Sunday, April 08, 2012

Մետաքսե: Մեր փողոցը

Click here for the audio recording of Medakse's Our Street  read by Lola Koundakjian.

Նշանավոր չի այս փողոցը մեր,
Ո՛չ իր անունով, ո՛չ տեսքով հարգի,
Չեն ապրում այստեղ մեծ գիտնականներ,
Չես էլ հանդիպի հուշատախտակի։
Ո՛չ հուշարձաններ, ոչ կոթողներ հին
Կգտնես դու մեր համեստ փողոցում,
Ո՛չ ծաղկի գորգեր, լույսեր՝ ասֆալտին՝
Կոճակների պես պայծառ, փայլփլուն...
Բայց սիրում եմ ես մեր փողոցը պարզ,
Որ թվում է ինձ ձգվող մի երազ,
Եվ շատրվանը, որ իր կյանքից գոհ
Վառվում է արծաթ, փխրուն կրակով:
Ես մեր դարավոր ծառերն եմ սիրում
Շրշյունով ներող եւ այնքան համառ,
Ու ցայտաղբյուրը մեր այս զովասուն,
Որ թանկ է ծարավ անցորդի համար...
Ախ, մեր փողոցի տները փոքրիկ
Ինչքան եմ տեսել երազում փոխված,
Նրանց տեղ ծնված պալատներ վերձիգ,
Կանաչ պուրակներ, մայթեր գրկաբաց։
Ինչքան եմ շրջել փողոցում մեր զով,
Մենակ թափառել, ցրելով մի վիշտ,
Գուրգուրել նրան իր այս ներկայով,
Ու գալիքներով ժպտացնել հանգիստ...

Բայց ամենից շատ եւ ամենից վեր
Ես մեր փողոցի մարդկանց եմ սիրում,
Սիրող զույգերին, մարդուն անընկեր,
Այս ձեռնափայտով քայլող ծերունուն:
Բոլորին գիտեմ, ճանաչում եմ ես,
Նրա՜նք չգիտեն ինչ են ինձ համար,
Ամեն առավոտ տեսնում եմ, ինչպես
Ելնում են տանից հույզի պես վարար։
Աշխատանքի են գնում օրվա հետ,
Տարված մտքերով, խոհերով խոսուն,
Մեկի ճակատն է տխրության մի բերդ
Մեկն՝ ամուսնու հետ իր խինդն է կիսում։
Պատանիներ ե վազում եռանդով,
Դպրոցականներ՝ կապած փողկապներ,
Եվ հասակն առած հայրեր անվրդով,
Մայրեր մանկան հետ, աղջիկներ ջահել։
Անցնում են, գնում դեմքերն ինձ ծանոթ
Ու թվում է, թե փողոցում նեղլիկ
Լոկ տրամվայն է անցնում ալարկոտ,
Պատուհանիս տակ ճչում անտեղի...
Անցնում են ժամեր, ու կեսորից անց
Տուն են շտապում մարդիկ անհամբեր,
Վերադառնում են վաստակով, հոգնած,
Աչքերում արդէն ուրիշ կրակներ։
Բոլորն էլ պարզ են, այնքան հասարակ,
Ո՛չ նշանավոր, մեր փողոցի պես,
Եվ սրտեր ունեն ազնիվ ու շիտակ,
Որ բաց է քո դեմ՝ մեր փողոցը ինչպես:
Նշանավոր չի այս փողոցը մեր
Ոչ իր անունով, ոչ տեսքով հարգի,
Չեն ապրում այստեղ մեծ գիտնականներ...
Բայց հենց այստե՛ղ է ակունքն իմ երգի։

1960


Մետաքսե, Ուրիշի արցունքները: ՀայպետՀրատ, Երեւան, 1963

No comments: