Վահան Տէրեան։ Մթնշաղ
Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամէն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամէն ինչ, խորհրդաւոր ու խոհուն,
Ցընորում է կապոյտ մութի աշխարհում…
Չըկայ ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դէմք սիրտ մաշող.-
Հիւանդ սիրտըդ չի տրտնջում, չի ցավում,
Որպէս երազ մոռացումի անձաւում.
Եւ թւում է, որ անեզր է ամէն ինչ -
Որ ողջ կեա՜նքդ է մի անսահման քաղցր նինջ…
No comments:
Post a Comment