Վահան Տէրեան: [Քո աչքերի դեմ]
Click to hear
Քո աչքերի դեմ read by Tamar Gasparyan-Chester.
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ,
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր:
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ,
Եվ սիրում եմ քեզ և քեզ չգիտեմ:
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.
Քո հոգու վրա կա մի վարագույր,
Ո՞վ ես դու, ո՞վ ես - բնավ չգիտեմ…
1904-1905
Վահան Տէրեան
No comments:
Post a Comment