Ռաֆայէլ Պատկանեան: Արաքսի արտասուքը
Մայր Արաքսի ափերով
Քայլամոլոր գնում եմ,
Հին հին դարուց յիշատակ,
Ալեաց մէջը պըտրում եմ։
Բայց նոքա միշտ յեղյեղուկ,
Պղտոր ջրով եզերքին
Դարիւ-դարիւ խփելով
Փախչում էին լալագին։
«Արաքս, ինչո՞ւ ձկանց հետ
Պար չես բռնում մանկական,
Դու դեռ ծովը չհասած՝
Սըգաւոր ես ինձ նըման։
Ինչու՞ արցունք ցայտում են
Քու սէգ, հըպարտ աչերից.
Ինչու՞ արագ փախչում են
Այդ հարազատ ափերից»։
Մէջքը ուռցուց Արաքսը,
Փրփուր հանեց իւր տակից,
Ամպի նման գոռալով
Այսպէս խօսեց հատակից։
«Խիզա՜խ, անմի՜տ պատանի,
Նիրհս ինչու՞ դարեւոր
Վրդովում ես, նորոգում
Իմ ցաւերը բիւրաւոր։
Սիրելիի մահից յետ
Ե՞րբ ես տեսել, որ այրին,
Ոտքից գըլուխ պըճնուի
Իր զարդերով թանկագին։
Շքեղազարդ հարսի պէս,
Հազար ու բյուր պըչրանքով
Փախչում էի ափերէս։
Ո՞ր ջըրամօտ գեղերըս,
Ո՞րը իմ շէն քաղաքից,
Ո՞ր բերկրալի տեղերըս։
Այսպէս կը մնան պանդուխտ, -
Ինձ միշտ սգուոր կը տեսնէք.
Այս է անխաբ իմ սուրբ ուխտ․․․»
Յորձանք տուեց ահագին,
Օղակ օղակ, օձի պէս,
Առաջ սողաց մոլեգին։
No comments:
Post a Comment