Showing posts with label Metakse. Show all posts
Showing posts with label Metakse. Show all posts

Thursday, March 05, 2015

Մետաքսէ: ԱՅՐԵՐ


Այրե՛ր, ինչո՞ւ էք մեզնից բողոքում,
Երբ մինչեւ հիմա դուք մարդավարի
Կանանց գուրգուրել չգիտէք կեանքում.
Կնոջ հանդերձանք հանելը նոյնպէս
Արուեստ է մի նուրբ…
Չէք կարողանում ձեր սիրած կանանց
Այնպէս հոլանել, որ փշաքաղուի,
Որ նա հուրհրայ, շիկանայ սրտում
Ու խենթացնի իր տղամարդուն…
Փորձե՞լ էք մի օր կնոջն հոլովել
Կոճակեղէնի արձակումներով, Օղակների դէմ` յարձակումներով,
Ականջօղերի շշնջումներով,
Վարսակալների խճողումներով,
Ցայգազգեստի ծաղկաքաղերով,
Քնքշանքով, խաղով…
Փորձե՞լ էք մի օր զգալ իսկապէս,
Թէ ձեր մատներով կիսահաղորդիչ
Ջերմութեան դիմաց ինչ է փոխանցւում
Կնոջ մարմնին, հոգուն նուաճած,
Երբ ձեր կրակը շաղ տուած դրսում`
Պարտականութեան պարտքով սպաննիչ
Գգւում էք նրանց,
Կայծի փոխարէն պահանջում հրդեհ…
Այրե՛ր մեր դարի,
Դուք մինչեւ հիմա դեռ մարդավարի
Չգիտէք գրկում կանանց հոլովել,
Սիրով շորորել,
Ձեզնով բոլորել չգիտէք կանանց:
Եւ մերկութեան մէջ այս մոլորակի
Կանայք կան` գալիս, գնում են գոցուած,
Ու չեն հասկանում` ձե՞ր զոհն են իրենք,

Թէ՞ ժամանակի…

Monday, August 11, 2014

Մահացել է բանաստեղծուհի Մետաքսեն (Մետաքսե Պողոսյան)

The Armenian Poetry Project regrets to inform its readers that on Sunday, August 10, 2014 poet and translator Medakse passed away in Yerevan at age 88.

Tuesday, December 31, 2013

ՄԵՏԱՔՍԷ: Նոր Տարուայ Գիշեր


Թէ աշխարհում փակ դռներ կան,
թող որ բացուեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդութեամբ
թող ներս մտնի այս գիշեր,
Թէ կան դատարկ, համր տներ`
մանկան ճիչով թող լցուեն,
Ով փնտռում է սրտանց մէկին`
յանկարծ գտնի այս գիշեր:
Թէ կան լացող, տխուր աչքեր,
թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն,
հրաշք ապրեն այս գիշեր:
Թէ կան սրտեր` չար նախանձով,
դառնան բարի ու ներող,
Եւ ուրիշի ուրախ կեանքով
խանդավառուեն այս գիշեր:
Թէ մոլորուած անցորդներ կան,
դարձի թող գան այս գիշեր,
սրբագործուած սիրով մտնեն
իրենց օջախն այս գիշեր,
Թէ կան բախտի փշոտ ճամբէք,
թող ծաղկունքով կանաչեն
ու երջանիկ սպասումով
բոլորն արբեն այս գիշեր…
Թէ աշխարհում պանդուխտներ կան,
թող տուն դառնան այս գիշեր,
հայրենական յաւերժութեամբ
ողջագուրուեն այս գիշեր:

Friday, June 07, 2013

ՄԵՏԱՔՍԷ: [Բաժանում կայ, որ արժէ իսկապէս]


