Thursday, March 05, 2015

Մետաքսէ: ԱՅՐԵՐ


Այրե՛ր, ինչո՞ւ էք մեզնից բողոքում,
Երբ մինչեւ հիմա դուք մարդավարի
Կանանց գուրգուրել չգիտէք կեանքում.
Կնոջ հանդերձանք հանելը նոյնպէս
Արուեստ է մի նուրբ…
Չէք կարողանում ձեր սիրած կանանց
Այնպէս հոլանել, որ փշաքաղուի,
Որ նա հուրհրայ, շիկանայ սրտում
Ու խենթացնի իր տղամարդուն…
Փորձե՞լ էք մի օր կնոջն հոլովել
Կոճակեղէնի արձակումներով, Օղակների դէմ` յարձակումներով,
Ականջօղերի շշնջումներով,
Վարսակալների խճողումներով,
Ցայգազգեստի ծաղկաքաղերով,
Քնքշանքով, խաղով…
Փորձե՞լ էք մի օր զգալ իսկապէս,
Թէ ձեր մատներով կիսահաղորդիչ
Ջերմութեան դիմաց ինչ է փոխանցւում
Կնոջ մարմնին, հոգուն նուաճած,
Երբ ձեր կրակը շաղ տուած դրսում`
Պարտականութեան պարտքով սպաննիչ
Գգւում էք նրանց,
Կայծի փոխարէն պահանջում հրդեհ…
Այրե՛ր մեր դարի,
Դուք մինչեւ հիմա դեռ մարդավարի
Չգիտէք գրկում կանանց հոլովել,
Սիրով շորորել,
Ձեզնով բոլորել չգիտէք կանանց:
Եւ մերկութեան մէջ այս մոլորակի
Կանայք կան` գալիս, գնում են գոցուած,
Ու չեն հասկանում` ձե՞ր զոհն են իրենք,

Թէ՞ ժամանակի…

No comments: