունակէ շնչել։




Երեւան, 2026

Wednesday, September 16, 2026

Յովհաննէս Թումանեան: ՆՄԱՆՈՒԹԻՒՆ

Եթէ մի օր, անուշ ընկեր,
Գաս այցելու իմ շիրմին
Ու նորաբոյս վառ ծաղիկներ
Տեսնես փռուած չորս կողմին,

Դու չկարծես, թէ հասարակ
Ծաղիկներ են ոտքիդ տակ,
Կամ թէ գարունն է այն բերել,
Իմ նոր տունը զարդարել։

Նրանք չերգած իմ երգերն են,
Որ սրտումս ես տարայ,
Նրանք սիրոյ էն խօսքերն են,
Որ դեռ չասած ես մեռայ:




RESEMBLANCE



If one day, dear friend,
you come to visit my grave
and see new blazing blooms
spread around it,

Do not think these are common
flowers beneath your steps,
or spring has brought them
to adorn my new home.

These are my unsung ballads,
which I carried in my heart;
they are those words of love
that before uttering I died.

Hovhannes Tumanian, 1869-1923. Translated by Hratch Tchilingirian)


Monday, September 14, 2026

Նշան Պէշիկթաշլեան։ Կեանքիս Երգը

   Ունայնութեա՛մբ, դառնութեա՛մբ  ՝
   Օրըս կ'անցնի — գարնան ամպ ...
   Երազներո՛վ , պատրանքո՛վ
   Օրըս կ՚անցնի —  աշնան հով...
   Ու տաժանքով  անբարիք
   Օրըս կ՚անցնի —  փոթորի՜կ  ...
   Օր չը տեսայ . օրն  ա՞յս է...
   Ման ամէն  օր կըսպասէ ...

   Ապրի՛լ կ՚ուզեմ , խորանա՜լ ...,
   կուրծքի մը վրայ մոռանա՜լ ,
   Սիրե՜լ , սիրուի՛լ , լիանա՛լ ...։
   Աստուածներուն միանա՜լ  ...։
   Ծովակ,  լուսին, կոյս, նաւակ...
   Բերել մարգրիտ, աստղ ու նուագ։
   Ըսել . — «Առէ՛ք , գանձս ա՛յս է ,
   իսկ Մահն ինձ Թող ըսպասէ ...:»


     ՆՇԱՆ ՊԷՇԻԿԹԱՇԼԵԱՆ

 



Friday, September 04, 2026

Ռազմիկ Դաւոյեան: ՏԽՈՒՐ ԵՐԳ

Պիտի այսպէս նստեմ տխուր
իմ չգրած երգերի դէմ,
պիտի այսպէս նստեմ տխուր
իմ չբռնած ձեռքերի դէմ:

Պիտի նրանց հոգու համար
վառեմ մոմեր ոսկեդեղին,
պիտի թափեմ ծաղկաթերթեր
նրանց անոյշ ու տաք հողին:

Նրանց համար պիտի անծա՜յր,
մաքու՜ր, մաքու՜ր երկինք բանամ.-
այնքան պիտի յիշեմ նրանց,
որ Յուշն ապրի, Ես՝ մահանամ:

Յետոյ անցնեն անթիւ օրեր,
յիշեն այս Յուշն արարողիս,
յետոյ թաւիշ ծաղկաթերթեր
թափեն անոյշ ու տաք հողիս:


Ռազմիկ Դաւոյեան, 1940-2022


A SAD SONG


I shall sit in sorrow
Before the words I never wrote,
I shall sit in sorrow
Before the hands I never held.

I shall light yellow-gold candles
For the peace of their souls,
I shall scatter flower petals
Over their sweet and warm tombs.

I shall open an endless
Pure sky in their honor –
I shall think of them
Until the memory lives and I die.

And countless days later
I, the creator of this memory, shall be remembered,
Then, velvet flower petals shall be scattered
Upon my sweet and warm tomb.




Razmik Davoyan, 1940-2022
Translated by Armine Tamrazyan