Showing posts with label Avik Deirmenjian. Show all posts
Showing posts with label Avik Deirmenjian. Show all posts

Saturday, June 27, 2009

ԱՒԻԿ ԴԵԻՐՄԵՆՋԵԱՆ: Գարունը կը գայ…

Գարուն է գալիս, ամպերն են ցրւում,
Սառոյցը հալւում, օրերն են ծաղկում,
Սակայն ես ունեմ վիշտ ու հառաչանք,
Իմ նախնիների յուշերով արթուն։

Ծխում է խունկը՝ անբոց կրակւում,
Վճիտ արցունքով, աչքերս են լցւում,
Յուզմունք ծովացած, ցաւ ու ափսոսանք,
Այսօր իմ սրտում, խինդն է ցամաքում։

Իմ նախնիների տառապած հոգում,
Փլուած վանքերի անհուն ողբի տակ,
Ապրում է լոյսը, յոյսը հեռաւոր,
Անվախճանութեան անքուն թեւերով։

Դեռ ունեմ երկար ճամբայ անցնելու,
Անարդարութեան արահետներով,
Ճշտմարիտ երթով ու հաւատքով,
Իմ սուրբ պապերի արեան կանչերով։

Գարունը կը գայ, արեւ ծաղկունքով,
Իմ երազների գերող նազանքով,
Ինչպէս երկնքում սաւառնող արծիւ,
Կը ճախրեմ մեր հին լեռների միջով։


Աւիկ Դեիրմենջեան
Բոստոն

Monday, August 25, 2008

ԱՒԻԿ ԴԵԻՐՄԵՆՋԵԱՆ: ՊԱՏԵՐԱԶՄԻ ԹՇՈՒԱՌՈՒԹԻՒՆ

Մի խեղճ մայրիկ, անտուն մի կին,
Նստած տխուր, սառը քարին
Թշուառութեան գիրկը ընկած,
Նայում էր լուռ՝ անցորդներին։

Մուրում էր նա, պաղատանքով,
Ողորմութեան խղճուկ սենտեր,
Լաց էր լինում, օրն ի μուն,
Փողոցի մէջ, լքուած, անտէր։

Տապն ամառուայ, բուքը ձմռան,
Գիշերն անձրեւ, ցուրտը աշնան,
Հիւծւում էր նա՝ օրը օրին,
Հլու, գերի, իր չար բախտին։

Խամրեց կեանքը, խեղճ մայրիկի,
Երբ որ որդին, ընկաւ կռւում,
Ահեղ ցաւի ծանրությունից,
Վշտից դարձաւ՝ աղքատ, անտուն։

Մի խեղճ մայրիկ, թախծոտ մի կին,
Նստած տխուր, սառը քարին,
Զարմանքով էր, նայում չորս կողմ,
Թէ ով գցեց, քար՝ իր բախտին։

ԱՒԻԿ ԴԵԻՐՄԵՆՋԵԱՆ
Բոստոն