Friday, April 13, 2012

Արմեն Շեկոյան։ ԲԱՌԵՐ

Սեր։ Հույս։Երազ։ Դարձյալ բառեր`

արցունքոտ ու անարձագանք։
Բառեր, դուք ինձ շատ եք վառել,
վառել ու դեռ չեք դառել կյանք։

Կյանք ասացի։ Նույնպես բառ է`
չարչարված ու անգիտակից.
բառ է` հին ու չուտվող - դա˜ռը.
դեռ վառված եմ իր ապտակից։

Վառված ասի. շատ լավ բառ է,
եթե կողքին գրես` լույսեր։
Որ ճոխանա իմ բարբառը,
ավելացնեմ նաեւ` հույս, սեր։

Սե՞ր ասացի. ա˜յ թե բառ է.
հորինել ու քաշվել են կողմ.
իր համար կա – անմեղ գառ է`
քանի քեզ չի դարձըրել հող։

հող ասացի. կարճ – հեշտ բառ է,
քանի դեռ չեն քեզնից խըլել.
գայլ, բորենի. նույնպես բառ են,
կամ էլ, ասենք, թեկուզ խըլեզ։

Հանգ կապեցի. գործիս անունն
այս է. կապել բառերն իրար:
Դեռ կարգին չեմ գըլուխ հանում,
բայց դըրել եմ կյանքըս գըրավ։


No comments: