Sunday, March 18, 2018
Monday, November 25, 2013
Աւետիք Իսահակեան: Բինկէօլ
Posted by Armenian Poetry Project at 11/25/2013 07:00:00 AM 0 comments
Labels: Armenia, Avetik Isahakyan
Monday, May 20, 2013
ԱՒԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԵԱՆ: Տարիներ Յետոյ Քեզ Տեսայ Նորից
Սիրտս արտասուեց, բայց ժպտացի ես,
Նոյն աղջիկն էիր` չքնաղ բոլորից,
Հոգուս մտերիմ, հարազատ այնպէ՛ս:
Աչքերդ մեղմով հանգչեցին վրաս,
Ես հպարտ ու վես անցայ քո մօտով.
Շուրջս ծածանուեց լուսեղէն երազ.
Եւ ետ նայեցի անզուսպ կարօտով:
Սուտ է, նազելիս, չի զատել երբեք,
Երբեք չի զատել մեզ կեանքը դաժան.
Քո՛յր իմ, ամոքիր սիրտս վշտաբեկ,
Տե՛ս քոնն եմ ես միշտ, քո՛ն եմ յաւիտեան:
Posted by Armenian Poetry Project at 5/20/2013 07:00:00 AM 0 comments
Labels: Armenia, Avetik Isahakyan
Wednesday, May 15, 2013
ԱՒԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԵԱՆ: Կտակ
Բախտի կռանը կամքն է թէեւ, բայց դիպուածն է տիրական:
Բայց դու խելքդ վրադ պահիր, ինչպէս պողպատ կուռ վահան:
Ատելու չափ սիրիր մարդկանց, բայց լաւութիւն միշտ արա:
Իսկ նեղ օրում ընկերներին ոչ որոնիր, ոչ կանչիր:
Զուարթ եղիր, ու այդպիսով բախտի վրայ կը խնդաս:
Անզղջալի առաջ գնա, ինչ որ լինի, թող լինի:
Որ չիմանան, մարդիկ չգան` շիրմիս քարը գողանան:
Posted by Armenian Poetry Project at 5/15/2013 07:00:00 AM 0 comments
Labels: Armenia, Avetik Isahakyan
Thursday, May 27, 2010
Աւետիք Իսահակեան: Որտե՞ղ է Ընկած
Որտե՞ղ է ընկած
Այն քարը հիմի,
Որ հողիս վրայ
Շիրիմ պիտ լինի։
Իմ թափառ կեանքում,
Մարդ ի՞նչ իմանայ,
Չե՞մ նստել, թափծել
Այդ քարի վրայ…
Posted by Armenian Poetry Project at 5/27/2010 07:00:00 AM 0 comments
Labels: Armenia, Avetik Isahakyan
Tuesday, June 23, 2009
Աւետիք Իսահակեան: Պոմպէյի մէջ
Ինչպէս իմ հոգին՝ անյոյս ու խաւար,
Անհունութեան մէջ՝ մռայլ, անսահման,
Գուղձն այս հողեղէն -- երկիրը թշուառ,
Եւ աննպատակ, անդուլ, անկայան,
Ի՞նչ է թափառում, ո՞ւր է թռչում նա,
Որպէս կոյր թռչուն անդունդի վրայ…
Դո՛ւ, արեան անօթ, սարսաթի հովի՛տ,
Ուր կեանքն է կեանքի անունդ հանապազ,
Ատում եմ ես քո խորհուրդը դժմիտ։
Եւ գիտեմ՝ մի օր պիտի չքանաս,
Ինչպէս մի երազ՝ չծնուած բնաւ,
Բեկուի՛ր իսկ այսօր, ո՜վ ոճրաբեռ նաւ։
Ո՜վ ունայն գաղտնիք, ստեղծո՛ղ անգութ.
Որ շինում ես միշտ՝ քանդելու նորից
Ծիր-կաթինները, անհունները մութ, -
Դու չե՛ս գերազանց իմ խեղճ հիւլէից։
Ես՝ սիրտ զգացող, ես՝ խորհող ոգի,
Դու մինչդեռ՝ յորձանք անմիտ տարերքի։
Եւ հիմա ղանր վրէժովդ հսկայ
Իջել ես, կքել ուսերիս վրայ…
Posted by Armenian Poetry Project at 6/23/2009 07:00:00 AM 0 comments
Labels: Armenia, Avetik Isahakyan
Thursday, October 02, 2008
Աւետիք Իսահակեան: ԱԲՈՒ-ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ
Հատուած Վիպերգէն
Եւ քարաւանը Աբու-Լալայի Արաբստանի մեծ անապատի
Դարպասների մօտ ծունկ իջաւ յոգնած…
Հորիզոնները հրդեհւում էին իրենց ամայի, ազատ ափերում,
Մութն հաւաքում էր քղանցքը թաւշեայ, բոցերով բոսոր երկինքն էր ծփում:
Եւ Աբու-Լալան նստեց մենաւոր` յակինթեայ ժայռին գլուխը յենած.
Հայեացքը սուզած դիւթական հեռուն, եւ հաշտ ու պայծառ, հոգին անդորրած:
-Ո՛հ, ի՜նչ ազատ եմ, անպարփակ ազատ, միթէ կարո՞ղ է այս մեծ Սահարան
Պարուրել, գրկել իր ծիրերի մէջ ազատութիւնըս` անհուն, անսահման:
Ո՛չ մի մարդկային աչք ինձ չի տեսնի, չի հասնի ո՛չ մի մարդկային բազուկ.
Ո՜վ ազատութիւն, դու դրախտային չքնաղ վարդերի լուսեղէն բուրմունք:
Քո պերճ վարդերով դո՛ւ պսակիր ինձ, վառի՛ր իմ հոգում ջահերդ հուրհրան.
Ո՛վ ազատութիւն, դու դրախտային լոյս-բլբուլների անմահ Ալ-Կորան:
Չքնաղ առապար, դու իմաստութեան ոսկեղէն աշխարհ, հազար ողջոյն քեզ,
Անարատ բադիէ, ուր մարդը մարդուն չի լլկել բնաւ, յար օրհնեալ լինես:
Տարածուի՛ր, անծիր, փռի՛ր աւազիդ դեղին ծովերը ազգերի վրայ,
Ծածկիր ողջ մարդկանց քէօշք ու խրճիթներ, գիւղ ու շահաստան, շուկայ ու կլայ:
Վիշապ հողմիդ հետ ազատութիւնը թող գահակալէ աշխարհը հանուր,
Եւ ոսկեվառէ վսեմ արեւը` ազատութիւնը աշխարհասփիւռ:
Հազար ու հազար հրաշալիքներով եւ հրաբորբոք հրապոյրներով
Շէմս-արեւն ելաւ` շքեղ լուսավառ, վարդքի, սնդուսի բիւր պարոյրներով:
Եւ վեհ արեւի ջահերի ներքոյ փռուեց, ծաւալուեց ծիրն անապատի,
Վառ-վառ հուրհրաց, ինչպէս տիտանեան հսկայ առիւծի ոսկեփառ մորթի:
-Սալա՛մ, քեզ, արե՛ւ, շիւքըդ բիւրաբիւր, դու Աստծուց հզօր, դու կեանքի աղբիւր,
Դու, իմ անմահ մայր, մայրական դու գիրկ, դու միակ բարի, դու միակ սուրբ, սուրբ:
Տիեզերական դու բաժակ անհուն` ոսկի արբեցման եւ երանութեան,
Դու հրճուանքի, հրապոյրների հրեղէն գինու դու անհուն ովկիան:
Տիեզերական հազարահանդէս դու մեծ խրախճանք, բարի՛ արեգակ,
Ահա իմ հոգին – մի ծարաւ բողբոջ, թափի՛ր նրա մէջ գինիդ անապակ:
Քո երջանկութեամբ, քո իմաստութեամբ, քո յաւերժութեամբ հարբեցրու ինձ,
Տո՛ւր ինձ անցեալի անզարթ մոռացում, լոյս անուրջներում քո բուրումնալից:
Հարբեցրո՛ւ ինձ, հարբեցրո՛ւ ինձ, քո անմահ գինով հարբեցրո՛ւ ինձ,
Մոռանամ մարդուն, սուտն ու մռայլը, մոռանամ յաւերժ չարիքն ու թախիծ:
Քո վսեմութեամբ հարբեցրո՛ւ ինձ, հարբեցրո՛ւ ինձ լոյս-հիացքներով,
Խաւալների դէմ անյաղթ-ախոյեան, գարունների մայր, ուրախութեան ծով:
Դու միակ բարի, դու միակ իմ սէր, դու միայն սո՛ւրբ, սուրբ, մայրակա՛ն դու գիրկ,
Դու յաւէտ գթոտ, մահը խորտակող, դու գերահրաշ, միակ գեղեցիկ:
Ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ, հրակոծ սիրով կիզիր, խոցիր ինձ,
Եւ ոսկեճաճանչ վարսերդ շքեղ փռիր ինձ վրայ, եւ գուրգուրիր ինձ:
Եւ արիւնոտիր իմ շրթունքները համբոյրիդ խայթով քո հրդեհակէզ,
Երջանկասփիւռ քո լոյս-գիրկը բաց, ես սիրաբորբոք թռչում եմ դէպ քեզ:
Եւ թող խլանան իմ ականջները` աղմուկն աշխարհի չլսեմ յաւէտ,
Յաւէտ կուրանամ աշխարհի համար, մարդկանց տեսնելու այլ չնայեմ ետ:
Դէպի արեւը դարեր ու դարեր, թռի՛ր, սլացի՛ր, ազնիւ քարաւան,
Նրա լուսեղէն, բոցեղէն գրկում, որ արեւանամ եւ յաւերժանամ:
Ո՛հ, իմ մայր-արեւ, քո ոսկեփրփուր ծիրանիդ շքեղ ձգի՛ր ուսերիս,
Որ ես յաղթական, լոյս փառքերիդ մէջ սրարբած սուրամ դէպի, դէպի քեզ:
Դու Աստծուց հզօր, դու միակ իմ սէր, դու միակ իմ մայր, մայրական դու գիրկ,
Դու միայն բարի, դու միայն սո՛ւրբ, սո՛րբ, դու գերահրաշ, միակ գեղեցիկ…
Աւետիք Իսահակեան
Posted by Armenian Poetry Project at 10/02/2008 07:00:00 AM 0 comments
Labels: Armenia, Avetik Isahakyan
Tuesday, September 16, 2008
Աւետիք Իսահակեան: Սի՜րտըս երկինք է…
-- Սի՜րտըս երկինք է…
Ամէն արարած
Աստղ ունի այնտեղ --
Գահ ունի այնտեղ։
-- Սի՜րտըս երկինք է…
Բո՜յր կու տայ ծաղկին,
Սէր կու տայ կոյսին,
Կեանք կու տայ անկեանք,
Չոր անապատին --
Ամայի սրտին --
-- Սի՜րտըս երկինք է…
Աւետիք Իսահակեան
Posted by Armenian Poetry Project at 9/16/2008 07:00:00 AM 0 comments
Labels: Armenia, Avetik Isahakyan
Friday, September 12, 2008
Աւետիք Իսահակեան: Ես երգիչ եմ
Ես երգիչ եմ -- երկնի թիթեռ,
Ես գանձ չունիմ -- լե՜ռ ու բե՜ռ.
Ես սիրում եմ ծաղիկ, աղջիկ, --
Ծաղկի բուրմունք, կոյսի սէր.
Ես սիրում եմ մրմունջ-տրտունջ,
Տանջուած սրտի երգ ու վէրք։
Աւետիք Իսահակեան
Posted by Armenian Poetry Project at 9/12/2008 07:00:00 AM 0 comments
Labels: Armenia, Avetik Isahakyan
Tuesday, July 22, 2008
Աւետիք Իսահակեան։ կը տեսնեմ ահա
Կը տեսնեմ ահա -- լուռ երեկոյին
Բարակ ծուխ կ՛ելնէ իմ հօր օճախէն.
Եւ ուռիներըս մարմանդ կ՛օրօրուին,
Ծըղրիթը կ՛երգէ անտես խորշերէն…
Մեղմ ճըրագի տակ նըստել է տըխուր,
Ծերունի մայրըս՝ մանկիկըս գըրկին --
Մուշ-մուշ քընել է մանկիկըս՝ անդորր,
Ու աղօթք կ՛անէ մայրիկըս՝ լըռին.
«Ամենէն առաջ թող ինքը հասնի՝
Ամէն հիւանդի, հեռու ճամբորդի.
Ամենէն յետոյ թող ինքը հասնի
Քե՛զ, իմ խեղճ որդի, իմ պանդուխտ որդի»։
Անուշ ծուխ կ՛ելնէ իմ հօր օճախէն,
Մայրըս կ՛աղօթէ՝ մանկիկըս գըրկին.
Ծըղրիթը կ՛երգէ անտես խորշերէն
Եւ ուռիներս մարմանդ՝ կ՛օրօրուին։
Posted by Armenian Poetry Project at 7/22/2008 07:00:00 AM 0 comments
Labels: Armenia, Avetik Isahakyan
Wednesday, February 28, 2007
Աւետիք Իսահակեան: Մեկը չեղավ
Մեկը չեղավ, որ իմանար վշտերս,
Քնքուշ ձեռքով դարման աներ վերքերիս.
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս,
Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս:
Կյանքս կտամ սրտից բխած համբույրին,
Ա՜խ, թէ մեկը ինձ հասկանա՜ր ու սիրե՜ր:
Ի՞նչ կա երկրում և՛ սրբազան, և՛ անգին,
Քան թէ զոհվել, քան թէ լինել անձնվեր:
Բայց ես կյանքում շա՛տ սիրեցի ու լացի, —
Մեկը չեղավ, որ ամոքեր վշտերս,
Սիրող սրտի ծարավ, ծարավ մնացի,
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս...
Աւետիք Իսահակեան
1875-1957
Posted by Armenian Poetry Project at 2/28/2007 12:20:00 PM 0 comments
Labels: Armenia, Avetik Isahakyan