Վահան Տէրեան։ Արեւածագ
Ես կանգնած եմ վայրի ժայռի կատարին,
Բա՜րձր, բա՜րձր,— հեռաւոր ու մենաւոր.
Այնտեղ, ցածում, դեռ նիրհում են դաշտ ու ձոր,
Դեռ խաւար է այնտեղ՝ դաժան ու լռին։
Սակայն շուտով կատարներից հեռանիստ
Արևն այնտեղ հուր կը թափէ և ոսկի,
Եւ կը ցնծան դաշտերը՝ լուռ ու հանգիստ,
Երկիրն անհուն կարօտ կեանքի և խօսքի։
Եւ դու կ՛երգես, զարթնած աշխարհ, իմ առաջ,
Կ՛արձագանքես իմ ողջոյնին սիրառատ,
Կը լսեմ ես դարձեալ աղմուկ ու շառաչ,
Ու կը սիրեմ հեքիաթային առօրեադ։
Լռութիւն է, մութ է այնտեղ, սակայն իմ
Սրտում արդէն արշալոյս է՝ յարութի՜ւն.—
Ողջո՜յն ձեզ մութ ուղիներում երկրային,
Ւմ եղբայրնե՛ր, հեռուներում և բանտում...
1912
No comments:
Post a Comment