Բաժանում կայ, որ արժէ իսկապէս,
Հազար միացում,
Ինչպէս քոնն հիմա, ուր կայ եւ զղջում,
Եւ խղճի մորմոք, եւ արցունք ու ցաւ.
Եւ տարիների կորուստ կայ հարկաւ…
Գնում ես որպէս հեռացող մի վիշտ,
Եւ ոչ թէ պանդուխտ,
Որն ունի միշտ էլ տունդարձի ճամբայ…
Գնում ես որպէս փրկութեան մի ուխտ,
Տանելով քեզ հետ թուլութեանդ ողջ
Կարողութիւնը,
Որ իւրացնել չկարողացայ,
Չկարողացայ տանել կանացի
Ուսերով յոգնած
Տուածդ հարուստ տառապանքների
Գանձերը աղքատ,
Ուր ափսոսանքի մի ոսկի չկայ…
Առ տար, տար քեզ հետ
Քո սիրուց շահած կուտակումներս,
Որ պատկերով լի յոյսեր են փշրած,
Փթթած յոյզեր են` մախաղներով լի
Ու քուրձեր` լցուած հաւատով դատարկ…
Տար քեզ հետ բարձած խեղճ տարիներիս
Վագոնները ձիգ,
Որ բերնեբերան լցուած են ցհագ
Յուսախաբութեամբ…
Ես գիտեմ, որ մեր ճակատագրում
Լաւատեսութեան ոչ մի շոքեքարշ
Չի շարժի տեղից այդ գնացքը բութ,
Քանզի շուռ կը գայ ուժասպառութեան
Երկաթգծերին
Ու կը կործանուի հիասթափութեամբ…
Առ տար, տար քեզ հետ բեռները սիրուդ,
Որ չհանգուցուեն կեանքիս վթարին,
Ու ծանրանալով աճիւնիս հոգուն
Այն աշխարհում սեղմ
Կտրեն շիրիմիս շունչը հողեղէն…
Տար սիրտս, առ տար,
Սէրն ունի հզօր նախազգացում,-
Բաժանումներ կան որ արժեն հազար
Մահ ու միացում…

Saturday, May 25, 2013

ՄԵՏԱՔՍԷ: ԳՆԱԼՈՒՑ ԱՌԱՋ


Ինչպէ՞ս թէ գնաս,
Կարծում ես հե՞շտ է խաչ քաշել վրաս,
Երբ մտել եմ քո ամէն բջիջի,
Հոգու, ոգու մէջ
Ու գոյութիւնն եմ դարձել քո անձի:
Ես այրւում եմ քո շիկացած արեան,
Ամէն հիւլէի բաղադրութեան
Ցոլացումների
Ու անդրադարձման արձագանգներում,
Քո հիւսուածքներում,
Նեարդաթելերի գործուածքների մէջ
Ես նուրբ հենքերի կապ եմ սրտամերձ…
Ինչպէ՞ս թէ գնաս,
Ախ դու չգիտես, չգիտես, հոգիս,
Որ քո մէջ վաղուց, դու վաղուց չկաս,
Ու չես իմանում, որ յաճախ անլուրջ
Երբ բորբոքւում ես, բռնկւում մէկէն,
Այդ ես եմ ներսից միամտօրէն
Հոգիդ փրփրում,
Երբ վրդովուում ես, տագնապից դողում,
Ես եմ քո ներսից քո դէմ բողոքում,
Երբ գորովանք ես շաղ տալիս չորս դին,
Ես եմ քեզ ներսից շոյում մտերիմ,
Երբ ծիծաղում ես, հրճուանքից հարբում,
Ես եմ քո ներսից քեզ ծափահարում,
Իսկ երբ մզզում է ականջիդ ներսում
Վէրքի մի օղակ,
Այդ ես եմ հիւսում ցաւի եղանակ…
Ինչպէ՞ս թէ գնաս,
Դու այդ էութեամբ ու՞ր պիտի գնաս…
Երբ փորձի համար
Քո ներսում քեզնից երես եմ թեքում,
Դու տղամարդու կամքով քո տկար,
Կորչում ես իսկոյն ուրիշ գրկերում:
Երբ ետ եմ բերում
Շռայլանքներով փաղաքշանքիս,
Դու այդ կանանցից արդէն կշտացած
Զղջումների մէջ դառնում ես գերիս…
Ինչպէ՞ս թէ գնաս,
Դու չսերտեցի՞ր մեր կեանքում մի դաս,
Որ միայն մի տեղ,
Լոկ միայն մի տեղ ունես գնալու,
Այն էլ սուրբ հողիդ գիրկը իմացիր,
Եւ իմանալով, ինձ պէս դիմացիր,
Որ ես այն ափում թէկուզ եւ սառած,
Կը լինեմ կողքիդ,
Այնպէս որ հիմա գնալուց առաջ
Քեզ խաչակնքի՜ր…

Sunday, April 08, 2012

Մետաքսե: Մեր փողոցը

Click here for the audio recording of Medakse's Our Street  read by Lola Koundakjian.

Նշանավոր չի այս փողոցը մեր,
Ո՛չ իր անունով, ո՛չ տեսքով հարգի,
Չեն ապրում այստեղ մեծ գիտնականներ,
Չես էլ հանդիպի հուշատախտակի։
Ո՛չ հուշարձաններ, ոչ կոթողներ հին
Կգտնես դու մեր համեստ փողոցում,
Ո՛չ ծաղկի գորգեր, լույսեր՝ ասֆալտին՝
Կոճակների պես պայծառ, փայլփլուն...
Բայց սիրում եմ ես մեր փողոցը պարզ,
Որ թվում է ինձ ձգվող մի երազ,
Եվ շատրվանը, որ իր կյանքից գոհ
Վառվում է արծաթ, փխրուն կրակով:
Ես մեր դարավոր ծառերն եմ սիրում
Շրշյունով ներող եւ այնքան համառ,
Ու ցայտաղբյուրը մեր այս զովասուն,
Որ թանկ է ծարավ անցորդի համար...
Ախ, մեր փողոցի տները փոքրիկ
Ինչքան եմ տեսել երազում փոխված,
Նրանց տեղ ծնված պալատներ վերձիգ,
Կանաչ պուրակներ, մայթեր գրկաբաց։
Ինչքան եմ շրջել փողոցում մեր զով,
Մենակ թափառել, ցրելով մի վիշտ,
Գուրգուրել նրան իր այս ներկայով,
Ու գալիքներով ժպտացնել հանգիստ...

Բայց ամենից շատ եւ ամենից վեր
Ես մեր փողոցի մարդկանց եմ սիրում,
Սիրող զույգերին, մարդուն անընկեր,
Այս ձեռնափայտով քայլող ծերունուն:
Բոլորին գիտեմ, ճանաչում եմ ես,
Նրա՜նք չգիտեն ինչ են ինձ համար,
Ամեն առավոտ տեսնում եմ, ինչպես
Ելնում են տանից հույզի պես վարար։
Աշխատանքի են գնում օրվա հետ,
Տարված մտքերով, խոհերով խոսուն,
Մեկի ճակատն է տխրության մի բերդ
Մեկն՝ ամուսնու հետ իր խինդն է կիսում։
Պատանիներ ե վազում եռանդով,
Դպրոցականներ՝ կապած փողկապներ,
Եվ հասակն առած հայրեր անվրդով,
Մայրեր մանկան հետ, աղջիկներ ջահել։
Անցնում են, գնում դեմքերն ինձ ծանոթ
Ու թվում է, թե փողոցում նեղլիկ
Լոկ տրամվայն է անցնում ալարկոտ,
Պատուհանիս տակ ճչում անտեղի...
Անցնում են ժամեր, ու կեսորից անց
Տուն են շտապում մարդիկ անհամբեր,
Վերադառնում են վաստակով, հոգնած,
Աչքերում արդէն ուրիշ կրակներ։
Բոլորն էլ պարզ են, այնքան հասարակ,
Ո՛չ նշանավոր, մեր փողոցի պես,
Եվ սրտեր ունեն ազնիվ ու շիտակ,
Որ բաց է քո դեմ՝ մեր փողոցը ինչպես:
Նշանավոր չի այս փողոցը մեր
Ոչ իր անունով, ոչ տեսքով հարգի,
Չեն ապրում այստեղ մեծ գիտնականներ...
Բայց հենց այստե՛ղ է ակունքն իմ երգի։

1960


Մետաքսե, Ուրիշի արցունքները: ՀայպետՀրատ, Երեւան, 1963

Friday, April 06, 2012

Գիրք մը, հեղինակ մը՝ Մետաքսե: Ուրիշի արցունքները

Քո ականջին ոչի՜նչ, ոչի՜նչ չեմ շշնջա,
Թեկուզ սիրտս դառնա սիրո անմար մի ջահ...

Քո ականջին, ոչի՜նչ, ոչի՜նչ չեմ մրմնջա,
Թեկուզ սիրտս տառապանքով ինձ լուռ խղճա...

Քո ականջին ոչի՜նչ, ոչի՜նչ չեմ փսփսա,
Թեկուզ լինի սիրուս վերջին արցունքը սա...

1960

Մետաքսե, Ուրիշի արցունքները: ՀայպետՀրատ, Երեւան, 1963

Thursday, April 05, 2012

Մետաքսե։ Գաղտնիք չի մնում

Լվացքդ սիրուդ նման փոքրացել, դարձել է մի բուռ,

Եվ սի՛րտդ է տաշտիդ նման փոքրացել,
Դու թաքցնում ես խնամքով, իմ քույր,
Բայց ինձ հավատա՛,
Որ ես քո փռած լվացքներից եմ միայն զգացել,
Որ տանդ վաղուց տղամարդ չկա...
Ամեն տան լվացք ունի յուրովի կենսագրություն,
Որին նայելիս զգում ես իսկույն,
Թե ինչ մարդիկ են ապրում այդ տան մեջ,
Ի՞նչ ճաշակ ունեն,
Ունեն ի՞նչ տարիք եւ անգամ ի՞նչ սեռ...
Ձեր պատշգամբից ձգվող պարանին
Չես փռում արդեն դու տղամարդու վերնաշապիկներ,
Տնազգեստներ, տաբատ չես փռում,
Ու նայողներին լվացքդ անքեն
Մատնում է, ավա՜ղ, այրիանալուդ
Տիրությունն անտեր...
Ամրակալների փայտե մատները սիրտդ կսմթում,
Ցավով են սեղմում ապրածիդ թերին,
Քամին մարում է ճերմակեղենի լույսերը տրտում,
Նրանց փեշերով իրիկնամուտը ծեփում պատերին:
Ննջազգեստդ փաղաքշանքի կորստից սմքել,
Կառչել է ահա Օրերին կապող միակ պարանից,
Զեփյուռը կռվում քղանցքը նախշող ծաղկանց հետ  գունատ,
Թերթիկների մեջ սփռում է թախիծ...
Շրջազգե՛ստդ, շրջազգե՛ստդ հողմից ցնորվել,
Մենավոր հովից խելագարվում է տանդ պարանին:
Ախ, հիմա ինչքա՛ն
Խելագարներ կան,
Որ բախտի քամուց իրենց կորցրել,
Խփվում են այսպես կյանքի պատերին…

Tuesday, January 27, 2009

Մետաքսե: Անվերնագիր

Բաժանում կա, որ արժե իսկապես,
Հազար միացում,
Ինչպես քոնն հիմա, ուր կա և զղջում,
Եվ խղճի մորմոք,և արցունք ու ցավ.
Եվ տարիների կորուստ կա հարկավ…
Գնում ես որպես հեռացող մի վիշտ,
Եվ ոչ թե պանդուխտ,
Որն ունի միշտ էլ տունդարձի ճամփա…
Գնում ես որպես փրկության մի ուխտ,
Տանելով քեզ հետ թուլությանդ ողջ
Կարողությունը,
Որ յուրացնել չկարողացա,
Չկարողացա տանել կանացի
Ուսերով հոգնած
Տվածդ հարուստ տառապանքների
Գանձերը աղքատ,
Ուր ափսոսանքի մի ոսկի չկա…
Առ տար, տար քեզ հետ
Քո սիրուց շահած կուտակումներս,
Որ պատկերով լի հույսեր են փշրած,
Փթթած հույզեր են՝ մախաղներով լի
Ու քուրձեր՝ լցված հավատով դատարկ…
Տար քեզ հետ բարձած խեղճ տարիներիս
Վագոնները ձիգ,
Որ բերնեբերան լցված են ցհագ
Հուսախաբությամբ…
Ես գիտեմ, որ մեր ճակատագրում
Լավատեսության ոչ մի շոքեքարշ
Չի շարժի տեղից այդ գնացքը բութ,
Քանզի շուռ կգա ուժասպառության
Երկաթգծերին
Ու կկործանվի հիասթափությամբ…
Առ տար, տար քեզ հետ բեռները սիրուդ,
Որ չհանգուցվեն կյանքիս վթարին,
Ու ծանրանալով աճյունիս հոգուն
Այն աշխարհում սեղմ
Կտրեն շիրիմիս շունչը հողեղեն…
Տար սիրտս, առ տար,
Սերն ունի հզոր նախազգացում,-
Բաժանումներ կան որ արժեն հազար
Մահ ու միացում…

Monday, January 26, 2009

Մետաքսե: Դատարկություն

Սիրտս դատարկվեց
Ոչ թե քո սիրուց, այլ իմ արյունից,
Որ սնուցում էր բջիջ առ բջիջ
Երկուսիս միջև տաքուկ մեծացած
Այն ջերմությունը, որն ուժ առնելով
Մեր կրակներից այնպես զորացավ,
Որ դարձավ հսկա սիրահարություն,
Բայց սեր ձդարձավ,
Որ հիմնավորեր մի մեծ գոյություն,
Այլ մնաց որպես հպանցիկ հրդեհ
Ու կամաց-կամաց մեզնից աննկատ
Երբ ներսից այրվեց,
Մոխրակույտ դարձավ,
Բերեց երկուսիս սիրո վթարի
Ծանր մի տարի…


Սիրտս դատարկվեց
Ոչ թե քո սիրուց, այլ իմ հավատից,
Որ թավալվում է դեռ մոխրակոլոլ
Հիասթափությամբ,
Ու նրա ամեն-ամեն մի բջիջ
Որպես անցյալի սպառված երազ
Դատարկ աչքի պես նայում է վրաս,
Ցավերով հիշում ինչպես մեր միջև
Տաքացավ այդ օձ ջերմությունը պաղ,
Ու փոխանակ սեր՝ լափող հուր դարձավ,
Ամենուր սփռեց մոխիր ու անթեղ,
Որ հետո այսպես գար ու անհոգի
Վերածվեր սիրո սառնամանիքի
Ու ցրտահարեր երկուսիս մեկտեղ…