ԱՒԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԵԱՆ: Կտակ
Սիրուն մանկիկ, ես գնում եմ, դու գալիս ես այս աշխարհ.
Ճշմարիտն ես փորձով գիտեմ, դու խօսքերս մի մոռանար:
Կեանքն է ամպի փախչող ստուեր, վայրկեանն է միշտ իրական,
Բախտի կռանը կամքն է թէեւ, բայց դիպուածն է տիրական:
Բախտի կռանը կամքն է թէեւ, բայց դիպուածն է տիրական:
Զգացմունքն է գերիշխանը, խելքը` նրա լոկ ծառան.
Բայց դու խելքդ վրադ պահիր, ինչպէս պողպատ կուռ վահան:
Բայց դու խելքդ վրադ պահիր, ինչպէս պողպատ կուռ վահան:
Մի հաւատար ստուերներին, յենուիր միայն դուն քեզ վրայ,
Ատելու չափ սիրիր մարդկանց, բայց լաւութիւն միշտ արա:
Ատելու չափ սիրիր մարդկանց, բայց լաւութիւն միշտ արա:
Եւ լայն օրում թէ ընկերներ, թէ բարեկամ ճանաչիր.
Իսկ նեղ օրում ընկերներին ոչ որոնիր, ոչ կանչիր:
Իսկ նեղ օրում ընկերներին ոչ որոնիր, ոչ կանչիր:
Խաղերով լի այս աշխարհում խաղդ եթէ տանուլ տաս,
Զուարթ եղիր, ու այդպիսով բախտի վրայ կը խնդաս:
Զուարթ եղիր, ու այդպիսով բախտի վրայ կը խնդաս:
Անվախ ու վեհ ղեկդ վարէ անծանօթին դէմ- դէմի.
Անզղջալի առաջ գնա, ինչ որ լինի, թող լինի:
Անզղջալի առաջ գնա, ինչ որ լինի, թող լինի:
Լսի՛ր տղաս, ինձ կը թաղես անյայտ մի տեղ, աննշան,
Որ չիմանան, մարդիկ չգան` շիրմիս քարը գողանան:
Որ չիմանան, մարդիկ չգան` շիրմիս քարը գողանան:
No comments:
Post a Comment