Wednesday, April 11, 2012

Արմեն Շեկոյան։ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Նրանք գալիս են անկախ ու սիրուն,
բայց եթե պետք է` իջնում են ծունկի։
Նրանց պատկերն են տպում թերթերում`
բութ մատը հենած մտազբաղ քունքին։

Նրանցից ոմանց գրքերն են ծախվել,
պատճառ չիք` լալու եւ կամ խնդալու։
Շատ հետաքրքիր եւ ուրույն խալխ են`
մի քիչ միամիտ, մի քիչ մազալու։

Մեկն ազնվազարմ ցեղից է սերում,
երկրորդն ազատ է` լիրբ ու սանձարձակ,
երրորդը կոկիկ հանդերձ է սիրում
եւ փողկապով է ներխուժել արձակ։

Արտիստ է մեկը. խոսքով է ընկել
ու չի մասնակցել մրցույթին Կաննի։
Մյուսն ազգի ձեռը կրակն է ընկել,
սակայն չի լըքի, հովվություն կանի։

Մեկին մերժել են. աչքերն են սառած.
ասել են` գնա մի ուրիշ ճամփով։
Մյուսն արդեն իսպառ դասական դառած`
հանգավորում է զուտ աչքաչափով։

Մեկին մի ուրիշ ձեւով են ջրել.
ասել են` չունես դու ինքնուրույն ձայն։
Մյուսն ինքն իր մասին հոդված է գրել
ու բացատրել է իր պոեզիան։

Մեկը մի երրորդ ձեւով է քաշվել
ու պետհրատում գցել է կըռիվ։
Մյուսն իր հոնորարն ուզում է հաշվել,
բայց հանրահաշվից բոբիկ է լըրիվ։

Մեկը ճախրում է անտեր ու անտուն
ու ներկայանում` իբրեւ խեղկատակ։
Մյուսը տենչում է մի պստիկ պաշտոն,
որ չընկնի ոտի կամ ատամի տակ։

Նրանց ճամփաներն այստեղ են խաչվել։
Հասել, նայում են խեղճ ու զարմացած։
Մեկն ամեն անգամ ուզում է խաչվել,
բայց համոզելով իջեցնում են ցած։

Այս տեսարանը շատ ծանոթ է ձեզ։
Ծանոթ է, սակայն միշտ խիստ ցնցող է։
Ես նրանց մեջ եմ ու գիտեմ, որ ես
ե՛ւ այս խաչվողն եմ, ե՛ւ իջեցնողը։

Մեզանից ոմանց գրքերն են ծախվել.
պատճառ չիք` լալու եւ կամ մըզզալու։
Շատ հետաքրքիր եւ ուրույն խալխ ենք`
մի քիչ միամիտ, մի քիչ մազալու։

                                         Երեւան, մ.թ.ա.


No comments: