Անահիտ Պարսամեան։ Անի
Click to hear the audio clip Ani read by Lola Koundakjian
Եւ ես չեմ կարող
Քեզ շա՜տ մօտենալ,
Չեմ կարող հպուել
Շնչող քարերիդ,
Չեմ կարող բեկուած ճակատդ շոյել։
Մենք բաժանուած ենք ձորով ու գետով
Ճակատագրի թունաւոր նետով,
Անի,
Չարչարուած քո խոյակներից
Բարձրանում է վեր
Մի ցաւած աղօթք...
Այստեղ քամի եղաւ,
Ուժեղ քամի,
Փոշին նստեց նաեւ
Քո քարերին...
Այստեղ արեւն ելաւ
Շռայլ ու մեծ։
Քո վէրքերը, Անի,
Պատերդ օծեց։
Անի,
Երեկոն է
Իջնում ահա,
Քո ուսերի եւ մեր ցաւի վրայ։
Անահիտ Պարսամեան
No comments:
Post a Comment