Saturday, May 25, 2013

ՄԵՏԱՔՍԷ: ԳՆԱԼՈՒՑ ԱՌԱՋ


Ինչպէ՞ս թէ գնաս,
Կարծում ես հե՞շտ է խաչ քաշել վրաս,
Երբ մտել եմ քո ամէն բջիջի,
Հոգու, ոգու մէջ
Ու գոյութիւնն եմ դարձել քո անձի:
Ես այրւում եմ քո շիկացած արեան,
Ամէն հիւլէի բաղադրութեան
Ցոլացումների
Ու անդրադարձման արձագանգներում,
Քո հիւսուածքներում,
Նեարդաթելերի գործուածքների մէջ
Ես նուրբ հենքերի կապ եմ սրտամերձ…
Ինչպէ՞ս թէ գնաս,
Ախ դու չգիտես, չգիտես, հոգիս,
Որ քո մէջ վաղուց, դու վաղուց չկաս,
Ու չես իմանում, որ յաճախ անլուրջ
Երբ բորբոքւում ես, բռնկւում մէկէն,
Այդ ես եմ ներսից միամտօրէն
Հոգիդ փրփրում,
Երբ վրդովուում ես, տագնապից դողում,
Ես եմ քո ներսից քո դէմ բողոքում,
Երբ գորովանք ես շաղ տալիս չորս դին,
Ես եմ քեզ ներսից շոյում մտերիմ,
Երբ ծիծաղում ես, հրճուանքից հարբում,
Ես եմ քո ներսից քեզ ծափահարում,
Իսկ երբ մզզում է ականջիդ ներսում
Վէրքի մի օղակ,
Այդ ես եմ հիւսում ցաւի եղանակ…
Ինչպէ՞ս թէ գնաս,
Դու այդ էութեամբ ու՞ր պիտի գնաս…
Երբ փորձի համար
Քո ներսում քեզնից երես եմ թեքում,
Դու տղամարդու կամքով քո տկար,
Կորչում ես իսկոյն ուրիշ գրկերում:
Երբ ետ եմ բերում
Շռայլանքներով փաղաքշանքիս,
Դու այդ կանանցից արդէն կշտացած
Զղջումների մէջ դառնում ես գերիս…
Ինչպէ՞ս թէ գնաս,
Դու չսերտեցի՞ր մեր կեանքում մի դաս,
Որ միայն մի տեղ,
Լոկ միայն մի տեղ ունես գնալու,
Այն էլ սուրբ հողիդ գիրկը իմացիր,
Եւ իմանալով, ինձ պէս դիմացիր,
Որ ես այն ափում թէկուզ եւ սառած,
Կը լինեմ կողքիդ,
Այնպէս որ հիմա գնալուց առաջ
Քեզ խաչակնքի՜ր…

No comments: