Wednesday, April 18, 2007

Գուսան Շերամ: ԼԻՆԵՆՔ ԵՂԲԱՅՐՆԵՐ

Արի նվիրվենք անաչառ հոգով,
Վրեժով լեցուն հին շավղից ելնենք,
Դուրս գանք համերաշխ աննախանձ սրտով.
Պայծառ օրենքը բարձր վեհ պահենք:

Ռուսնե՛ր, հայե՛ր, վրաց՛ք, հույնե՛ր,
Աշխարհի բոլոր ազգեր զանազան,
Եվ դուք, հարևան պարսի՛կ եղբայրներ,
Լինենք գիտակից , փշրենք կույր շղթան:

Բոլորս ծնված՝ միակերպ մարդիկ,
Ուխտենք մեկմեկու սիրել հաստատուն,
Հերիք մեզ խաբեն Հուդայի որդիք,
Քանդեն, ավերեն երկիրն ու մեր տուն:

Պարգևեց աստված ամենայն բարիք,
Որ մենք վայելենք, ապրենք զերթ եղբայր,
Ուրեմն ինչո՞ւ միշտ գործել չարիք,
Նման նմանի զրկենք չարաչար:

Որքան կամենաս ՝ քո ազգդ սիրե,
Կուզես նվիրե ողջ կյանքդ, կայքդ,
Բայց օտարն էլ քեզ եղբայր համարե,
Զուր մի՛ նախանձիր, իզուր է ջանքդ:

Հերիք է ապրենք, եղբա՛յրք , կուրորեն,
Կորստյան շավղից փախչենք, ետ դառնանք,
Խուսափենք ընդմիշտ փորձանաց ձորեն,
Սերտ սրտով կապվենք, քեն ու ոխ մոռնանք:


1907

Գուսան Շերամ (1857 - 1938)

No comments: